07.05.2022
Ս. թ. մայիսի 3-ին ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղիի բնակիչ, զոհված ազատամարտիկ Յուրի Երիցյանի անունը կրող թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին ՀՑԹԻ Կրթական ծրագրերի պատասխանատու, Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի կրտսեր գիտաշխատող Քրիստինե Նաջարյանը և նույն բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը:
8-րդ դասարանի աշակերտները պատմության ուսուցչուհի Անժելա Պետրոսյանի ջանքերով ներկայացրեցին
«Հոգիների աճուրդ» ընդհանուր խորագրով միջոցառումը:
Միջոցառման
«Եղեռնի ցավի քառուղիներում» խորագրով հատվածում աշակերտները լրջորեն, ամենայն պատասխանատվությամբ և առանց հուզականության ներկայացրեցին իրենց գերդաստանների պատմությունները, որ հավաքագրել էին ուսուցչուհի Անժելա Պետրոսյանի համակարգմամբ և հետևողական աշխատանքի շնորհիվ:
Հայկ Հակոբյանը ներկայացրեց իր մորապապի՝ մշեցի Շավարշ Վարդանյանի ցեղասպանության ժամանակ անցած ճանապարհը: Էմմա Ամիրջանյանը պատմեց 1915 թվականի կոտորածների զոհ դարձած իր պապիկի պապի՝ Վանի Գործութ գյուղում ծնված Սիփանի պատմությունը, ով 14 երեխաների հայր էր: Ալիկ Մկրտչյանը ներկայացրեց իր տատիկի տատի՝ գյումուշեցի Մարիամի ընտանիքի պատմությունը, ում ընտանիքի անդամներից ոչ ոք ողջ չի մնացել, բացի իրենից: Ալեքս Զեյթունյանը ներկայացրեց իր հայրիկի պապիկի՝ Հակոբ Զեյթունցյանի պատմությունը, ով արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի հորեղբոր որդին է և 1948 թ. Սիրիայից տեղափոխվել է Հայաստան ու հաստատվել Կիրովականում: Սուսաննա Խուդոյանը պատմեց Կարսի նահանգի Բեռնա գյուղի բնակիչ Սարգսյան Սիրակի ցեղասպանության տարիներին անցած ճանապարհը: Ռիտա Հայրապետյանը ներկայացրեց իր մորապապի՝ գործութցի Նազե տատի պատմությունը, ով դեռ 18 տարին չբոլորած տեսել ու վերապրել է ցեղասպանության սարսափները: Արամ Աբգարյանը ներկայացրեց հորապապի՝ էրզրումցի Գրեղի ընտանիքի պատմությունը, ում որդին որպես սուրբ մասունք Հայաստան է բերել իր պապի սուրը՝ վրան գրված 1915 թ. և մեկ կուժ: Սոնա Սեդրակյանը պատմեց սասունցի Գարուշ պապի պատմությունը, ում հսկայական գերդաստանից ոչ ոք ողջ չի մնացել: Տիգրան Առուստամյանը ներկայացրեց Կարսի Ծփնի գյուղի բնակիչ Շայնաբաթ տատի պատմությունը, ում անունով կոչվում է մի ողջ գերդաստան՝ «շայնոյականներ»: Գոհար Վարդազարյանը ներկայացրեց իր մորատատի հորաքրոջ Սիրանուշ Դանիրջյանի ցեղասպանության ժամանակ անցած ճանապարհը, ով 10 տարեկան է եղել, երբ կորցրել է իր ծնողներին ու հարազատներին:
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ ցուցադրության բացում՝ նվիրված աշակերտների նախնիների՝ ցեղասպանության վերաբերյալ պատմություններին:
Միջոցառումը եզրափակվեց բեմադրությամբ, որի ընթացքում աշակերտները ներկայացրեցին Ավրորա Մարդիգանյանի պատմությունը:
Միջոցառման ավարտին Անժելա Պետրոսյանը ՀՑԹԻ-ին նվիրեց «Եղեռնի ցավի քառուղիներում» պատկերազարդ ալբոմը, որտեղ ներկայացված են աշակերտների գերդաստանների պատմությունները: