29.06.2022
Հովհաննես Թումանյանի թանգարանում
«Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» նախագծի շրջանակում շուրջ երկու ամիս ցուցադրվեց հարյուրից ավել ցուցանմուշ` հայստանյան 32 թանգարանից և անհատական հավաքածուներից: Այդ ցուցադրությունում ներառված էր նաև Հայոց ցեղասպանությունը վերապրած Աղավնի Քարաջյանի սուրճի գավաթի պատմությունը: Հունիսի 3-ին ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը Հովհաննես Թումանյանի թանգարանում Աղավնի Քարաջյանի սուրճի բաժակի ու նրա անձնական պատմության միջոցով ներկայացրեց Բուրսայի նահանգի Սյոլոզ գյուղի մասին նախքան ցեղասպանությունը, ցեղասպանության ընթացքում, բռնագաղթն ու փրկության ճանապարհը՝ դեպի Բուլղարիա, ապա` հայրենադարձությունը դեպի Հայաստան:
Գավաթի տիրուհին՝ Աղավնի Քարաջյանը, ծնվել է Սյոլոզ գյուղում մոտավորապես 1890 թվականին։ Նախքան ցեղասպանությունը ամուսնացած է եղել և ունեցել է 3 անչափահաս երեխա։ Ամուսինը զորակոչվել է բանակ և սպանվել իր նման հազարավոր հայ տղամարդկանց հետ։ 1915 թ․ ամռանը, երբ սկսվել է գյուղի տեղահանությունը, Աղավնին իր երեխաների հետ ևս աքսորվել է։ Ցավոք, նրա երխաներից երկուսը, չդիմանալով աքսորի տառապանքներին, կարճ ժամանակ անց մահացել են։ Ցեղասպանությունից մազապուրծ Աղավնին իր միակ վերապրած զավակի՝ Սրապի հետ հայտնվել է ոմն մեծահարուստ մահմեդականի տանը, ում կողմից ենթարկվել է ոտնձգությունների։ Ապրելու մեծ ցանկությունն է, հավանաբար, ստիպել երիտասարդ կնոջը փախչել իր կեղեքիչից։
Փախուստի ժամանակ Աղավնին իր հետ վերցրել է նաև սուրճի մի բաժակ՝ հավանաբար փոքրիկ Սրապին ջուր խմացնելու համար։ Անցնելով բազմաթիվ փորձությունների միջով՝ 1921 թ․ նա որդու հետ լքել է Օսմանյան կայսրության տարածքը և հայտնվել Բուլղարիայում։ Այստեղ ամուսնացել է Սարգիս Քարաջյան անունուվ ցեղասպանությունը վերապրած հայի հետ և ունեցել երեք երեխա՝ Աննա, Հովհաննես և Սարգիս։ 1946 թ․ Քարաջյանների ընտանիքը հայրենադարձվել է Սովետական Հայաստան։
Սուրճի գավաթը Հայոց ցեղասպանության թանգարանին որպես նվիրատվություն հանձնել է Աղավնի Քարաջյանի թոռնուհու` Մարթա Վարդանյանի ամուսին Գրիգոր Ղուկասյանը 2005 թվականին: Վերջիններս ներկա էին Հովհաննես Թումանյանի թանգարանում կազմակերպված միջոցառմանը: