30.10.2019
Ալեքսանդրապոլում Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի «Սևերսկի» նախկին զորանոցի տարածքում գտնվող որբանոցի շուրջ 2000 հայ սանուհիները կանգնած են այնպիսի դասավորությամբ, որ կարելի է կարդալ «Ամե՛րիկա, շնորհակալ ենք» բառերը՝ ի նշան երախտագիտության ամերիկացի ժողովրդի և ԱՄՆ կառավարության: Գրության հետևում երևում է Նպաստամատույցի որբանոցի շենքերից մեկը` «Near East Relief» գրությամբ: Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի նախաձեռնությամբ այս և համանման այլ լուսանկարներով թողարկվեցին նաև փոստային բացիկներ:
Ալեքսանդրապոլի` մարդկության պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենամեծ որբանոցներում` Որբաքաղաքում, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի խնամքի ներքո էին գտնվում շուրջ 20.000 հայ որբեր, ովքեր ապաստան էին գտել «Սևերսկի», «Կազաչի պոստ» և «Պոլիգոններ» նախկին զինվորական ավաններում: «Սևերսկիի» իգական որբանոցներում ապրում էր 3000 որբ: Այստեղ նրանք օրական երեք անգամ սնունդ էին ստանում:
Նպաստամատույցը զբաղվում էր նաև նրանց մասնագիտական կրթությամբ և պարտավորություն էր ստանձնել աշխատանք փնտրելու որբանոցից հեռացողների համար՝նրանց տեղավորելով հուսալի ընտանիքներում, հետևելով նրանց ապրելակերպին:
Նպաստամատույցի աշխատակիցների մեծ մասը կամավորներ էին, իսկ որբերի խնամակալության ծախսերը հոգում էին ԱՄՆ տարբեր քաղաքներում կազմակերպված հանգանակություններից և նվիրատվություններից ստացված գումարների հաշվին:
«Փրկելով այս երեխաների կյանքը` մենք, ըստ էության, պատասխանատվություն ենք ստանձնել դաստիարակելու նրանց որպես քաղաքացի և հասցնելու ինքնապահովման: Ես սա համարում եմ մեր աշխատանքի կարևորագույն փուլերից մեկը»:
Ջ. Դ. Շիրման
Կանանց ակումբների ընդհանուր միավորման նախագահ
Լուսանկարի աղբյուրը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից