29.11.2024
Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թեմայի կրթական հեռանկարները» խորագիրը կրող միջոցառումը: Հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար Ուրուգվայից իր ուսուցչի հետ Հայաստան էր ժամանել 17-ամյա Ռոմինա Ֆախարդոն, որի հեղինակած «Ճանաչման և լռության միջև» էսսեն հաղթող էր ճանաչվել Ուրուգվայի միջնակարգ դպրոցներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակում անցկացված շարադրությունների մրցույթում:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վազգեն Յակուբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա Էլոյանը, ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի կրթական բաժնի տնօրեն Խավիեր Փոլադյանը, ինչպես նաև Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի լեզուների քաղաքականության հարցերով տնօրեն Ալդո Ռոդրիգեսը։ Միջոցառմանը մասնակցում էին Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ:
Ներկաներին նախ ողջույնի խոսք հղեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը՝ շնորհակալություն հայտնելով Ուրուգվայից ժամանած հյուրերին և բարձր գնահատելով վերջիններիս կատարած աշխատանքը։ Նա կարևորեց, որ Հայոց ցեղասպանության մասին սովորում են, ոչ միայն աշխարհասփյուռ հայերը, այլ նաև օտարերկրացիները: Նա շեշտեց, որ այս առումով խորհրդանշական է, որ հենց Հայոց ցեղասպանությունը առաջինը ճանաչած Ուրուգվայը գործուն քայլեր է կատարում նաև Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ուղղությամբ:
Միջոցառմանն իր խոսքն ասաց նաև ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վազգեն Յակուբյանը, ով ևս կարևորեց միջոցառման անցկացումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և շեշտեց, որ Ուրուգվայի ՀԲԸՄ-ի մասնաճյուղը սերտորեն համագործակցում է Ուրուգվայի կրթության նախարարության հետ Հայոց ցեղասպանության դասավանդման և ճանաչելիության մեծացման ուղղությամբ, ապա ավելացրեց, որ երբ անարդարությունը հաղթում է, այն մշտապես հանգեցնում է նորանոր զոհերի, իսկ դրա լուծման ճանապարհն արդարության վերականգնումն է և այդ առումով մարդու իրավունքների և արդարության նկատմամբ Ուրուգվայի հանձնառությունը հիացմունքի է արժանի: Այնուհետև ելույթներով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա Էլոյանը, ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի կրթական բաժնի տնօրեն Խավիեր Փոլադյանն, ինչպես նաև Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի լեզուների քաղաքականության հարցերով տնօրեն Ալդո Ռոդրիգեսը: Վերջինս շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ մեծապես կարևորելով անցկացվող միջոցառման խորհուրդը։ Նա Ուրուգվայի կառավարության և կրթական համակարգի անունից նշեց, որ շատ հպարտ են այստեղ լինելու համար և ընդգծեց, որ լավագույն վայրը, որտեղ կարող էին ներկայացնել իրենց կատարած աշխատանքը հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է: Նա նշեց, որ Հայոց ցեղասպանությունը չեն դիտարկում որպես մի իրադարձություն, որը տեղի է ունեցել այլ ժողովրդի հետ, այլ դիտարկում են դժբախտություն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ապրում են իրենց հետ կողք կողքի և իրենց կյանքի մի մասն են:
Ողջույնի խոսքերից հետո 17-ամյա Ռոմինա Ֆախարդոն և նրա ուսուցիչ Մարի Կորալեսը մանրամասն ներկայացրին իրենց կատարած աշխատանքը և հաղթող ճանաչված էսսեի բովանդակությունը։ Չնայած իր երիտասարդ տարիքին Ռոմինան բավականին խորությամբ ուսումնասիրել էր թեման և պատրաստել հետաքրքիր ելույթ: Էսսեն ներկայացնելուց հետո 17-ամյա Ռոմինան սիրով պատասխանեց նաև հայ աշակերտների հարցերին:
Ամփոփելով միջոցառումը՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը շեշտեց, որ Հայոց ցեղասպանության և ընդհանրապես ցեղասպանությունների վերաբերյալ կրթությունը չափազանց կարևոր է դրանք կանխարգելեու տեսանկյունից, քանի որ այսօր էլ ականատես ենք լինում նման հանցագործության իրականացմանը, ինչպես օրինակ՝ Արցախում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և այլուր: Միջոցառման ավարտին ՀՑԹԻ տնօրենը գրքերի տեսքով նվերներ հանձնեց Ուրուգվայից ժամանած հյուրերին: