30.06.2022
ՀՀ-ում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ) հունիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և նրանց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությանը ծանոթացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Յոել Լիոնին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: