08.10.2022
ՀՑԹԻ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների շարքում է Սերոբ Հարությունի Թորոսյանի հուշը, որը գրի է առել վերջինիս տղան՝ Գրիգոր Թորոսյանը, 1970 թ. հունվարին:
Սերոբ Թորոսյանը ծնվել է 1904 թ. Արևմտյան Հայաստանի Դիաբեքիրի նահանգի Մադեն քաղաքում: Սակայն, Սերոբի հոր մահից հետո ընտանիքը 1911 թ. տեղափոխվում է Արաբկիր: 14 երեխա են եղել ընտանիքում, որոնցից կենդանի է մնացել Սերոբը, մեծ քույրը և փոքր եղբայրը:
«1915 թ. հոկտեմբերին Երզնկայից եկած աքսորյալների մի քարավանի միացրին նաև արաբկիրցիներից շատերին: Ինձ ու եղբորս էլ միացրին նրանց, չնայած մորս բազմաթիվ խնդրանքներին, որովհետև ես ընդամենը տասնմեկ տարեկան էի, իսկ եղբայրս`յոթ: Իմ ձախ ձեռքը կապել էին եղբորս աջ ձեռքին: Մայրս հազիվ հասցրեց մի փոքրիկ կապոցով հաց ու մի քիչ էլ չոր միրգ դնել մեզ հետ», - գրում է Սերոբ Թորոսյանը:
Քանի որ Սերոբ Թորոսյանի քրոջ ամուսինը զինվորական էր, իր ընտանիքը չեն աքսորում, և 1915 թ. կոտորածի օրերին քույրը և փեսան իրենց խնամքի ներքո են վերցնում փոքրիկ Սերոբին: Սակայն շուտով վերջիններիս տեղափոխում են Հալեպ, և Սերոբը մոր հետ մնում է Մադենում:
1920 թ. մահանում է մայրը: Իր հուշերում Սերոբ Թորոսյանը գրում է.
«Դա իմ կյանքի ամենացավալի օրն էր: Դեռ երեկ նա օրհնում էր ինձ. «քար բռնես ոսկի դառնա, ծովն էլ միշտ ծնկիցդ վեր չլինի»:
Իր կյանքը փրկելու համար Սերոբը ստիպված է լինում մահմեդականություն ընդունել և բնակություն հաստատել Յուսուֆ աղայի տանը՝ որպես վերջինիս փեսա:
«Քիչ անց մոլլայի գլխավորությամբ գնացինք մզկիթ, որտեղ էլ թլպատեցին ինձ, և «Հայ Սերոբը» դարձավ «Թուրք Նուրի»,- պատմում է Սերոբը:
Այդ ամբողջ ընթացքում Սերոբը փախուստի տարբերակներ է մշակում: Ի վերջո քրոջ ամուսնու և մի քուրդ քարավանապետի օգնությամբ կարողանում է փախչել՝ իր հետ վերցնելով սեփական տան բակում պահած ընտանեկան մասունքը՝ Ավետարանը:
«Մեր այգու ետնամասում մի փոքրիկ փոս արեցի և հետս բերած փափուկ կաշվի մեջ փաթաթեցի մեր տան Ավետարանը, մոմ հալեցի և այն պատեցի մոմով որպեսզի հողի մեջ մնալուց խոնավությունից զերծ մնա: Վերադարձիս ինձ հետ վերցրի Մադենի մեր ունեցվածքների վավերագրերը, որպեսզի այն պահեմ իմ սենյակում»:
Քրոջ ամուսնու օգնությամբ հասնելով Հալեպ՝ մեկընդմիշտ ազատվում է Յուսուֆ աղայից ու մահմեդականությունից.
«Ես խոստովանեցի և հաղորդություն ստացա ու թուրք Նուրիից վերստին դարձա իմ ազգությանն ու կրոնին` որպես Սերոբ Թորոսյան»,- գրում է հուշագիրը:
2008 թ. Սերոբ Թորոսյանի տղան՝ Գրիգոր Թորոսյանը, իր հոր հուշերը, մի քանի լուսանկար և Ավետարանը հանձնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հրաշքով փրկված Ավետարանը ընդգրկված է Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրության մեջ:
Քրիստինե Նաջարյան
ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու
Սերոբ Թորոսյանի և կնոջ՝ Ծաղիկ Գործակատարյանի հարսանեկան լուսանկարը, Հալեպ, 1925թ.
Սերոբ Թորոսյանի ընտանիքը՝ ձախից առաջինը՝ Սերոբ Թորոսյան, Կարապետ Ջրաղացպանյան (որդեգիր զավակը), Ծաղիկ Գործակատարյան, Խաչատուր Գործակատարյան, Հալեպ 1929թ.
Գրություն «Ապրեցանք սիրով» Սերոբ Թորոսյանի կողմից
Հրաշքով փրկված Ավետարանը Հայոց ցեղասպանության թանգարանում