Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԲՈԴԻԼ ԲՅՈՐՆ- 150
(1871 – 1960)



Բոդիլ Կատարինե Բյորնը ծնվել է 1871 թ. հունվարի 27-ին Նորվեգիայի Կրագերո քաղաքում: Երաժշտություն է ուսումնասիրել Գերմանիայում, իսկ հոգևոր կրթություն ստացել Օսլոյում: Նորվեգիայում և Գերմանիայում տասը տարի բուժքույր աշխատելուց հետո, նա միացել է «Կանանց առաքելության աշխատողներ» (ԿԱԱ, Women Missionary Workers, Kvindelige Missions Arbejdere) կազմակերպության նորվեգական մասնաճյուղին(1):

1905 թ. ձմռանը Բոդիլն ուղարկվել է Գերմանական արևելյան առաքելության կողմից հիմնադրված Մարաշի գերմանական հիվանդանոց: Կարճ ժամանակ անց նրան գործուղել են Մեզրե` գերմանական որբանոցում աշխատելու համար: Մեզրեում գործում էր միսիոներական կայան, սակայն Մուշն ուներ միայն երկու թուրք բժիշկ, որոնցից մեկը` ռազմական: Բյորնը 1907 թ. հաստատվում է Մուշում, որտեղ մնում է ինը տարի: Այստեղ նա հիմնում է ամբուլատորիա, որը տարեկան սպասարկում էր մինչև 4000 այցելուի(2):

Մուշում մնալու ողջ ընթացքում նա շարունակում է տնային այցեր կատարել շրջանի գյուղեր` բժշկական օգնություն ցուցաբերելով քրիստոնյաներին և մուսուլմաններին հավասարապես: Բոդիլը սկսում է նաև սովորեցնել բժշկության գործը, անհարաժեշտության դեպքում օգնականներ և իրեն փոխարինողներ ունենալու համար: Բյորնը դպրոց է հիմնում գրել-կարդալ չիմացող կանանց համար, որտեղ սկսում են դասավանդել որբանոցի աղջիկները: Դրամահավաքի նպատակներով տեղացիների կենցաղը ԿԱԱ մասնաճյուղերում ներկայացնելու համար Բյորնն իր հետ Նորվեգիայից բերել էր ֆոտոխցիկ: Նրա լուսանկարները օգտագործվում էին «Կանանց առաքելության աշխատողների» հավաքներին զեկույցներ ներկայացնելու ժամանակ, իսկ հետագայում ծառայեցին որպես ցեղասպանությունը փաստող ապացույցներ(3): 1910 թ. Բյորնին միացավ շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնը: Բյորնը շրջանում արդեն հայտնի էր «բժիշկը» տիտղոս-մականունով, այդ իսկ պատճառով Յուհանսոնին սկսեցին անվանել «նոր բժիշկ», ինչը Բոդիլը համարում էր միաժամանակ և՛ ճնշող, և՛ պարտավորեցնող(4): Նրանց միսիոներական կայանը 1913 թ. դրությամբ կազմված էր իգական, արական որբանոցներից և արական դպրոցից, իսկ 1914 թ. նրանք ամբուլատորիան արդեն հիվանդանոց էին դարձրել:

1915 թ. Բյորնն իր վրա ողջ ծանրությամբ զգում է Օսմանյան կայսրությունում թուրքական կառավարության կողմից իրագործվող Հայոց ցեղասպանության դաժանությունը: Նրա և Յուհանսոնի խնամած որբանոցի սաները 1915 թ. հուլիսին, խոստումով, որ կտարվեն Միջագետք, թուրքական ոստիկանության կողմից դուրս են հանվում քաղաքից և ողջակիզվում(5): Այս դեպքը հսկայական հոգեբանական հարված էր երկու կանանց համար, սակայն սգալու ժամանակ չկար: Վերադարձող վիրավոր թուրք և հայ զինվորները ճակատում բռնկված տիֆի համաճարակը հասցնում են Մուշ: Քանի որ հատուկ հիվանդանոց նրանց համար գոյություն չուներ, վարակը շուտով տարածվում է Մուշի ողջ շրջանում: Յուհանսոնը և Բոդիլը լծվում են վարակակիրների բուժման գործին: Ըստ Բոդիլի, ծանր էր հատկապես հայ զինվորների վիճակը, որոնք հյուծվել էին բանվորական գումարտակներում ծառայելու արդյունքում. «շատերը մահացան, որոշները փրկվեցին, ավելի ուշ սպանվելու համար»(6):

Պատերազմով պայմանավորված գրաքննությունը թույլ չէր տալիս միսոներներին աշխարհին Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակը ներկայացնել: Բոդիլի առաջին նամակը ԿԱԱ-ին թվագրված է 1915 թ. սեպտեմբերով: Այնտեղ նա շատ քողարկված կերպով ներկայացնում է Մուշի հրկիզումը և խնդրում իրեն թույլ տալ մի քանի հայ ուսուցչուհիների իր հետ Նորվեգիա տանել աշխատելու, չբացատրելով պատճառը(7): Շատ ժամանակ նրա նամակներն ուղղակի աստվածաշնչյան սաղմոսներ են, որոնց միջոցով նա փորձում է գործընկերներին հաղորդել իր հոգեվիճակը, ինչպես օրինակ. «Խրուեցայ ցեխի մէջ որ յատակ չ’ունի. Ջրերի խոր տեղը մտայ, եւ պտոյտները ինձ կուլ են տալիս։ Յոգնած եմ իմ աղաղակելովը. Կոկորդս ցամաքեց, աչքերս նուաղեցան՝ Աստուծուն մտիկ տալով։ Իմ գլխի մազերիցը շատացան ինձ զուր տեղը ատողները. Զօրաւոր են ինձ կորցնել ուզող թշնամիներս. Ինչ որ չեմ յափշտակել՝ նա պէտք է վճարեմ (Սաղմ. 69: 2-4)»(8): Մուշից մի քանի փրկված հայերի հետ Յուհանսոնը և Բոդիլը մեկնում են Մեզրե, որոշ ժամանակ աշխատում միսիոներներ Մարիա Յակոբսենի և Կարեն Մարի Պետերսենի հետ, այնուհետև Յուհանսոնը մեկնում է Կոստանդնուպոլիս դեպքերի մասին զեկուցելու, իսկ Բոդիլը վերադառնում է Մուշ` հնարավոր փրկվածներին, նրանց մեջ նաև իր սաներից ոմանց գտնելու հույսով: Վերադառնալով նա հավաքում է թաքստոցում մնացած հայերի և բոլորին բողոքական ներկայացնելով՝ կարողանում պարեն ու դեղորայք հայթայթել նրանց համար(9):

1916 թ. փետրվարին ռուսական բանակի առաջխաղացումով պայամանավորված թուրքական իշխանությունները կրկին Բյորնին ստիպում են հեռանալ: Նա իրեն շրջապատող մի քանի հայերով հասնում է Բիթլիս, որտեղ նրան մեկ ուրիշ աղետ էր սպասում. «ինձանից տարան իմ վերջին հայ ընկերներին և երեխաներին, որոնց փրկել էի» (10): Բոդիլն այնուհետև իրեն ուղեկցող թուրք ոստիկանի հետ մեկնում է Դիարբեքիր, որտեղ երեք շաբաթ ապարդյուն փորձում է նրանց հետ վերադարձնել, այնուհետև մեկնում է Հալեպ, այնտեղից Հարունիե`Կիլիկիա, մոտ մեկ տարի գերմանական որբանոցում աշխատում որպես բուժքույր: 1917 թ. Բյորնը վերադառնում է Նորվեգիա՝ 1915-ին որդեգրած մի հայ տղայի հետ, որին մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի պատվին անվանում է Ֆրիտյոֆ-Ռաֆայել:

Առաջին աշխարհամարտից հետո Բյորնը վերադառնում է Օսմանյան կայսրություն դաշտային աշխատանքի: Այստեղից մեկնում է Հայաստանի Խորհրդային Հանրապետություն և Ալեքսանդրապոլում հիմնում «Լուսաղբյուր» որբանոցը: 1924 թ. խորհրդային իշխանությունը կասեցնում է Բյորնի գործունեույթունը: Որբանոցը փակվում է, իսկ թվով 33 սաները տեղափոխվում են Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի որբանոց: Բյոռնը փորձում է որոշումը վերանայել տալ, 1924 թ. օգոստոսի 27-ին նամակով դիմում է Հանրային լուսավորության կոմիսարին. «Յես կարող եմ վստահեցնել Ձեզ թե մեր հաստատության մեջ վորեվե կերպով հակառակ չեմ վարվել յերկըրի մեջ տիրող կարգերին յեվ օրենքներին: Յեթե իմ հավաքած վորբերին յես աշխատել եմ ներշնչել բարոյագիտական սկզբունքներ, դրանք չեն հակասել Ձեր իսկ դավանած մեծ սկզբունքներին: …Յես տարիներ ի վեր Թյուրքիայում նվիրված եմ յեղել հայ տառապանքին թեթեվացման սրբազան գործին, յեվ երկու տարուց ի վեր Ալեքպոլում սկսած գործը այնքան մոտիկ է իմ սրտին, վոր չեմ կարողանում հավատալ վոր կարելի լինի նրան վերջ տալ հանկարծ: …ջերմապես խնդրում եմ Ձեզանից վոր բարի լինեյիք վերաքննելու Ձեր տված վորոշումը մեր վորբանոցի մասին յեվ ինձ հնարավորություն տալու շարունակելու մեր գործը»(11): Հնարավորություն, իհարկե, չի ընձեռվում: Բյորնը մեկնում է Սիրիա և 1926-1935 թթ. աշխատում հայ գաղթականների շրջանում: Առաքելության ավարտից հետո նա վերադառնում է Օսլո, ապրում Ֆրիտյոֆի և իր թոռների հետ: Մինչև իր մահը` 1960 թ., նա չի դադարում խոսել և վկայել Հայոց ցեղասպանության մասին: Նրա կողմից արված լուսանկարները, օրագիրը և բազմաթիվ այլ փաստաթղթերը Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելու արժեքավոր սկզբնաղբյուր են, որոնք պահպանվում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ֆոնդերում:




*Ներկայացված նյութերը նվիրաբերվել են ՀՑԹԻ-ն Բոդիլ Բյորնի թոռ Յուսսի Ֆլեմինգ Բյորնի կողմից:





Ռեգինա Գալուստյան
ՀՑԹԻ հայցորդ, գիտական աշխատող





1. Կազմակերպության մասին մանրամասնորեն տե՛ս Matthias Bjørnlund, “Harput-Missionaries, Danish Missionaries in the Kharpert Province: A Brief Introduction,” http://www.houshamadyan.org/mapottomanempire/vilayetofmamuratulazizharput/harputkaza/religion/missio naries.html: Դիտվել է 23.01.2021:
2. Inger Marie Okkenhaug, “Spiritual Reformation and Engagement with the World: Scandinavian Mission, Humanitarianism, and Armenians in the Ottoman Empire, 1905-1914,” in Christian Missions and Humanitarianism in the Middle East, 1850-1950: Ideologies, Rhetoric, and Practices, eds. Okkenhaug I. M. and Summerer K. S. (Brill, 2020,) 99.
3. Նույն տեղում, 92:
4. Նույն տեղում, 100:
5. Ալմա Յուհանսոն, Աքսորյալ ժողովուրդ. մեկ տարի հայոց պատմությունից (Երևան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2008), 23, 24, 26:
6. Inger Marie Okkenhaug, “Scandinavian Missionaries, Gender and Armenian Refugees during World War I. Crisis and Reshaping of Vocation,” Social Sciences and Missions 23 (2010), 74.
7. Նույն տեղում, 81:
8. Աստվածաշունչ, Արարատ թարգմանություն, Սաղմոս 69, http://www.bible-links.org/: Դիտվել է 23.01.2021:
9. Okkenhaug, “Scandinavian Missionaries,” 77, 84.
10. Okkenhaug, “Scandinavian Missionaries,” 79.
11. Ալեքսանդրապոլի որբանոցի վարիչ Բոդիլ Բյորնի նամակն ուղղված Հանրային լուսավորության կոմիսարին, ՀԱԱ, ֆ. 113, ց. 38, գ. 45, թ. 191:









Լիբանանի ֆրանսիական մանդատի Բարձր կոմիսարի կողմից Բյորնին տրված անցաթուղթը, 1932 թ.
Բոդիլ Բյորնի անվանական ֆոնդ, ՀՑԹԻ հավաքածու



Ֆրիտյոֆ – Ռաֆայել Բյորն, փոստային բացիկ
Բոդիլ Բյորնի անվանական ֆոնդ, ՀՑԹԻ հավաքածու



Ներարկիչ՝ Բոդիլ Բյորնի բժշկական գործիքների հավաքածուից
Բոդիլ Բյորնի անվանական ֆոնդ, ՀՑԹԻ հավաքածու


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am