31.03.2023
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությունը մարտի 31-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին խաչքարերին և գերեզմաններին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հակահայկական քաղաքականության զոհերի հիշատակին:
Պարոն Լորան Վոքիեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Պարոն Լորան Վոքիեն շեշտեց, որ հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և որ Ֆրանսիան պետք է անի ամեն ինչ թույլ չտալու ևս մեկ ցեղասպանություն հայերի նկատմամբ: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց պարոն Վոքիեին Հայաստանի կողքին լինելու համար, և նշեց, որ 2020 թ. Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի ղեկավարի աջակցությամբ լույս տեսած «Հոշոտված Հայաստան». Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ֆրանսերեն հրատարակությամբ սկիզբ առած համագործակցությունը շարունակական կլինի և առաջիկայում համատեղ նորանոր ծրագրեր կիրականացնեն: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը պարոն Վոքիեին նվիրեց նաև ՀՑԹԻ հրատարակություններից:
Այցի ավարտին ֆրանսիական պատվիրակությունն եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ Լորան Վոքիեն ջրեց 2019 թ. իր տնկած արծաթափայլ եղևնին: