30.04.2014
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ Լիդիցեի գեղեցիկ արվեստների միջազգային պատանեկան ցուցահանդեսի մրցանակների հանձման արարողությունը: ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը բարի գալուստ մաղթեց այցելուներին և նշեց, որ նրանք նոր ցուցադրության առաջին երեխա այցելուներն են: «Նորակառույց թանգարանում դպրոցական երեխաների համար հատուկ սենյակ է գործելու, որտեղ անցկացվելու են Հայոց ցեղասպանության պատմության դասընթացներ»,-նշեց Հ. Դեմոյանը:
Ըստ Հայաստանում Չեխիայի հանրապետության դեսպանատան ժամանակավոր պաշտոնակատար Պետեր Միկիսկայի, Հայաստանի Հանրապետության 34 դպրոցներ մասնակցել են մրցույթին, և նրանց մեկ երրորդն արժանացել է տարբեր մրցանակների, այդ թվում նաև գլխավոր մրցանակի՝ «Լիդիցեի վարդ» մեդալի:
Լիդիցեի գեղեցիկ արվեստների միջազգային պատանեկան ցուցահանդեսը հիմնվել է 1967 թ` ի հիշատակ Չեխական Լիդիցե գյուղում գերմանացի նացիստների կողմից սպանված և պատերազմի ընթացքում զոհված երեխաների:
Մրցույթը անցկացվում է 4-16 տարեկան մանկապարտեզի, մանկատների, դպրոցների և գեղագիտական զարգացման կենտրոնների երեխաների շրջանակներում, ինչպես Չեխիայում այնպես էլ նրա սահմաններից դուրս: