07.10.2014
Այսօր ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ դանիացի գրող, հայասեր Ինգա Նալբանդյանի ծննդյան 135 ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա էր նաև Ինգա Նալբանդյանի թոռը` Ֆրանս Նալբանդյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, ով հայ ժողովրդի անունից իր երախտագիտությունը հայտնեց մեծ հայասեր Ինգա Նալբանդյանին` նրա կատարած անգնահատելի աշխատանքի համար:
Ելույթ ունեցավ նաև Ինգա Նալբանդյանի թոռը` Ֆրանս Նալբանդյանը, ով մանրամասներ ներկայացրեց իր տատիկի կենսագրությունից:
Միջոցառմանը ներկայացվեց Ինգա Նալբանդյանի դեռևս 1917 թվականին «Քո եղբոր արյունն է կանչում» եռապատումի հայերեն թարգմանությունը: Աշխատանքը բաղկացած է երեք գրքերից` Մեծ ցավը, Ճակատագրով պատժվածները, Սպիտակ դաշտը: Դանիերենից թարգմանություննը կատարել է Հասմիկ Կուրղինյանը:
Միջոցառմանը տեղի ունեցավ նաև Ինգա Նալբանդյանի 135-ամյակի առթիվ հրատարակված փոստային բացիկի մարման արարողություն:
Ինգա Նալբանդյանը` օրիորդական անունը Հենրիետտե Լուսինդե Քոլին, ծնվել է 1879 թվականին դանիական Սոլերոդ քաղաքում` ազնվատոհմ Յոնաս Սիգիզմունդ Քոլինի ընտանիքում: Ծննդավայրում կրթությունը ստանալուց հետո, մեկնում է Շվեյցարիա` ֆրանսերենի դասեր առնելու: Այնտեղ էլ հանդիպում է ապագա ամուսնուն` Պաուլ Նալբանդյանին: 1904 թվականին նրանք ամուսնանում են: 1909 թվականին ամուսնու հետ ճամփորդում է Կոստանդնուպոլիս: Ամուսինը ստանձնում է հայկական գիմնազիայի տնօրինությունը, իսկ Ինգան աշխատանքի է անցնում տեղի հայկական հիվանդանոցում:
Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը և երիտթուրքերը սանձազերծում են հայերի կոտորածները:
Ինգայի ամուսինը ծանր հիվանդանում է և շուտով մահանում: Ինգա Նալբանդյանին ոչինչ չի մնում անելու, քան փրկել երեխաներին: Նա վերադառնում է հայրենիք և հաստատվում Կոպենհագենում, որտեղ էլ 1929 թվականին հեռանում է կյանքից:
Ինգա Նալբանդյանն ունի հարուստ հրատարակչական կենսագրություն, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է:
1916 թվականին մազապուրծ հասնելով Դանիա, նա ձեռնամուխ է լինում թղթին հանձնելու իր տեսածն ու լսածը: Երեք տարում գրում է պատմվածքների մի ամբողջ շարք և եռագրությունը, որը եվրոպական հասարակության համար հանդիսացավ Հայոց ցեղասպանության մասին գրելու առաջին փորձը:
Ինգայի գրքերը թարգմանվել են շվեդերեն, անգլերեն, ֆլամանդերեն և ֆրանսերեն: Ավելի ուշ Ինգան սկսում է համագործակցել Ազգերի Լիգայում Դանիայի պատվիրակ Հեննի Ֆորչհամերի հետ` ի պաշտպանություն Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած փախստականների իրավունքների: