13.02.2019
Պաշտոնական այցով Երևան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունն այսօր առավոտյան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Կիպրոսի ՊՆ նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Կիպրոսից ժամանած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ ցուցադրությանը, այցի ավարտին նախարար Անգելիդիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին հանձնեց Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր ՝ «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times»։
Հիշեցնենք, որ դեռևս 1975 թ․ օգոստոսի 24-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատը բանաձև էր ընդունել Հայոց ցեղասպանության դատապարտման, հայ եղբայրական ժողովրդին ցավակից լինելու մասին։ Իսկ 2015 թ․ ապրիլի 2-ին Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: