1. Գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.
Բոլոր գիտաշխատողները՝ համաձայն 2020-2024 թթ. համար հաստատված թեմաների, շարունակել են հետազոտական աշխատանքները: Հիմնական ուսումնասիրությունները կենտրոնացած են եղել 2020 թ. համար հաստատված ենթաթեմաների կտրվածքով: Ուսումնասիրությունների արդյունքները տպագրվել են մենագրությունների, հոդվածների ձևով, գիտաշխատողներն իրենց հետազոտական թեմաների շուրջ հանդես են եկել զեկուցումներով գիտաժողովներում:
2020 թ. լույս են տեսել ՀՑԹԻ աշխատակիցների մեկ մենագրություն, կազմվել է մեկ հոդվածների ժողովածու և երեք գիրք, ևս մեկ գրքում ամփոփվել են երկու անտիպ հուշագրություններ, տպագրվել են 38 գիտական հոդվածներ, տպագրվել են նաև մեր գործընկերների երկու գրքույկներ։
1. Նարեկ Պողոսյան,
Հայոց ցեղասպանության խնդիրը Ռաֆայել Լեմկինի ուսումնասիրություններում, Երևան, 2020։
2. 2019 թ. գիտաժողովին ներկայացված զեկուցումները հոդվածների տեսքով լույս են տեսել հետևյալ ժողովածուում.
Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ. միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու (խմբ. Հ. Մարության, Ն. Մարգարյան), Երևան, 2020:
3, 4, 5. Հիմք է դրվել «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարին, որի առաջին, երկրորդ ու երրորդ պրակները
«Հոշոտված Հայաստան». Ավրորա Մարդիգանյանի պատմությունը գրքի որակապես նորովի մշակմամբ ու ձևավորմամբ լույս տեսած անգլերեն, ֆրանսերեն ու հայերեն հրատարակություններն են։ Դրանք տպագրվել են յուրաքանչյուրը ընդարձակ, մասնագիտական առաջաբանով (հեղինակ՝ Լուսինե Աբրահամյան), շուրջ 100-ի հասնող և անցնող ծանոթագրություններով (հեղինակներ՝ Ռոբերտ Թաթոյան և Լուսինե Աբրահամյան)։ Առաջին անգամ է «Ավրորան» լույս տեսնում ընդարձակ ծանոթագրություններով։
6. «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» շարքում լույս է տեսել նաև թիվ 4 պրակը, որի մեջ ամփոփված են ՀՑԹԻ երկու գիտաշխատողների՝ Ռոբերտ Թաթոյանի և Ռեգինա Գալուստյանի կողմից խմբագրված, ծանոթագրված, առաջաբանով ու հավելվածներով հարստացված ցարդ անտիպ հուշագրությունները՝ Արամ Մանթաշյան,
Արամը չէր կարող Սեյտո լինել և Սոկրատ Մկրտչյան,
Հուշեր։
7. Լույս է տեսել Raymond H. Kevorkian,
The Armenian Genocide and Its Consequences նկարազարդ գրքույկը։
8. Չորրորդ, լրացված հրատարակությունն է ունեցել Rouben Paul Adalian,
Remembering and Understanding the Armenian Genocide գրքույկը։
9, 10. Լույս է տեսել
Ցեղասպանագիտական հանդեսի 2020 թ. առաջին համարը, երկրորդ համարը լույս կտեսնի հունվարին։
11. Հունվարին լույս կտեսնի “International Journal of Armenian Genocide Studies” 2020 թ. համարը։
ՀՑԹԻ հանդեսների համար ստեղծվել է առանձին կայքէջ։ Առայժմ տեղադրված են միայն «Ցեղասպանագիտական հանդես» և “International Journal of Armenian Genocide Studies” պարբերականները, ժամանակ անց կտեղադրվի նաև «Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր» հանդեսը։
Աշխատակիցների կողմից տպագրվել է 38 գիտական հոդված, որից չորսը միջազգային պարբերականներում։
Աշխատակիցները մասնակցել են 13 միջազգային գիտաժողովների:
Գիտական մշակման են ենթարկվել ֆոնդերում առկա 35 անտիպ հուշագրություն, որի մի մասի համառոտ բովանդակությունը ներկայացվել է ՀՑԹԻ ֆեյսբուքյան էջում և կայքում՝
«ՀՑԹԻ հուշագրությունները» շարքում:
2. Գիտակրթական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետև¬յալ հիմնական արդյունքները.
2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ութ հանդիպում Երևան քաղաքի դպրոցների 8-11-րդ դասարանների աշակերտների համար:
Անց է կացվել մեկ մեթոդաբանական սեմինար, բանախոս՝ Ռուբեն Գալչյան, թեմա՝ «Հայաստան, երկիր դրախտավայր». «Հայաստան» անվանումը ուշմիջնադարյան և XIX-XX դարերի քարտեզներում»:
Հունվարի 28-ին և 31-ին առաջին անգամ Հայաստանում անց է կացվել
Հոլոքոստի հիշողության շաբաթ՝ նվիրված Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման
ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին։
Փետրվարի 1-2-ին կազմակերպվել է ձմեռային դպրոց 50 զբոսավարների համար:
2020 թ. հուլիսի 28-30-ը հեռավար ձևաչափով կազմակերպվել է եռօրյա ամառային դպրոց ՀՀ տարբեր մարզերից Հայոց պատմություն դասավանդող 32 ուսուցիչների համար:
3. Գիտացուցադրական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.
Կազմակերպվել են հետևյալ ցուցադրությունները.
1. «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին. նվիրվում է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին» ժամանակավոր ցուցադրություն, որը համավարակի հետ կապված ապրիլի 23-ին հանրությանը ներկայացվել է առցանց, ապա մասնակի տպագրված ներկայացվել է հոկտեմբերի 30-31-ին ՀՑԹԻ-ում կայացած «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» միջազգային գիտաժողովի բացմանը, կից նաև կազմակերպվել էր թեմային առնչվող և ՀՑԹԻ գրադարանում առկա գիտական գրականության ցուցադրում:
2. Դեկտեմբերի 23-ին բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» վերնագրով:
4. Թանգարանային աշխատանքների ուղղությամբ
2020 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և ռազմական դրության հետ, թանգարանն այցելուներին սպասարկել է 92 օր (հունվարի 8 - մարտի 14, օգոստոսի 26 - դեկտեմբերի 29)։ Այս ընթացքում թանգարանն ունեցել է 4.842 այցելու։
5. Գիտաֆոնդային աշխատանքների գծով գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.
Գիտական ֆոնդերը համալրվել են 1.213 ֆոնդային միավորով: Սեպտեմբերին թանգարանային ֆոնդերը համալրվել են ԱՄՆ-ում «Վարդգես Եղյան» փաստաբանական ընկերության հիմնադիր Վարդգես Եղիայանի անձնական արխիվով, որը ներառում է բազմաթիվ բնօրինակ օսմանյան փաստաթղթեր, կալվածագրեր: Արխիվը մշակման և դասակարգման փուլում է:
1.213 ֆոնդային միավորներից 888 գիտական գրադարանի գրքեր են: Նվիրատվությունների մեջ քանակական և մասնագիտական ուղղվածությամբ առանձնանում է Գագիկ Աղաջանյանի անձնական հավաքածուն։
2020 թ. հուլիսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը համալրվել են բացառիկ արժեք ներկայացնող թանգարանային առարկաներով, այդ թվում՝ Շարակնոց, Աստվածաշունչ, Հայոց ցեղասպանությունը վերապրածների փաստաթղթեր, լուսանկարներ և այլն (նվիրատու՝ Վահան Հակոբի Բուռնազյան)։
6. Թվայնացման և մուտքագրման աշխատանքներ
Աշխատանքները շարունակվել են նաև թվայնացման բաժնում։
Մշակվել է շուրջ 1.100 լուսանկար, թվայնացվել է ՀՑԹԻ-ի գիտական ֆոնդերում գտնվող շուրջ 740 լուսանկար, բազմաթիվ փաստաթղթեր, բացիկներ, գրքեր և այլն, թվայնացվել է ՀՑԹԻ-ի գիտական ֆոնդերի 40 հուշագրություն։
7. Տեղեկատվական-իրազեկման աշխատանքների գծով գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.
Հնգալեզու կայքէջը թարմացվել է ամենօրյա ռեժիմով: Պատրաստվել, մշակվել ու տեղադրվել են տեղեկություններ ՀՑԹԻ գործունեության, պաշտոնական պատվիրակությունների, տարաբնույթ միջոցառումների, գիտաժողովների, հայտարարությունների և այլնի մասին:
Մեկնարկել է
«ՀՑԹԻ հուշագրությունները» շարքը: Նախագծի շրջանակում ներկայացվել են թանգարանային ֆոնդերում առկա հուշագրությունների ամփոփ նկարագրություններ:
ՀՀ ԱԳՆ-ի հետ միասին լրամշակվել ու դասակարգվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ընդունած բանաձևերը:
8. Տեխնիկական վերազինում և ֆինանսական աջակցություն
2020 թ. ընթացքում ՀՑԹԻ կողմից ձեռք են բերվել համակարգիչ, լուսապատճենահանման սարքեր, տպիչներ, օպերատիվ հիշողության սարքեր, արտաքին կոշտ հիշողության սկավառակներ, ինչը հնարավորություն կտա բարելավելու թանգարան-ինստիտուտի առաջնային նշանակություն ունեցող նյութերի պահպանման անվտանգությունը:
2019 և 2020 թթ. ընթացքում ձեռք բերված նոր համակարգիչների շնորհիվ ՀՑԹԻ համակարգչային բազան թարմացված է, խնդիրը՝ ներկա իրավիճակով վերջնական լուծում է ստացել։
«Ավրորա» հիմնադրամի տրամադրած $5.000-ին համարժեք դրամ դրամաշնորհով տպագրվել են «Հոշոտված Հայաստան». Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի անգլերեն ու հայերեն տարբերակները։ Ֆրանսիայի La Region Auvergne-Rhone-Alpes տարածաշրջանի ղեկավարության տրամադրած միջոցներով վերահրատարակվել է «Հոշոտված Հայաստան» հուշագրության ֆրանսերեն տարբերակը։ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը ֆինասավորել է
«Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ. միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու» գրքի հրատարակությունը։ «Գիշյան» հիմնադրամի տրամադրած միջոցներով և ՀՑԹԻ բյուջեից արված հատկացումներով ձեռք է բերվել չորս լազերային պրոյեկտոր ՀՑԹԻ ցուցադրության համար։
9. «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու տարածքի սպասարկում
Փոքր աշխատակազմով իրականացվել է շուրջ 100 հա կազմող զբոսայգու կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ։ 2020 թ. տնկվել է 127 մշտադալար գիհի տեսակի ծառ: Իրականացվել են 200 կանաչ եղևնիների տնկման աշխատանքներ:
Այս տարի ձեռք են բերվել մի շարք գյուղատնտեսական գործիքներ և սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ կազմակերպել զբոսայգու խնամքի աշխատանքները, ինչպես նաև ձեռք է բերվել Ծիծեռնակաբերդ զբոսայգու աշխատակիցների համար բանվորական արտահագուստ: