08.12.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի առաջին փոխնախագահ տիկին Ստեֆանի Պերնոյի, տնտեսական հարցերով խորհրդական տիկին Սոֆի Կրուզի և «Քվեբեկ, Ֆրանսիա և ֆրանկոֆոնիա» գործընկերության ղեկավար տիկին Ագնես Հերնյուի ղեկավարած պատվիրակության անդամները դեկտեմբերի 8-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին տիկին Ստեֆանի Պերնոն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի առաջին փոխնախագահ տիկին Ստեֆանի Պերնոյին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրեց ՀՑԹԻ վերջին հրատարակություններից: