ԱԲԳԱՐԵԱՆ-ՄՈՒՇԵՂԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ
Ադանայի հայոց կրթական խոշորագույն հաստատություններից մեկի պատմությունից
Աբգարեան վարժարանի շրջանավարտներն
իրենց ուսուցիչներով,
Ադանա, 1914 թ.
Դպրոցն ու կրթությունը մշտապես գտնվել են հայերի ուշադրության կենտրոնում, ուստի ամենափոքր հնարավորության դեպքում բոլոր ջանքերն ուղղվել են կրթական հաստատություններ հիմնադրելու գործին: 19-րդ դարում հայ մտավորականների նոր սերնդի նախաձեռնությամբ կազմավորվեցին տարբեր միություններ և ընկերություններ, որոնց նպատակն էր Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում ու Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերում ստեղծել կրթական հաստատություններ:
1870-ականներին Ադանայում հիմնադրվում է «Ատանայի Աբգարեան ընկերութիւնը», որի հիմնական նպատակներից էր իր հովանավորության ներքո ազգային վարաժարանի բացումը:
«Աբգարեան ընկերութիւնը», Ազգային իշխանությունների հետ համաձայնեցնելով, Կիլիկիո կաթողիկոսոարանին պատկանող և Ս. Աստվածածին եկեղեցուն կից «Ախըրլըգին տեղը» (Խան ախոռատան հողի վրա), երկու սենյակ վերանորոգելով, հաստատում է դպրոց, որը ժողովրդի կողմից կոչվում է «Քիւչիւք Աբգարեան» («Փոքր Աբգարեան»):
«Աբգարեան ընկերութիւնը» գործել է 2-3 տարի, ցավոք չեն պահպանվել ոչ հիմնադիրների և ոչ էլ վարժապետների անունները: Սակայն նրա կրթասեր անդամներն ըներությունը լուծարելուց առաջ Ազգային իշխանությունների հետ պայմանավորվածություն են ձեռք բերում համաձայն որի.
Յանձն առած են իրենց դպրոցը թողուլ Ազգին, պայմանաւ որ նորաշէն դպրոցին անունը պահպանուի Աբգարեան»:
Պատվավոր այս փոխանցմանը զուգահեռ Ազգային իշխանությունները իրենց գործողությունները համաձայնեցնում են արդեն իսկ Կիլկիայում գործունեություն ծավալող «Միացեալ Ընկերութիւնք Հայոց» վարչության հետ, որը պետք է հանձն առներ մատակարարելու նորահաստատ վարժարանը: Իսկ Ազգային իշխանությունները պարտավորվում էին ընդարձակել վարժարանի շենքը:
Համաձայն երկու պայմանավորվածությունների Ազգային իշխանությունները հին գերեզմանատան հողի վրա՝ «Սիբթիլլի» («Սուրբ-Դալիլէ» կույսի աղավաղված ձևը) թաղամասում 1880 թ. կառուցում են 4 դասարանով և 1 ընդարձակ սրահով վարժարան և հանձնում «Միացեալ Ընկերութեանը»՝
«Աբգարեան վարժարան» անունով:
1878-80 թթ. հիմնադրված «Աբգարեան վարժարանը» հետզհետե վերածվում է յոթամյա բարձրագույն նախակրթարանի, արդեն 1883-85 թթ. ունենալով.
«Խոշոր սրահ մը, 5 դասարաններ եւ շատ ընդարձակ բակ մը, ուր կը գտնուէին մարմնամարզական զանազան գործիքներ»:
Ադանայի հին հայկական գերեզմանոցի չօգտագործվող տարածքում տարիներ ի վեր կար առևտրային-տնտեսական և կրթական հաստատություններ կառուցելու ծրագիր, սակայն տարբեր պատճառներով այն չէր իրականում: Խնդրի կապակցությամբ Հայոց թեմի առաջնորդ Մուշեղ Ծ. Վ. Սերոբեանի նախաձեռնությամբ 1905 թ. նոյեմբերի 16/24-ին Ադանայի Գավառական, Կրոնական և Քաղաքական ժողովների, ինչպես նաև Տնտեսական ու Թաղական խորհուրդների մասնակցությամբ գումարվում է Խառը ժողով: Արդյունքում կառուցվում է դպրոց, պանդոկ, սակարան, ինչպես նաև մեծ թվով խանութներ: Միևնույն ժամանակ կառուցվելիք նոր վարժարանի՝ «Կիլիկեան գիշերօթիկ վարժարան», հսկա շենքն ավարտին հասցնելու համար կազմակերպվում է հանգանակություն: Հանգանակված գումարներով վճարվում էին ինչպես վերոնշյալ վարժարանի շինության ծախսերը, այնպես էլ ձեռնարկվում Աբգարյան վարժարանի հին շենքի վերակառուցումը: Վարժարանը վերակառուցումից հետո ի պատիվ Ադանայի Հայոց թեմի առաջնորդի վերանվանվում է
«Մուշեղեան»: «Մուշեղեան վարժարանն» իր աշխատանքներն է սկսում 1905-1906 թթ. դպրոցական ուսումնական տարվա սկզբին:
1901-1915 թթ. նախապատերազմական տարիներին վարժարանը 9-ամյա դասընթացով հավակնում է
«բարձրագոյն վարժարանի» մակարդակի՝
. Տարրական նախակրթարան՝ 5 կարգով
. Ուսումնական՝ 4 կարգով
1901-1915 թթ. ընթացքում «Աբգարյան-Մուշեղեան վարժարանի» միայն շենքամասերի զբաղեցրած հողի տարածությունը՝ 12.835 քառակուսին, կանգուն էր:
1909 թ. ջարդի օրերին «Մուշեղեան վարժարանն» ու հարակից տարածքները ամբողջությամբ հրկիզվում են: Ջարդին հաջորդող աշնանը վարժարանը իր դպրոցական տարեշրջանն է սկսում Մանուկ Շահպազեանի տրամադրած «Սարը Ղօնախ» («Դեղին պալատ») շենքի մեջ, որը բոլորովին հարմար չէր որպես վարժարան շահագործվելու համար: Հրկիզումից մեկ ու կես տարի հետո կառուցվում է նոր վարժարանի նոր շենքը և 1911 թ. նոյեմբերին աշակերտներն արդեն տեխափոխվում են:
1915 թ. մարտին «Աբգարեան վարժարանը» բռնագրավվում է Օսմանյան կառավարության կողմից և վերածվում զինվորական առաքումների կայանի:
1918 թ. Մուդրոսի զինադադարից հետո վարժարանը վերակազմավորվում է: 1919-1921 թթ. սկսում են դասերը «Մանկապարտէզ-Ծաղկոցի Բաժնի»՝ 356 և «Բարձրագոյն նախակրթարանի Բաժնի» 780 աշակերտներով:
1921 թ. նոյեմբերին սկսված Կիլիկիո հայության կրկնակի բռնագաղթով փակվում է Ադանայի հայոց կրթական կոթողային հաստատություններից մեկի՝ «Աբգարեան-Մուշեղեան վարժարանի» պատմության վերջին էջը:
Անի Ոսկանյան
ՀՑԹԻ հայցորդ
Սարգիս Թօփճեան, Աբգարեան վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ, 1913 թ., Ադանա
Աբգարեան վարժարանի ուսուցչական կազմը, Ադանա, 1911-1912 թթ.
Նստած՝ ձախից աջ - Յակոբ Լուսարարեան, Տիգրան Պետրոսեան, Խաչիկ Տիրատուրեան, Միսաք Գույումճեան (Առանձար), Սահակ Հօճա, Յակոբ Առաքելեան, Մանաւեան, Յովհաննէս Պաստաճեան:
Երկրորդ շարք - Եղիշէ Դարբին, Գրիգոր Էքմէքճեան, Համբարձում Սարաճեան, Ֆէրմանեան, Վարագ Փողարեան, Ս. Գիւրէճեան, ……, Ա. Պապայէքեան:
Երրորդ շարք – Գէորգ Սիւրմէլեան, …….., ……..:
Չորրոդ շարք - Երուանդ Պետրոսեան, պր. Մանասէ…:
Մուշեղեան վարժարանի Բ. դասարան, 1909 թ.
Աբգարեան վարժարանի Դ. դասարան, 1907 թ.
Աբգարեան վարժարանի շրջանավարտները, 1900 թ., Ադանա
Կենտրոնում նստածը՝ տնօրեն դոկտ. Յակոբեան
Աբգարեան վարժարանի աշակերտախումբը իրենց երեք ուսուցիչներով
(Յակոբ Տ. Պօղոսեան, Ստեփան Բարիկեան, Կարապետ Գույումճեան)
Ադանա, 1895 թ.