1920-1921 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին նվիրված «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» գիտաժողովի բացման արարողությանն օրհնության խոսք հղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան, արխիվի եւ թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը։ Նա կարևորեց գիտաժողովի հրավիրումն ու ընդգծեց, որ դեռևս 100 տարի առաջ մղված ինքնապաշտպանական մարտերն ընդհանրություններ ունեն Արցախի այսօրվա գոյամարտի հետ։ Թուխիկյանը համոզված նշեց հաղթանակի անխուսափելիության մասին՝ հաղթական տրամադրություն փոխանցելով զեկուցողներին և մասնակիցներին։
Զեկուցողներն ինչպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներն էին, այնպես էլ ներկայացնում էին ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության, հնագիտության և ազգագրության ինստիտուտները, Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական մանկավարժական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Բեյրութի Հայկազյան համալսարանը, Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտը, «Օրբելի» հետազոտական կենտրոնը։
Բացման խոսքով հանդես եկավ նաև Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ Եղիա Ճէրէճեանը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ողջունելով զեկուցողներին և հյուրերին, անպարտելի լավատեսությամբ ներկայացրեց «Ինքնապաշտպանական կռիվներ/գոյամարտեր. հարյուրամյա հեռավորության վրա և մեր օրերում» զեկուցումը, որը հետաքրքրություն և ոգևորություն առաջացրեց ներկաների մոտ։
Լիագումար նիստին (նախագահող` Հարություն Մարության) զեկուցեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս՝ Ռուբեն Սաֆրաստյանը (Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայոց Կիլիկիայի դեմ (1918-1919 թթ.)), ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր՝ Էդիկ Մինասյանը (Կիլիկիահայության ինքնապաշտպանական մարտերը 1920-1921 թթ. և դրանց մասնակից հայուհիները), Խ. Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի դոկտոր, պրոֆեսոր՝ Սամվել Պողոսյանը (Ռազմաքաղաքական իրավիճակը կիլիկիահայերի համար 1920 թ.), Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ պատվո դոկտոր` Եղիա Ճէրէճեանը (Նորահայտ փաստաթուղթ Հաճընի ինքնապաշտպանության մասին): Լիագումար նիստն ամփոփվեց հարցուպատասխանով և քննարկմամբ։
Գիտաժողովի Երկրորդ նիստին (Ջարդ, տարագրություն, «վերադարձ մնացորդաց», նախագահող՝ Սամվել Պողոսյան) զեկուցեցին ՀՑԹԻ հիմնադրամի Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Ռոբերտ Թաթոյանը (Կիլիկիահայության թվաքանակը Հայոց ցեղասպանության նախօրյակին (վիճակագրական աղբյուրների համադրության և վերլուծության փորձ)), Կոմիտաս ինստիտուտի ավագ հետազոտող Արա Մելգոնեանը (Հայերի վերադարձը Կիլիկիա 1919-1920 թթ.), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտ Մարինե Բեժանյանը (Հայկական լեգեոնի դերը կիլիկիահայության հայրենադարձությունը կազմակերպելու գործում), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը (Կիլիկիայում ինքնավարության հռչակման կազմակերպիչն ու ղեկավարը` Միհրան Տամատյան) հարգելի պատճառով չմասնակցեց գիտաժողովին։ Երկրորդ նիստը ևս ամփոփվեց երկարատև հարցուպատասխանով և քննարկմամբ, որից հետո գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով ինչպես Հայոց ցեղասպանության զոհերին, այնպես էլ Արցախի գոյամարտում հերոսաբար զոհված քաջ հայորդիներին։ Երրորդ և վերջին նիստը կրում էր «Կիլիկիայի հարցը միջազգային քաղաքականության օրակարգում» խորագիրը (նախագահող` Հարություն Մարության)․ զեկուցեցին
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Արմենուհի Ղամբարյանը (Կիլիկիան Միացյալ Հայաստանի կազմում ընդգրկելու ԱՄՆ տեսլականը), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ` Լիլիթ Հովհաննիսյանը (Կիլիկիան ԱՄՆ պետդեպարտամենտի 1919-1920 թթ. փաստաթղթերում) և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ՝ Արման Մարտիրոսյանը (Կիլիկիայի հիմնախնդիրը 1919-1921 թթ. ֆրանս-թուրքական հարաբերությունների համապատկերում):
Գիտաժողովի վերջին նիստն ավարտվեց ակտիվ քննարկմամբ և այն շարունակելու պատրաստակամությամբ։