Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը 2015 թվականի հուլիսի 8-12-ը հյուրընկալելու է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ գիտաժողովը, որի խորագիրն է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն»:
Հեղինակավոր այս սգիտաժողովի անցկացումը Երևանում աննախադեպ է լինելու թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ակադեմիական բարձր վարկանիշի և, իհարկե, Մեծ Եղեռնի հարյուրերորդ տարելիցի տեսանկյունից:
գիտաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ցեղասպանագիտության և հարակից ոլորտների հարյուրավոր լավագույն մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից:
2015 թ. հուլիսին անցկացվելիք գիտաժողովը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին:
«Այս գիտաժողովի անցկացումը բացառիկ իրադարձություն է լինելու հայագիտության և, ի մասնավորի, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում: Հայաստան են ժամանելու հարյուրավոր հեղինակավոր գիտնականներ և երիտասարդ մասնագետներ, որոնց մասնակցությունը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տասներկուերորդ գիտաժողովին լավ առիթ է հանդիսանալու Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին ավելի խորքային պատկերացումներ ունենալու և, ինչու չէ, Հայաստանին և մեր մշակույթին մոտիկից ծանոթանալու համար»,-նշեց գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը:
1997 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010 թ. ստացել ՀՀ Նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ:
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար և խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994 թ. հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի (Israel Charny), Հելեն Ֆայնի (Helen Fein), Ռոբերտ Մելսոնի (Robert Melson) և Ռոջեր Սմիթի (Roger Smith) կողմից և այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում:
ՑՄԸ –ն և ՀՑԹԻ-ն ընդունում են մասնակցության հայտեր
Ընդունվում են 20-րդ դարի ցեղասպանությունների և ցեղասպանական բռնությունների թեմաներով հայտեր, մասնավորապես զեկույցներ հետևյալ հարցերի վերաբարյալ.
• «Ցեղասպանություն» - հին հանցագործության նոր սահմանում,
• ՄԱԿ-ի կոնվենցիայի հայեցակարգային հեռավորություններ. նոր մոտեցումներ,
• Հայոց ցեղասպանությունը. ձևանմուշ հետագա ցեղասպանական հանցագործությունների համար,
• Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների և եզիդիների ցեղասպանությունը,
• Ցեղասպանության համեմատական հետազոտություն. Հոլոքոստ, ցեղասպանություններ Ռուանդայում, Բոսնիայում, Կամբոջայում, Դարֆուրում, Ինդոնեզիայում, Բանգլադեշում և Լատինական Ամերիկայում,
• Ցեղասպանական գործընթացը. վաղ ահազանգման նշաններ, կանխատեսում և կանխարգելում,
• Ցեղասպանության դինամիկան, պատճառները և հետևանքները,
• Պատժել ցեղասպանական հանցագործությունները. փոխհատուցման հարցը և միջազգային արդարության սահմանափակ կարողությունը,
• Ցեղասպանություն, հավաքական հիշողություն, պատմողական և հասարակական ոգեկոչում,
• Ցեղասպանությունը կրթությունը որպես քայլ դեպի կանխարգելում,
• Ցեղասպանության ժխտումը,
• Նոր ուղղություններ ցեղասպանության հետազոտության մեջ. առաջընթաց, խնդիրներ և նոր հետազոտությունների հնարավորություններ:
Բացի անհատական դիմումներից, կազմակերպիչները խրախուսում են ներկայացման տարբեր եղանակներ, այդ թվում՝ սեմինարներ, կլոր սեղանի քննարկումներ, ֆիլմի ցուցադրություն, գրքերի շնորհանդես, մշակութային, մեդիա և գեղարվեստական գործեր/ընթերցումներ:
Գիտաժողովը կսկսվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորաստեղծ ցուցադրության այցելությամբ: Գիտաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան իրենց նախընտրությամբ մեկ օր տրամադրել շրջագայության դեպի Գյումրի, որտեղ Հայոց ցեղասպանությունից հետո Ամերիկյան նպաստամատույցի կողմից հիմնվել է աշխարհի խոշորագույն որբանոցը, ինչպես նաև այցելել Մուսա լեռան ինքնապաշտպանության հուշարձանը Երևանի մոտակայքում:
Գիտաժողովին ներկա կարող են գտնվել բոլոր հետաքրքրվող մասնագետներն ու ուսանողները, սակայն ելույթ ունենալու կամ ունկնդրելու համար պետք է լինել ՑՄԸ–ն անդամ, վճարել մասնակցության համար: Անդամագրվելու և վճարումներ անելու համար այցելել`
www.genocidescholars.org/membership և
www.genocidescholars.org/Yerevan2015 :
Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2015 թ. հունվարի 23-ը: Դիմումները պետք է ներառեն. էլեկտրոնային հասցե, վերնագիր և համառոտագիր (abstract) (առավելագույնը 250 բառ անգլերեն) և համառոտ կենսագրական տվյալներ 3-4 նախադասություն (խնդրում ենք առանց CV-ի)։ Դիմումներն ուղարկել կազմկոմիտեին հետևյալ հասցեով:
iags2015yerevan@gmail.com
Հայտերի որակն ու համապատասխանությունը կգնահատվի գիտաժողովի Գնահատման հանձնաժողովի կողմից: Կազմկոմիտեն կհովանավորի զարգացող երկրներից եկող որոշ թվով մասնակիցների, որոնց հիմնարկները չեն կարող ապահովել ճանապարհի և կեցության ծախսերը, ինչպես նաև հատուկ դեպքերում այլ ուսանող-մասնակիցների: Հետագա հայտարարություններով կտեղեկացնենք նշված նպաստներից օգտվելու ընթացակարգի մասին:
Կազմկոմիտե