06.05.2023
Թուրքիայի իշխանությունները, հավատարիմ մնալով երիտթուրքերի ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, բոլոր հնարավոր եղանակներով պատմությունը կեղծելու և պատմական փաստերը կոծկելու միջոցով փորձում են խուսափել կատարված ոճրագործությունը դատապարտելուց և սեփական պատմությանն առերեսվելուց:
1915 թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանն Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանության և կոտորածների առնչությամբ հանդես եկան համատեղ հայտարարությամբ` դրանք որակելով որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Հայոց ցեղասպանության ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ այս հայտարարությունն իր տրամաբանական շարունակությունն ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո: 1919 թ. հունվարի 25-ին Փարիզի Խաղաղության վեհաժողովի շրջանակներում ստեղծվեց պատերազմական հանցագործությունները քննող պատմության մեջ առաջին միջազգային մարմինը՝ Պատերազմի հեղինակների պատասխանատվության և պատիժների սահմանման հանձնաժողովը, որը պետք է պարզեր Առաջին համաշխարհային պատերազմը սանձազերծողներին և պատիժներ սահմաներ պատերազմական հանցագործություններ իրականացրած անձանց նկատմամբ:
Հանձնաժողովին ներկայացվել էր նաև հայերի դեմ գործած հանցագործությունների իրականացնողների ցանկը, որտեղ գլխավոր մեղավորների ցանկում էին նաև Էնվեր, Ջեմալ և Թալեաթ փաշաները, որոնք ճանաչվեցին որպես պատերազմական և մարդկության օրենքների դեմ իրականացված հանցանքների պատասխանատուներ: Հանձնաժողովը, ուսումնասիրելով ձեռք բերված բազմաթիվ ապացույցները, փաստում է, որ Թուրքիան պատերազմի ընթացքում իրականացրել է զինվորականների և քաղաքացիների իրավունքների կոպտագույն խախտումներ, որոնք դեմ էին պատերազմի օրենքներին և սովորույթներին, ինչպես նաև՝ մարդկության օրենքներին, և այն անձինք, ովքեր մեղավոր են եղել այդ խախտումների համար, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Այսպիսով՝ Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետներ Էնվեր, Ջեմալ և Թալեաթ փաշաները Առաջին աշխարհամարտից հետո պատերազմական հանցագործությունները քննող հանձնաժողովի կողմից ճանաչվեցին որպես պատերազմական հանցագործներ և մարդկության օրենքների դեմ իրականացված հանցանքների պատասխանատուներ:
Երիտթուրքական կուսակցության պարագլուխներն ու նախարարները և Հայոց ցեղասպանության իրականացման մեջ ներգրավված այլ անձինք մեղավոր են ճանաչվում և դատապարտվում ազատազրկման և/կամ մահապատժի ազգային դատարանների (ռազմական ատյան) կողմից՝ Ստամբուլյան դատավարությունների ընթացքում: Կ.Պոլսի ռազմական ատյանը որոշ գլխավոր մեղավորների, այդ թվում՝ Թալեաթ, Ջեմալ և Էնվեր փաշաներին մեղավոր է ճանաչում Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու, կոտորածներ կազմակերպելու և մի շարք այլ հանցագործությունների համար՝ վերջիններիս հեռակա կարգով դատապարտելով մահապատժի:
Անկարայում` քեմալականների մայրաքաղաքում, ոճրագործների հերոսացումն սկսվել էր անմիջապես. 1920 թ. օգոստոսի 5-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) ի նշան հարգանքի 10 րոպեով դադարեցրել է իր աշխատանքը, քանի որ նույն օրը Ուրֆայի նահանգապետ Նուսրեթը մահապատժի էր ենթարկվել: Ավելի ուշ՝ 1923 թ. մարտի 31-ին, օսմանյան ռազմական դատարանների կողմից բոլոր դատապարտվածների համար ԹԱՄԺ-ը հայտարարել է ընդհանուր համաներում:
1926 թ. մայիսի 29-ին ԹԱՄԺ-ը սկսում է քննարկել Թուրքիայի կառավարության կողմից ուղարկված մի օրինագիծ, որը ներկայացվում է Դենիզլիի պատգամավոր Հայդար Ռուշթուի կողմից և որին աջակցում ու միանում են բազմաթիվ պատգամավորներ: Օրինագիծը վերնագրված էր՝ «Հայկական հանցագործ կոմիտեների կողմից սպանված կամ էլ տարբեր կերպ հալածանքի ենթարկված պետական գործիչների ընտանիքներին անշարժ գույքի և հողատարածքի տրամադրման վերաբերյալ օրենք». այն միաձայն քվեարկությամբ ընդունվում է ԹԱՄԺ-ի կողմից, պաշտոնապես հրապարակվում և ուժի մեջ մտնում 1926 թ. հունիսի 27-ին (թիվ 882 օրենք):
ՄԵՀՄԵԴ ԹԱԼԵԱԹԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԱԶԳԱՅԻՆ ՆԱՀԱՏԱԿ»
Մեհմեդ Թալեաթը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից է։ Եղել է երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կոմիտեի պարագլուխներից մեկը: «Միություն և առաջադիմություն» կոմիտեում իր առանցքային դերի և գործունեության համար ընդգրկվել է կենտրոնական կոմիտեի կազմում՝ որպես մշտական անդամ: Թալեաթը 1909-1911 թթ., 1913-1918 թթ. զբաղեցրել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարի, ապա 1917-1918 թթ.` Մեծ վեզիրի (վարչապետ) պաշտոնները։
Որպես ներքին գործերի նախարար և կենտրոնական կոմիտեի անդամ` Թալեաթը մասնակցել է հայ ժողովրդի ոչնչացման որոշման ընդունմանը, ծրագրի մշակմանը, անմիջականորեն համակարգել է ցեղասպանության իրականացումը, մասնավորապես՝ վերահսկել 1915 թ. ապրիլի 24-ից սկսած արևմտահայ մտավորականների ձերբակալությունները, Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանության գործընթացը, հրահանգել Միջագետքի համակենտրոնացման ճամբարներ հասած հայերի ոչնչացումը, արձակել հայերի ունեզրկման և հայ երեխաների բռնի թուրքացման վերաբերյալ հրամաններ։
Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտվելուց և Մուդրոսում կնքված զինադադարից հետո Օսմանյան նոր կառավարությունը, ձգտելով ցույց տալ իր տարանջատումը նախորդ ռեժիմից և Մեծ Բրիտանիայի քաղաքական ճնշման ներքո որոշում է կայացրել դատական պատասխանատվության ենթարկելու երիտթուրքական կառավարության անդամներին։ Այդ նպատակով Կոստանդնուպոլսում կազմավորվել է ռազմական արտակարգ ատյան, որը 1919 թ. հուլիսի 5-ին ընդունած դատավճռով՝ ի թիվս այլ մեղադրանքների՝ «Միություն և առաջադիմության» պարագլուխներին մեղավոր է ճանաչել նաև «կայսրության հայ բնակչության կոտորածն ու բնաջնջումը» կազմակերպելու գործընթացում։ Ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթը և երիտթուրքական կուսակցության այլ անդամներ հեռակա կարգով դատապարտվել են մահապատժի։
1921 թ. մարտի 15-ին Թալեաթը գնդակահարվել է Սողոմոն Թեհլիրյանի կողմից՝ «Նեմեսիս» գործողության շրջանակներում։ Բեռլինում երդվյալ ատենակալների դատարանը Թեհլիրյանին ճանաչել է անմեղ. նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Թալեաթի սպանության լուրը ստանալով՝ Մուստաֆա Քեմալը, ըստ թուրքական աղբյուրների, չկարողանալով զսպել արցունքները՝ հայտարարել է. «Երկիրը կորցրեց մեծ զավակի՝ հեղափոխության մեծ կազմակերպչի»: Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի 1926 թ. հունիսի 27-ի օրենքով Թալեաթը ևս հռչակվել է «ազգային նահատակ»:
1943 թ. սկզբներին նացիստական Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը, հույս ունենալով ապահովելու Թուրքիայի աջակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմում, ընդառաջել է թուրքական կառավարության խնդրանքին և արտոնել է Թալեաթի աճյունի տեղափոխումը։ Փետրվարի 25-ին հատուկ արարողակարգով այն ամփոփվել է Ստամբուլի Ազատության հուշարձանի մոտ։ Պետական հուղարկավորությանը ներկա են գտնվել Թուրքիայի վարչապետ Մեհմեդ Շյուքրյու Սարաչօղլուն և Թուրքիայում Գերմանիայի դեսպան Ֆրանց ֆոն Պապենը։
ԹԱԼԵԱԹԻ ՄԵԾԱՐՄԱՆ, ՀԵՐՈՍԱՑՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ
Թալեաթի կերպարը հասարակական, քաղաքական, կրթամշակութային և այլ բնագավառներով շարունակաբար մեծարվում և հերոսացվում է հանրապետական Թուրքիայում: Այս նպատակով մի շարք թաղամասեր, պողոտաներ, փողոցներ, ծառուղիներ, մզկիթներ, դպրոցներ, ավագ դպրոցներ, շենքեր, կազմակերպություններ և նախագծեր նրա անունով են կոչվել: Ցանկը շատ մեծ է, հետևապես կնշենք մի քանիսը. Թալեաթի անունով են կոչվել Էդիրնեում, Ստամբուլում, Զմյուռնիայում, Կայսերիում, Թեքիրդաղում մի շարք թաղամասեր:
Թուրքիայում նրա անունով են կոչվել շուրջ չորս տասնյակ պողոտա, փողոց և ծառուղի Ստամբուլում, Անկարայում, Բալըքեսիրում, Բուրսայում, Էդիրնեյում, Զմյուռնիայում, Կոնիայում, Սակարիայում, Թեքիրդաղում, Էսքիշեհիրում և այլն։
Կրթամշակութային, կրոնամշակութային ոլորտներում ևս Թալեաթի մեծարման և հերոսացման, նրա հերոսական կերպարն ամրապնդող և հաստատող դպրոցներ, վարժարաններ, մզկիթներ են կոչվել. նրա անունով են կոչվել շուրջ հինգ մզկիթ, որոնց մեծ մասը գտնվում է Ստամբուլում և Անկարայում, այդ թվում՝ Անկարայում, Զմյուռնիայում, Ստամբուլում, Կոնիայում, Թեքրիրդաղում նրա անունով դպրոցներ և վարժարաններ են բացվել:
Թալեաթի անունով են կոչվել մի շարք բժշկական և հասարակական հաստատություններ, սրճարաններ, առանձնատներ և բնակելի տներ Ստամբուլում և այլ քաղաքներում։
Կազմակերպություններ և նախագծեր ևս Թալեաթի անունով են կոչվել, որոնց մեջ առանձնահատուկ ընդգծված հակահայ քարոզչությամբ, Հայոց ցեղասպանության ժխտողականությամբ զբաղվող միություններ ևս կան: Հատկապես նշենք 2005 թ. ստեղծված «Թալեաթ Փաշա» կոմիտեն: Այն կարելի է բնութագրել որպես հակահայ ծայրահեղական և ազգայնական գործունեություն տանող հաստատություն, որը Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության համատեքստում հսկայական ռեսուրսներ է ներդնում: Թեև «Բարեկամություն, բայց՝ ոչ ռասիզմ» կարգախոսն իրենց մոտ իբրև թե առանցքային է, սակայն դրան զուգահեռ գործածվող կարգախոսներից է՝ «Հայոց ցեղասպանությունը միջազգային քաղաքական կեղծիք է»: Այդ կազմակերպությունը մեծ ռեսուրսներ է օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները խափանելու համար:
Թալեաթի անունով են կոչվել մզկիթներ կառուցելու նախագծեր և ծրագրեր («Թալեաթ Փաշա մզկիթի կառուցում»՝ Ստամբուլ-Էսենյուրթի քաղաքապետարանի նախագիծը, Անկարայի «Թալեաթ Փաշայի մզկիթի կառուցման և հաստատման միություն» նախագիծը):
Առանձնակի նշենք նաև «Բեռլին-Թալեաթ Փաշայի քայլերթը» երգը (հեղինակ` Յավուզ Դալօղլու), որը նույնպես Հայոց ցեղասպանությունը ժխտելուն ուղղված մեծ նախաձեռնություններից մեկի օրհներգն է:
ՎԵՐՈԲԵՐՅԱԼԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՓԱՍՏՈՒՄ Է, ՈՐ ՄԵՐՕՐՅԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍ Է ԿԱԶՄՈՒՄ։
ՆԿԱՐՈՒՄ՝ Օսմանյան «Վաքիթ» թերթի 1919 թ. հուլիսի 13-ի համարն է: Առաջին էջում «Դատավճիռներ» վերնագրով հոդվածն է, որում ներկայացված է Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից երիտթուրք պարագլուխների՝ Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաների հեռակա կարգով մահապատժի դատապարտվելու լուրը:
ԹԵՐԹԸ՝ ՀՑԹԻ տնօրենի խորհրդական Միհրան Մինասյանի անձնական հավաքածու