29.01.2019
Հունվարի 27-ին Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի գլխավորությամբ հավաքվել էին Երևանում Ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ և Հոլոքոստի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել։
Միջոցառմանը ներկա էին նաև հրեաական համայնքի գլխավոր րաբբի Գերշ Բուրշտեյնը, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, գեներալ լեյտենանտ, հայ-հրեական ֆորումի ղեկավար, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը, Ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերի հուշարձանի հեղինակ, քանդակագործ Ռուբեն Արութչյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և անվանի գործիչներ:
Հիշատակի միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ տիկին Վարժապետյանը, ով հույս հայտնեց, որ նման ողբերգություններ այլևս չեն կրկնվի:
Ելույթ ունեցավ նաև ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ով մասնավորապես նշեց.
«Այսօր՝ հունվարի 27-ը, Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: 20-րդ դարը մնաց պատմության մեջ ոչ միայն մարդկային մտքի առաջընթացի՝ տեխնիկական նվաճումներով, այլև երկու ցեղասպանություններով, որոնց շարունակությունն են այսօր հանդիսանում Մերձավոր Արևելքի իրադարձությունները։ Ուստի ցեղասպանությունների հիշատակումը շատ կարևոր է, որպեսզի նման արհավիրքներ չկրկնվեն:
Ե՛վ Հայոց ցեղասպանության, և՛ Հոլոքոստի պարագայում շատ զոհվածներ գերեզման նույնիսկ չունեն, նրանց հիշելը, նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը նաև անհրաժեշտ է, որ վառ պահվի նրանց հիշատակը:
Պետք է պահպանել հիշողության մշակույթը։ Մենք պատրաստվում են Հայոց ցեղասպանության թանգարանում Հոլոքոստին նվիրված ցուցահանդես բացել։ Թող Հոլոքոստի ու Ցեղասպանության զոհերի հիշատակը օգնի մեզ շարունակել ապրել ու զարգանալ, առաջ գնալ»: