Հայոց ցեղասպանության տարիներին հայ որբերին առնչվող հարցերի, մասնավորապես, որբերի թվաքանակի ուսումնասիրման համար կարևոր սկզբնաղբյուր է
«Հայ որբեր. տեղեկագիր hայ որբերու կացութեան, որբանոցներու, հոգատար մարմիններու մասին եւ վիճակագրական ցուցակներ» փաստաթուղթը, որը կազմվել է Հայ ազգային պատվիրակության պահանջով 1923 թ., փաստ, որը մեծ կշիռ է հաղորդում փաստաթղթի հավաստիությանը: Տեղեկագիրն ամենայն հավանականությամբ կազմվել է Արամ Անտոնյանի կողմից, չնայած գրքույկի վրա ոչ մի տեղ նրա անունը չի նշվում, բայց հաշվի առնելով այն փաստը, որ նա այդ ժամանակ եղել է Ազգային պատվիրակության քարտուղարը, հիմք է տալիս նրան համարել սույն տեղեկագրի կազմողը:
Այս տեղեկագրում խնամքով ու մանրամասն ներկայացված են հայ որբերի թվական տվյալները, տարբեր վայրերում հիմնված որբանոցներն ու այն կազմակերպությունները, որոնց խնամատարությամբ գործել են որբանոցները: Այս տեղեկագիրը մինչ այժմ շրջանառության մեջ չի դրվել, իր կարևորությամբ բացառիկ է, քանի որ համապարփակ տեղեկություններ է հաղորդում Հայոց ցեղասպանությունից հետո սիրիական անապատներում հայտնված, հետագայում տարբեր ուղղություններով տեղաբաշխված հայ որբերի վերաբերյալ:
Տեղակագիրը մեզ է տրամադրել ՀՑԹԻ հիմնադրամի Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի վարիչ, աղբյուրագետ Միհրան Մինասեանը, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում նրան:
Տեղեկագրում ամփոփված վիճակագրական տվյալները ներկայացված են ըստ աշխարհագրական բաժանումների և ըստ խնամատար մարմինների: Առանձին տարածաշրջաններով ներկայացված են Կ.Պոլսի, Սիրիայի, Երուսաղեմի, Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի որբանոցների և այնտեղ ապաստանած որբերի թիվն ու ցանկերը: Տեղեկագրի վերջում ներառված է նաև ֆրանսերեն թարգմանված տարբերակը։
Նկատենք, որ տեղեկագիրը կազմվել է տարագիրների հիմնական տեղաշարժերից՝ Կիկիկիայի վերջնական հայաթափումից, հայկական և օտարերկրյա բարեգործական կազմակերպությունների, միսիոներների, անհատների իրականացրած որբահավաք աշխատանքներից հետո։ Իհարկե, հարկ է նշել, որ այստեղ ներառված չեն այն որբերը, որոնք թուրքական հարեմներում ու իսլամական միջավայրում ձուլվեցին՝ կորցնելով հայկական ինքնությունը կամ մնացին թուրքական որբանոցներում:
Տեղեկագրի առաջին մասում՝
«Ընդհանուր ծանոթութիւններ հայ որբերու, որբանոցներու եւ անոնց հոգատարութեան մասին» բաժնում, առանձին-առանձին ներկայացվում է որբանոցների և որբերի տվյալները՝ ըստ աշխարհագրական վայրերի: Երկրորդ մասը վերնագրված է
«Վիճակագրական տեղեկութիւններ հայ որբերու եւ հոգատար մարմիններու», երրորդը՝
«Ամփոփ վիճակացոյց հայ որբերու»։
Տեղեկագրում նշվում է, որ Կ.Պոլսում գտնվող որբերի ընդհանուր թիվը 3044 է, որից 1․554-ը տղաներ, 1․490-ը աղջիկներ: Ազգային հոգատարության տակ գտնվել են գաղթակայանների որբերը, Գարակեոզյան և Գալֆայան որբանոցները, ինչպես նաև ազգային հոգատարության տակ և միաժամանակ ամերիկյան աջակցությամբ խնամվող որբերը: Ընդ որում՝ ազգային խնամատարության տակ եղել են 2․386 որբ, իսկ ազգային խնամատարության և ամերիկյան աջակցությամբ խնամք է ստացել 1․057 որբ, որոնցից 300-ը՝ չարձանագրված՝ այսինքն որևէ կազմակերպության խնամատարությունից զուրկ, չգրանցված որբեր:
Տեղեկագրում Սիրիայի տարածքում ապաստանած որբերի թիվը նշվում է ըստ նահանգների, որի հանրագումարը կազմում է 8․630 որբ. Հալեպում՝ Հալեպի հայկական որբանոցը՝ 1164 հոգի, ՀԲԸՄ-ի կողմից հիմնված Կիլիկիան որբանոց-արհեստանոցը` 97 հոգի։ Վերջինս գործել է 1922-1925 թթ. Վահան Քյուրքճյանի ղեկավարությամբ, ուր գալիս էին տասնհինգ տարին բոլորած որբերը, մեկ տարի մնում ու արհեստ էին սովորում, ինքնաբավ լինելուց հետո դուրս գալիս որբանոց-ապաստարանից:
Բեյրութի Քելեկյան որբանոցում՝ 575 որբ, Մերձավոր Արևելքի նպաստամատույցի խնամատարության տակ 126 որբ և Անթիլիասի որբանոցներում` 1․200 (ավստրալական նպատամատույց կազմակերպության հոգածության տակ), հանրագումարում՝ 1․901 որբ: Լիբանանի Նահր Ալ-Իբրահիմ, Ջիբեյլ, Մամլթեյն, Ղազիր, Նազարեթ, Պրումանայի որբանոցներում՝ 3․984 որբ, Ջունեյհի որբանոցում՝ 284 որբ, Մերձավոր Արևելքի նպաստամատույց որբանոցներից՝ որպես չափահաս արդեն դուրս եկած 1․200 որբ, որոնք որևէ կազմակերպության հոգածության տակ չեն գտնվել:
Երուսաղեմի տարածքում ընդհանուր առմամբ ապաստան են գտել 809 որբ, որից 457-ը Արարատյան և 352-ը Վասպուրականի որբանոցներում։ Վերջիններս եղել են ՀԲԸՄ հոգածության տակ և Երուսաղեմ են տեղափոխվել 1922 թ. փետրվարին՝ Իրաքի Նահր Ալ-Օմարի որբանոցից:
Հայաստանի Հանրապետությանում, որ տեղեկագրում անվանված է Երևանի Հանրապետություն, 1923 թ. հունիսի դրությամբ ապաստանել են 22 հազար որբ: Երևանի, Ալեքսանդրապոլի և Ջալալ Օղլիի և այլ որբանոցներում եղել են 22․000 որբեր: Այս որբերից 21.450-ը գտնվել են Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպության, իսկ 550 չափահաս որբ՝ ազգային խնամատարության տակ:
Տեղեկագրում Վրաստանը ներառված չէ, բայց հարկ է նշել, որ դեռևս 1920 թ. հուլիսի 12-ով թվագրված «Մեծ պատերազմի արդյունքում տուժած հայ երեխաները, նրանց փրկության գործը. ներկա վիճակ, կարիքներ» վերնագիրը կրող ֆրանսերեն զեկույցում նշվում է, որ Վրաստանի և Կովկասի շրջաններում այդ ժամանակ եղել է մոտ 10.000 որբ:
Հունաստանում և հարակից կղզիներում շուրջ 5000 որբ տեղաբաշխված էր Աթենք, Խալքիս, Սիրա, Օրոպոս, Կորնթոս վայրերում։ Քորֆում ապաստան է գտել 880 որբ։ Լոնդոնի Լորդ քաղաքագլխի հիմնադրամը հոգացել է Քորֆուի որբանոցի 750 որբերի խնամքը, մյուս 130 որբերը գտնվել են անհատների հոգածության տակ։ Հանրագումարում՝ որբերի թիվը կազմում է 5880։
Մակեդոնիայում՝ Սալոնիկի շրջանի տարբեր որբանոցներում՝ Գալամաթա, Սամսոնի և այլ որբանոցներում ապաստան է գտել 1․038 որբ։ Արևմտյան Թրակիայում՝ Սերեզում, Գավալայում և հարակից շրջաններում 1․496 որբ։ Այսպիսով, ողջ Հունաստանում և հարակից կղզիներում, Թրակիայում, Մակեդոնիայում որբերի ընդհանուր թիվը կազմել է 8.414։
Հայ ազգային պատվիրակությունը Վահան Թեքեյանին նշանակել է իր լիազոր ներկայացուցիչը՝ զբաղվելու Հունաստանի, Սիրիայի, Եգիպտոսի, Շվեյցարիայի գաղթականների, մասնավորապես, որբերի հարցերով և կացությունը բարելավելու աշխատանքներով: 1923 թ. հունիսի 2-ին Փարիզի Հայ ազգային պատվիրակության նախագահ Գաբրիել Նորատունկյանի նախաձեռնությամբ Փարիզում խորհրդակցական ժողով է կազմակերպվել, ինչպես նաև համագումար էր նախատեսվել օգոստոսի 19-ին։ Ենթադրվում է, որ սույն տեղեկագիրը նույնպես պատրաստվել է վերոնշյալ համաժողովի համար: Ժողովին մասնակցել են Ամերիկյան նպաստամատույցի, ՀԲԸՄ, Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչները, որտեղ որոշվել է հայ որբերին դաստիարակել Ազգային պատվիրակության ներկայացրած ծրագրին համապատասխան: Վահան Թեքեյանի նախաձեռնությամբ 2․500 որբեր Հունաստանից տեղափոխվել են Եգիպտոս:
Բուլղարիայում ապաստանած որբերի թիվը կազմել է 600, որից Այթես՝ 31, Յամբոլ՝ 31, Խասկովո՝ 45, Թաթար Պազարջիկ՝ 130, Աթարա Զակերա՝ 48, Ռուսե՝ 66, Վառնա՝ 68, Սլիվեն՝ 10, չարձանագրված որբեր՝ 149, նշված 600 որբերից 149-ը եղել են ազգային խնամարատության տակ: Նշենք, որ դեռևս 1919 թ. նոյեմբերի 28-ին Սոֆիայի հայ քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդաժողովում որոշվել է, որ բուլղարահայ գաղութը հոգալու է 300 որբերի հարցերը, որոնք Հունաստանից տեղափոխվել էին Բուլղարիա:
Տեղեկագրում նշվում է, որ Ռումինիայում՝ Սթրունկայի որբանոցում ապաստանել են 200 որբ, որոնք գտնվել են ազգային խնամատարության տակ: Հավելենք, որ 1922 թ. հունվարին Կ.Պոլսից շուրջ 200 երեխաներ՝ 7-14 տարեկան, անցել են Ռումինիա: Տեղի ռումինահայ գաղութը դիմել էր կառավարությանը, խնամակալ մարմին էր կազմվել՝ Արմենակ Մանսիլյանի ղեկավարությամբ, Հակոբ Սիրունու գլխավորությամբ, որոնց ջանքերով հիմնվել է Սթրունկա գյուղի որբանոցը, որն ունեցել է նաև վարժարան:
Շվեյցարահայ որբանոցում հանգրվանել են 56 երեխա: Ֆրանսիայում այդ թվականին արձանագրվել է 19 երեխա, որից 15-ը Մարսելում։ Վերջիններս որևէ խնամատարության տակ չեն գտնվել:
Կանադայում Ջորջթաուն քաղաքում ապաստանել են 50 որբ, որոնք գտնվել են կանադական նպաստամատույց կազմակերպության հոգածության տակ: Ավելի ուշ՝ 1925 թ. Քորֆուի որբանոցից Կանադայի հայկական նպաստամատույց ընկերությունն իր միջոցներով 100 որբ է ուղարկել Տորոնտոյի մոտ գտնվող Ջորջթաուն ագարակ, որպեսզի երեխաները մասնագիտանան երկրագործական հարցերում:
Իտալիայում ապաստանած որբերի թիվը կազմել է 400: Վերջիններս Սամաթիայի որբուհիներ են եղել, որոնք 1922 թ. դեկտեմբերին փոխադրվել են Իտալիա։ Հռոմի Պիոս XI Պապը Կանտոլֆոյի իր ամառանոցը տրամադրել է որբերին կեցության համար։
Այսպիսով, որբերի թվաքանակի հետ կապված պետք է նշել, որ ինչպես որբանոցների, այնպես էլ մուսուլմանական միջավայրում գտնվող որբերի քանակի վերաբերյալ հնարավոր չէ ստույգ թվեր ներկայացնել, քանի որ որբանոցների և որբերի խմբերի տեղաշարժը շատ էր, ոմանք հեռանում էին որբանոցներից, ոմանք հարազատներին գտնելով վերադառնում, մի մասն էլ՝ չափահաս դառնալով լքում էր որբանոցը: Առավել դժվար է մուսուլմանական տներում և որբանոցներում գերության մեջ գտնվողների թվաքանակի հաշվարկները, քանի որ երեխաներից շատերն այդ տարիներին ապրելով վախի ու սպառնալիքի մթնոլորտում՝ մոռացել էին իրենց անունները, հայկական ծագումն ու համակերպվել էին մուսուլմանական միջավայրին:
Սույն տեղեկագրի վերլուծությունը, համեմատության մեջ դնելով այլ աղբյուրագիտական փաստերի հետ, հնարավորություն է տալիս առավել հավաստի տվյալներ նշել 1923 թ. դրությամբ գործող որբանոցների ու որբերի համար՝ հաշվի առնելով նմանատիպ տեղեկագրերի և փաստաթղթերի սակավությունը:
Նարինե Մարգարյան, պատմ. գիտ. թեկն.
ՀՑԹԻ գիտական քարտուղար