30.11.2022
Բանախոս՝ Սուրեն Մանուկյան, ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանության հիմնական դերակատարները՝ ոճրագործներ, զոհեր, ականատեսներ և փրկողներ
Դպրոց՝ Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց, 8-9-րդ դասարաններ
Նոյեմբերի 26-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2022 թ. հերթական հանդիպումը: ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը աշակերտներին ներկայացրեց «Հայոց ցեղասպանության հիմնական դերակատարները՝ ոճրագործներ, զոհեր, ականատեսներ և փրկողներ» թեմայով դասախոսություն, որի ընթացքում հակիրճ անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության պատմությանը՝ շեշտը դնելով մասնավորապես Հայոց ցեղասպանությունը իրականացնողների հիերարխիան ներկայացնելուն: Աշակերտների հետ քննարկումների միջոցով ցույց տրվեց հիմնական որոշում կայացնողների՝ Օսմանյան պետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Միություն և առաջադիմություն կուսակցության վերնախավի, տեղական կազմակերպիչների՝ վալիների, մութասարիֆների, տեղական ոստիկանապետերի, ժանդարմերիայի ղեկավարության, կրոնական առաջնորդների և «շարքային» մարդասպանների միջև եղած կապերը և փոխազդեցությունները:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում դպրոցականները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Էլեն Հակոբյան ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: