07.12.2021
Ամիսներ առաջ՝ 2021 թ. ապրիլին, «Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաշխատողների գործուն մասնակցությամբ կազմվեց Հայոց ցեղասպանության պատմության և առանձին դրվագների, ինչպես նաև ցեղասպանագիտության վերաբերյալ մեծարժեք գրականության ցուցակ, որն ուղարկվեց ԱՄՆ Հայագիտական ուսմանց ընկերակցութեանը, խնդրանքով՝ օժանդակել վերջիններիս ձեռքբերման հարցում։
Ուրախությամբ հայտնում ենք, որ օրերս ՀՑԹԻ գիտական գրադարանը համալվեց ավելի քան 130 անուն արժեքավոր գրականությամբ, որը ձեռք է բերվել Հայագիտական ուսմանց ընկերակցութեան անդամների նվիրատվությունների արդյունքում և փոխանցվել է թանգարան-ինստիտուտին, ինչի համար հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը։
Երևույթը մենք գնահատում ենք որպես «Գիտնականները գիտնականների համար» կարգախոսի (որը շարժում դառնալու հավակնություններ է դրսևորում) կենսագործման փայլուն օրինակ: Մեր հիմնարկների համագործակցությունը միաժամանակ Հայաստան-Սփյուռք գիտական կապերի ևս մեկ՝ կարևոր դրսևորում է, և լիահույս ենք, որ այս շահեկան համագործակցության արդյունքում կիրականացվեն արդիական ու նորովի լույս սփռող հետազոտություններ:
Խորին երախտագիտությամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ