30.03.2015
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ տնօրինության մամուլի ասուլիսը:
Ասուլիսի առանցքային թեմաներն էին Հայոց ցեղասպանության թանգարանի վերաբացումը, 2015 թվականի ընթացքում կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը, Փարիզի քաղաքապետարանում բացվող ժամանակավոր ցուցադրությունը:
Թանգարանի նոր ցուցադրության տարածքը զբաղեցնելու է շուրջ 2500 քմ, որտեղ պետք է ամփոփվեն վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նյութերը: Դրանց մի մասը ներկայացվելու է տպագիր պաստառի, ինչպես նաև մուլտիմեդիայի ՝ պրոյեկտորների և հպումով աշխատող էկրանների տեսքով: Ներկա պահին ընթանում են թանգարանի դիզայնի վերջնական աշխատանքները:Ներկայացված կլինեն նաև բնօրինակ և եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլն:
Մոտ երկու շաբաթից կլինի առանձին ցուցադրություն հատուկ մամուլի ներկայացուցիչների համար:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն անդրադարձավ նաև աշխարհի տարբեր երկրներում բացվելիք ժամանակավոր ցուցադրություններին.
«Առաջիկայում երեք խոշորագույն ցուցահանդես է բացվելու Փարիզում, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում , Մեխիկոյում: Ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում բացվելու է «Հայաստան 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով ժամանակավոր ցուցահանդես, որը կգործի մինչև հուլիսի 4-ը:
Վստահ եմ, որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի եվրոպացիների շրջանում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուից այս ցուցադրության մեջ ընդգրկված է շուրջ 150 ցուցանմուշ, որոնց մեծ մասն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանից դուրս»,- ասաց Հայկ Դեմոյանը՝ ավելացնելով՝ Փարիզի ցուցադրությանն առաջին անգամ ներկայացվելու է նաև ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն:
ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը 2015 թվականի ընթացքում անցկացվող միջոցառումները մեջ առանձնացրեց և կարևորեց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողով, որը տեղի է ունենալու Երևանում հուլիսի 8-12: Գործում է նաև հատուկ կայքէր՝ նվիրված այս միջոցառմանը:
2015 թվականի ընթացքում ՀՑԹԻ կողմից կազմակերպվող միջոցառումների շարքում են ապրիլի 8-ին ՀԲԸՄ Ասպետների աջակցությամբ ժամանակավոր ցուցադրության բացում Լոս Անջելեսի Սկիրբալ (Skirball) մշակութային կենտրոնում, ապրիլի 10-ին Համագործակցության հուշագրի ստորագրում Լոս Անջելեսի Շոա հիմնադրամի հետ, ապրիլի 20-ին «Հայոց ցեղասպանությունը և ռուսական արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացում Մոսկվայի Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում և այլն: