8.12.2022
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված էին Բեռլինի Ազատ համալսարանի արտաքին կապերի վարչության ղեկավար դոկտոր Հերբերտ Գրիշոփը և Թեժ գծի հետազոտական ծառայության ղեկավար դոկտոր Անդրեաս Թրամփը, դեկտեմբերի 8-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Քրիստիան Հաասեն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: