Գիտաժողովի IV նիստը կրում էր «Կիլիկիահայության գոյամարտը. մասնակիցներ, ականատեսներ, վկայություններ» խորագիրը (նիստի նախագահող՝ Ռոբերտ Թաթոյան):
Զեկուցեցին ՀՑԹԻ հիմնադրամի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Էդիտա Գզոյանը («Ինքնապաշտպանության իրավունք» եզրույթի մեկնաբանության շուրջ), պատմաբան, Կանադայի և ԱՄՆ Թեքեյան մշակութային միության գործադիր տնօրեն, «The Armenian Mirror-Spectator» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը (Ինչու ֆրանսացիները եւ հայերը 1920 թ-ին Մարաշէն նահանջեցան), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիր. գիտ. դոկտոր Վերժինե Սվազլյանը (Կիլիկիայի հայերի ինքնապաշտպանական մարտերը ըստ ականատես վերապրողների վկայությունների), Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հախվերդյանը, ով հարգելի պատճառով չներկայացավ, սակայն նրա զեկույցը ընթերցվեց (Կիլիկյան հերոսամարտերի ականատեսը. Դավիթ Ադամյան), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Քնարիկ Ավագյանը (ԱՄՆ-ի հայերի մասնակցությունն ու նպաստը կիլիկյան կամավորական շարժմանը (1916- 1920 թթ.)):
Հարցուպատասխանից ու քննարկումից հետո հաջորդ՝ V նիստին (Ազգախնամ գործունեությունը Կիլիկիայում) նախագահող Էդիտա Գզոյանը ներկայացրեց զեկուցողներին։ Բեյրութի Հայկազյան համալսարանի «Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Անդրանիկ Տագէսեանը ներկայացրեց «ՀԲԸՄ Հաճընի որբանոցի որբանոցայիններուն համապատկերը (1919-1920)» զեկուցումը։ Ապա զեկուցեցին ՀՑԹԻ հիմնադրամի գիտքարտուղար, պատմ. գիտ. թեկնածու Նարինե Մարգարյանը (Եգիպտոսի հայ որբախնամ կազմակերպության գործունեությունը Կիլիկիայում 1919-1921 թթ.) և ՀՑԹԻ հիմնադրամի գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող Գոհար Խանումյանը (Հայկական կարմիր խաչի գործունեությունը Կիլիկիայում 1919-1920 թթ.)։ Նիստն ավարտվեց հարցուպատասխանով և քննարկմամբ։
Վերջին VI նիստը նվիրված էր Կիլիկիահայության մշակութային ժառանգությանը, ոչնչացմանը, վերադարձի հեռանկարներին (նիստի նախագահող՝ Նարինե Մարգարյան): Նիստի զեկուցողներն էին ՀՑԹԻ հիմնադրամի ցուցադրությունների բաժնի վարիչ, գիտաշխատող Սեդա Պարսամյանը (Կիլիկիայի հայկական մշակութային արժեքների բռնագրավումն ու ոչնչացումը Հայոց ցեղասպանության տարիներին) և ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի «Օրբելի» հետազոտական և վերլուծական կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանը (Սսի կաթողիկոսական աթոռի վերադարձի հեռանկարները): Նիստի ավարտին ցուցադրվեցին կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազեի կողմից անցյալ տարի Կիլիկիայում արված հայկական բնակավայրերի համայնապատկերների և հայկական պատմամշակութային հուշարձանների լուսանկարները:
Հարցուպատասխանի և քննարկման ավարտից հետո տեղի ունեցավ գիտաժողովի փակման արարողությունը։
Շնորհակալական խոսքով հանդես եկան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ պատվո դոկտոր Եղիա Ճէրէճեանը, «Հաճըն հայրենակցական միության» ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի նախագահ Հովհաննես Գրիգորյանը։
ՀՑԹԻ հիմնադրամի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան գիտաժողովի կազմակերպման և անցկացման կարևոր գործում։
ՀՑԹԻ-ի տնօրեն Հարություն Մարությանն ամփոփեց գիտաժողովի արդյունքները՝ շեշտելով ներկայացված թեմաների արդիականությունը: Մատնանշելով Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակականությունը՝ նա նշեց, որ այդ քաղաքականությունն այսօր դատապարտված է ձախողման, հայ ժողովուրդը միասնական ու վճռական է այս գոյապայքարում իր հաղթանակի հարցում։