29.11.2018
Նոյեմբերի 27-ին «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» վերնագրով ցուցադրություն է բացվել Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում: Ժամանակավոր ցուցադրությունը պատրաստվել էր դեռևս 2011թ.ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից, այնուհետև տրամադրվել էր Շվեդիայի հայկական ընկերակցությունների միությանը:
Ռիկսդագում բացված ցուցադրությունը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, ինչպես նաև Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին:
Ցուցադրության բացմանը ներկա էին խորհրդարականներ, դեսպաններ, Ստոկհոլմում հավատարմագրված դիվանագետներ, ինչպես նաև շվեդական հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ցուցադրությունը բաց կլինի մինչ 2018թ. դեկտեմբերի 20-ը:
Հարկ ենք համարում նշել, որ միևնույն թեմայով ցուցադրություն էր բացվել 2012թ. ապրիլին Ստոկհոլմի կենտրոնական կաթոլիկ տաճարում: Այս ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ ցուցադրություններ, որոնց հեղինակը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է, ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում: