30.01.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերի շնորհիվ Հայաստան տեղափոխվեց և թանգարանին նվիրաբերվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկաբնակ հայ գերդաստանի ընտանեկան արխիվը:
Ամերիկաբնակ Սուսան Սոլակյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնեց իր մեծ ընտանիքի մեծ պատմությունը՝ հուշագրություններ, փաստաթղթեր, լուսանկարներ: Նա, իհարկե, վստահ է, որ իրենց ընտանեկան մասունքները հայտնվել են հոգատար ձեռքերում, իսկ նպատակը մեկն է՝ սերունդներին փոխանցել ամենակարևորը՝ հիշողությունը:
Ծնունդով Մեզրեից (Խարբերդի նահանգ) Թոմաս և Էսթեր Մկրտչյանների (Մկրտիչեաններ) ընտանեկան ավելի քան մեկդարյան պատմությունն՝ իրենց պատմական հայրենիքից բռնագաղթվելուց մինչև Միացյալ Նահանգներում բնակությունը հաստատելը, հարուստ է պատմագրական ճշգրիտ տեղեկություններով, ինչպես նաև պարզապես մարդկային կորստի ծանրագույն դրսևորումներով:
Ընտանեկան արխիվային նյութերը կարևոր սկզբնաղբյուր են Խարբերդի հայերի տեղահանության, կոտորածների՝ մասնավորապես գերմանացի պաշտոնյաների՝ թուրքերի մեղսակիցը և աջակիցը լինելու, հայ մտավորականության դաժան սպանության, կիրառված բռնության, ինչպես նաև գաղթականների դրության մասին:
Նյութերը մանրամասն կուսումնասիրվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողների կողմից և կներկայացվեն հանրությանը: