Այսօր՝ մայիսի 29-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում տեղի ունեցավ Հայաստան-Ֆրանսիա՝ ի դեմս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Camp des Milles հիմնադրամի
(La Fondation du Camp des Milles – Mémoire et Éducation) և Բուշ դյու Ղոն դեպարտամենտի խորհրդի
(Le Conseil Départemental des Bouches-du-Rhône) , եռակողմ համագործակցության պայմանագրի ստորագրման արարողությունը:
Ֆրանսիական պատվիրակությունը Բուշ դյու Ղոն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ԷքսՄարսել մետրոպոլի նախագահ տիկին Մարտին Վասսալի գլխավորությամբ վաղ առավոտյան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, ինչպես նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:
Ֆրանսիական պատվիրակության կազմում էին
Camp des Milles հիմնադրամի տնօրեն Սիփղիեն Ֆոնվիելը, ֆրանսիացի քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ, բիզնեսի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի հայ համայնքի անդամներ, Երևանում ֆրանսիական դպրոցի սաներ և այլն:
Հյուրերը նախ տիկին Վասսալի ուղեկցությամբ եղան Հիշողության պուրակում, որտեղ վերջինս ջրեց իր կողմից 2016 թ. տնկված եղևնին, ապա այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ ու լռության րոպեով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Ֆրանսիական պատվիրակության անունից նաև ծաղկեպսակ դրվեց հուշահամալիրի մոտ:
ՀՀ ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, Հարություն Մարությանը, Մարտին Վասսալը ծանոթացան ֆրանսիական դպրոցի սաների հետ, նրանց շնորհակալություն հայտնեցին մասնակցության համար և լուսանկարվեցին Արարատ լեռա ֆոնին:
Այնուհետև, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ պայմանագրի ստորագրման արարողությունը: Ողջույնի խոսք ասեց ՀՑԹԻ տնօրենը, ապա ելույթ ունեցան և´ Բուշ դյու Ղոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասսալը, և´
Camp des Milles հիմնադրամի տնօրեն Սիփղիեն Ֆոնվիելը: Կողմերը չափազանց կարևոր համարեցին միջոցառման անցկացումն ու համագործակցության պայմանագրի ստորագրումը, ներկայացրեցին իրենց հաստատությունների հիմնական առաքելությունները և համագործակցության հատվող կետերը՝ թանգարանագիտություն և ցուցադրությունների մշակում, կրթություն և վերապատրաստում, հետազոտություն: Ըստ պայմանագրի, երկու տարվա ընթացքում պետք է նյութերի, ցուցադրությունների փոխանցում ու ցուցադրությունների համալրում տեղի ունենա կողմերի միջև: Camp des Milles թանգարան-հիմնադրամը կհամալրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերով.
Մենք շատ ենք կարևորում այս համագործակցության պայմանագիրը։ Այն եզակիներից մեկն է այն իմաստով, որ հնարավորություն է ստեղծվում համակենտրոնացման ճամբարի հենքի վրա գործող թանգարանի մշտական ցուցադրության մեջ ընդարձակել Հայոց ցեղասպանությանը նվիրված հատվածը։ Եվ որ ոչ պակաս կարևոր է՝ շատ այժմեական հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ՝ դիմադրությունը Ցեղասպանության տարիներին, մշակութային ցեղասպանություն, ցեղասպանության տարիների երեխաները։ Մեծապես կարևորվում են նաև ինտերակտիվ եղանակով տեղեկատվության փոխանցման մեթոդները, որոնց շուրջ նույնպես համագործակցության եզրեր են առաջարկվում։ Մարսելի տարածաշրջանում շուրջ 100 հազ. հայեր են բնակվում, որոնց զգալի մասը ցեղասպանությունը վերապրողների ժառանգներ են։ Համագործակցության պայմանագրի մի կետով էլ նախատեսվում է տեղեկատվության տրամադրում Հայության այդ հատվածի «կենսագրությունների» մասին, ինչն անհրաժեշտ է նաև ՀՑԹԻ-ին՝ մեր կողմից նախատեսված երկարաժամկետ ծրագրի՝ «Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների համակարգչային շտեմարանի» կենսագործման համար։ Համաձայնագիրն ունի կրթական հատված՝ դպրոցական բարձր տարիքի երեխաների ներգրավմամբ։ Այն գործելու է երկու տարի, սակայն մենք հույս ունենք, որ ժամանակ անց կկարողանանք երկարացնել պայմանագիրը՝ արդեն համագործակցության նոր եզրեր որոնելով»,-ասաց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:
Տիկին Վասսալ շնորհակալություն հայտնեց ՀՑԹԻ տնօրինությանը՝ ի դեմս տնօրեն Հարություն Մարությանի, միջոցառումը կազմակերպելու ու կարևորելու համար:
Պարոն Մարությանը հյուրերին հանձնեց հայ-ֆրանսիական պատմության ու բարեկամության հիմք հանդիսացող Մուսա լեռան փրկության տեսարաններով պատրաստված հուշանվերներ՝ տպագրված ապրիլի 24-ի հավաքված ծաղիկներից պատրաստված ձեռակերտ թղթի վրա, ՀՑԹԻ հրատարակություններ, Հայոց ցեղասպանության ու ընդհանուր պատմությանն առնչվող այլ հատորներ:
Ֆրանսիական կողմն իր հերթին հուշանվերներ հանձնեց պարոն Մարությանին:
Ստորագրման արարողությունից հետո, հյուրերն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր ցուցադրությունների հետ: Այցի ավարտին պարոն Ֆոնվիելը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: