11.08.2016
1920թ.-ին Նյու Յորքի պոլոյի խաղադաշտում բեյսբոլի լեգենդար մարզիկ Բեյբ Ռութը նվիրեց իր 50-րդ հաղթանակած մականը Նվարդ Ձերոն Կոշկարյանին: Մերձավոր Արևելքի նպաստամատույցի ներկայացուցիչ Նվարդը ստացավ մականը, որը աճուրդի էր հանվել 1915թ.ի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբերին աջակցելու համար:
Նվարդը, այն հաջողակ կինը, ով հանդիպել էր բեյսբոլի լեգենդին, ծնվել էր Հայաստանում, Խարբերդի նահանգում: Դեռ վաղ հասակից Նվարդը թուրքական հալածանքների պատճառով ստիպված է եղել ծնողների հետ գաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Արդեն հասուն տարիքում հաջողակ պրոֆեսիոնալ նկարչուհի Նվարդը թողեց իր կարիերան` ողջ ժամանակը նվիրելով հայերի դեմ գործադրված դաժանությունների մասին մարդկանց իրազեկելու գործին:
Թեպետ որոշ տեղական թերթեր շատ մակերեսորեն լուսաբանել էին իրադարձությունը` տպագրելով նկարը և կարճ բացատրություն տալով, դրանցից ոչ մեկը մանրամասնորեն չէր անդրադարձել աճուրդին:
Այժմ, արդեն հարյուր տարի անց, շատ հարցեր այդպես էլ անպատասխան են մնում: Ով էր արդյոք գնել մականը` այդպիսով աջակցելով հայկական խնդրին: Ինչ գնով է այն վաճառվել: Արդյոք այն որևէ մասնավոր հավաքածուի մեջ է գտնվում, թե պահվում է թանգարանում: Արդյոք այն դեռ գոյություն ունի:
Այդ աճուրդի և մականի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս նոր լույսի տակ դիտարկել Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո միջազգային հանրությունում տիրող մթնոլորտն ու ժամանակի այդ հանրաճանաչ անձնավորության ազդեցությունը տվյալ հասարակության մեջ:
Բացի դրանից, ի հավելում այդ ընդգրկուն ազդեցության, այսքան տարիներ անց այդ իրադարձության մանրակրկիտ հաշվետվությունը կարող է Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի ակտիվ գործունեության ավելի ճշգրիտ պատկերը ներկայացնել:
Նյութը պատրաստվել է Հրաչ Հաննէսեանի կողմից:
Լուսանկարում Նյու Յորքյան յանկիների գծավոր համազգեստով Բեյբ Ռութը նվիրում է իր 50-րդ հաղթական մականը, որպեսզի այն հանվի աճուրդի` հայ որբերին աջակցություն ցույց տալու համար:
Լուսանկարի հեղինակային իրավունքը` Անդրվուդ ընդ Անդրվուդ / Underwood & Underwood/ , Նյու Յորք, 1920թ.:
Լուսանկարը տպագրվել է ամերիկյան “The American Golfer” ամսագրում, էջ 12, 1920թ. հոկտեմբերի 9-ի համարում: