«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է իրավագետ Ռաֆայել Լեմկինի անվան 2020 թ. հետազոտական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը: Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը նպատակ ունի ընդլայնել Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունները, խթանել թեմայի բազմակողմանի հետազոտությունը և ներգրավվել երիտասարդ գիտնականների:
Ծրագիրը հնարավորություն կտա մինչև 40 տարեկան օտարերկրյա մեկ ասպիրանտի կամ երիտասարդ գիտնականի, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում և աշխատում են դոկտորական թեզի վրա, մեկ ամիս անցկացնել Հայաստանում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում, ինչպես նաև ՀՀ այլ գիտական հաստատություններում և գրադարաններում գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության, կացարանի և օրապահիկի ծախսերը:
Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2020 թ. փետրվարի 15–ն է:
Հաղթող դիմորդը հայտնի կդառնա 2020 թ. մարտի 1-ին:
Ծրագրի ավարտին դիմորդը պարտավոր է հանդես գալ զեկույցով և ներկայացնել մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքի ամփոփումը:
Ծրագրի շրջանավարտը պարտավորվում է նաև ծրագրի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, գիտական հոդվածի տեսքով ներկայացնել իր կատարած ուսումնասիրությունների արդյունքը: Հոդվածը կարող է հրատարակվել ՀՑԹԻ կողմից լույս տեսնող
International Journal of Armenian Genocide Studies գիտական ամսագրում:
Հաղթող դիմորդի հետ ծրագրի ընթացքում կազմակերպվելու է կլոր-սեղան քննարկում ոլորտի հայաստանյան մասնագետների և ՀՑԹԻ գիտաշխատողների հետ:
Ծրագրի մեկնարկը 2020 թ. ապրիլի 1:
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
- ինքնակենսագրություն,
- ուսումնասիրության համառոտ նկարագիր,
- հրատարակած աշխատությունների ցանկ (առկայության դեպքում),
- համալսարանական երկու դասախոսների հանձնարարական,
- դիմումաձև:
Հաղթողին որոշելու է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհուրդը:
Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը հիմնադրվել է 2010 թ., մինչ օրս ունեցել է 13 հաղթող: Մանրամասների համար այցելել՝
http://www.genocide-museum.am/arm/Lemkin-Alumni.php
Ռաֆայել Լեմկինի մասին
Իրավագետ Ռաֆայել Լեմկինը (1900-1959 թթ.) ստեղծել է «ցեղասպանություն» եզրույթը, ինչպես նաև մասնակցել է 1948 թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի կազմմանը:
Իր ահռելի գիտական ժառանգության մեջ Լեմկինը հատուկ տեղ է հատկացրել նաև Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը:
Դեռևս պատանի հասակում Ռաֆայել Լեմկինի վրա մեծ տպավորություն էին թողել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները: Լվովի համալսարանում ուսանելիս նա տեղական թերթից տեղեկանում է Սողոմոն Թեհլիրյանի կողմից Բեռլինում Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանության մասին: Հայոց ցեղասպանությունն իրագործած թուրք հանցագործների անպատիժ մնալու հանգամանքն անհանգստություն է առաջացնում Լեմկինի մոտ: Լեմկինը որոշում է խորանալ միջազգային իրավունքի ասպարեզում՝ մասնագիտանալով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության գործում: Չգտնելով ցեղասպանությունը կանխելու և այն իրագործող հանցագործներին պատժելու համապատասխան միջազգային նորմեր՝ նա ինքն է ձեռնամուխ լինում այդ նորմերի ստեղծման գործին: Մանրամասն՝
http://www.genocide-museum.am/arm/08.11.2017-Lemkin.php
ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿ
Դիմումներն ուղարկել այս Էլ. հասցեին: info@genocide-museum.am
Խնդրում ենք նշել նամակի թեման՝ Լեմկինի կրթաթոշակ 2020