ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետԼի Սյեն Լունը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, որ ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:
Սինգապուրի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Սինգապուրի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան: ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ներկայացրեց թանգարանային ցուցադրությունը, Հայոց ցեղասպանության պատմության մանրամասները:
Փոխտնօրեն Աբրահամյանը շեշտադրումներ արեց նաև 19-20-րդ դարերում Սինգապուրում հայկական գաղթօջախի պատմությունից, մասնավորապես անդրադարձավ այնտեղ բնակվող հայերի աջակցությանն ինչպես 1890-ականների հայկական կոտորածների, այնպես էլ 1915 թ. ցեղասպանության հետևանքով կարիքավոր հայրենակիցներին: Սինգապուրի հայ համայնքը ի դեմս Սարգիս և Հակոբ Արաթունների տեղեկացված լինելով Օսմանյան կայսրությունում ապրող իրենց հայ եղբայրների կրած զրկանքների մասին, դրամական զգալի աջակցություն են ցուցաբերել նրանց օգնության կազմակերպման համար:
Այցի ավարտին վարչապետ Լի Սյեն Լունը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, իսկ ՀՑԹԻ տնօրենը Սինգապուրի առաջնորդին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ: