03.10.2023
Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության Քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Յաապ Ֆրեդերիկսի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը, ապա ավելացրեց, որ ինչպես 1890-ականներին, երբ հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը վստահվեց Օսմանյան կայսրությանը, որի արդյունքում, դրան հաջորդող Հայոց ցեղասպանության ընթացքում բռնի տեղահանվեց և սպանվեց 1,5 միլիոն հայ, միջազգային հանրությունը կրկին անգամ Ադրբեջանին վստահեց Արցախում բնակվող հայերի պաշտպանությունն ու երաշխիքները՝ անտեսելով ադրբեջանցիների կողմից հայերի բռնությունների, հալածանքների և բնաջնջման տևական պատմությունն ու ինստիտուցիոնալ մակարդակի վրա գտնվող հակահայկականությունը, որին հաջորդեց Արցախի հայերի բռնի տեղահանումն իրենց պատմական հայրենիքից։
Այցի ավարտին ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը տիկին Էրիկա Սխաուտենին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: