11.02.2021
Սույն թվականի փետրվարի 16-ին ժամը 14:00 «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների դահլիճում տեղի կունենա 2020 թ. ընթացքում ՀՑԹԻ կողմից հրատարակված և վերահրատարակված ութ գրքի շնորհանդեսը:
Անցած տարին հրատարակությունների առումով աննախադեպ էր ՀՑԹԻ համար: Աշխատակիցների ջանքերով հրատարակվեց ութ գիրք, այդ թվում ՀՑԹԻ գիտաշխատող
Նարեկ Պողոսյանի մենագրությունը՝
«Հայոց ցեղասպանության խնդիրը Ռաֆայել Լեմկինի ուսումնասիրություններում», Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ֆինանսավորմամբ 2019 թ. կազմակերպված գիտաժողովին ներկայացված զեկուցումների ժողովածուն՝
«Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ. միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու»՝
Հարություն Մարությանի և
Նարինե Մարգարյանի խմբագրությամբ:
2020 թ. հիմք դրվեց «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարին, որի շրջանակներում նախատեսվում է հրատարակել ՀՑԹԻ ֆոնդերում պահվող անտիպ հուշագրությունները: 2020 թ. հրատարակվեցին շարքի առաջին չորս գրքերը: Որպես շարքի խորհրդանշական մեկնարկ ընտրվեց Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունը՝
«Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը»:
«Ավրորա» հիմնադրամի աջակցությամբ հրատարակվեցին գրքի անգլերեն ու հայերեն տարբերակները, իսկ Ֆրանսիայի
La Region Auvergne-Rhone-Alpes տարածաշրջանի ղեկավարության տրամադրած միջոցներով՝ հուշագրության ֆրանսերեն տարբերակը: Նշենք, որ ի տարբերություն նախորդ հրատարակությունների, նոր հրատարակություններն ընդարձակ, մասնագիտական առաջաբանով են (հեղինակ՝
Լուսինե Աբրահամյան) և շուրջ 100-ի հասնող ծանոթագրություններով (
Ռոբերտ Թաթոյան և
Լուսինե Աբրահամյան)։
2020 թ. լույս տեսավ նաև նշված մատենաշարի 4-րդ գիրքը, որի մեջ ամփոփված են ՀՑԹԻ գիտաշխատողներ
Ռոբերտ Թաթոյանի և
Ռեգինա Գալուստյանի կողմից խմբագրված, ծանոթագրված, առաջաբանով ու հավելվածներով հարստացված ցարդ անտիպ երկու հուշագրություններ՝ «Արամ Մանթաշյան,
Արամը չէր կարող Սեյտո լինել» և «Սոկրատ Մկրտչյան,
Հուշեր»:
ՀՑԹԻ կողմից հրատարակվել է նաև
Ռայմոնդ Գևորգյանի “The Armenian Genocide and Its Consequences” նկարազարդ գրքույկը, ինչպես նաև՝
Ռուբեն Ադալյանի “Remembering and Understanding the Armenian Genocide” գրքույկի չորրորդ, լրացված հրատարակությունը։
Լույս են տեսել նաև ՀՑԹԻ «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի 2020 թ. առաջին և երկրորդ համարները, ինչպես նաև՝
“International Journal of Armenian Genocide Studies” 2020 թ. համարը:
Շնորհանդեսին որպես հյուր կմասնակցի
Սոնա Մանուկյանը, ով կներկայացնի իր հեղինակած գիրքը՝
«Երբ լռում է մարդկությունը։ Փաստավավերագրական վեպեր»:
Սիրով սպասում ենք Ձեզ: