30.11.2018

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր դոկտոր Ջեյմս Թրուշարդն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին:
Պատվավոր հյուրին ընդունեց ու հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:
Դոկտոր Թրուշարդը շրջայց կատարեց նաև Հուշապատի տարածքում, ծանոթացավ նրա նշանակության և կարևորության հետ, այնուհետև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկայացրեց թանգարանի ցուցադրությունը:
Այցի ավարտին դոկտոր Թրուշարդը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Թանգարան կատարած այցից հետո հյուրերը եղան Հիշողության պուրակում, որտեղ պարոն Թրուշարդը տնկեց եղևնի՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի: