29.10.2022
Գերմանիայի «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ղեկավար, Օստալբի շրջանի նախկին նահանգապետ Կլաուս Պավելի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:
Պարոն Կլաուս Պավելը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Լուսինե Աբրահամյանը Գերմանիայից ժամանած հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Նրանք մեծ հետաքրքրությամբ լսեցին Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեության մասին:
Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Կլաուս Պավելը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այցի ավարտին հյուրերը եղան Հիշողության պուրակում, որտեղ տնկեցին արծաթափայլ եղևնի:
«Գթության խոհանոց» կառավարման կոմիտեն քսան տարուց ավելի բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։