Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆ 120
«Ես մի օր կարդացի թերթերում, որ բոլոր թուրք հանցագործներն ազատ են արձակվելու: Ես ցնցվեցի: Մեկ ազգ սպանվեց, իսկ մեղավոր անձինք ազատ արձակվեցին»:



Հունիսի 24-ին լրանում է հայտնի իրավապաշտպան և իրավագետ Ռաֆայել Լեմկինի 120 ամյակը, ով մեծ ներդրում է ունեցել ցեղասպանագիտության` որպես գիտական առանձին ճյուղի ձևավորման և զարգացման գործում: Հատկանշական է, որ վերջինիս ահռելի գիտական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանության իրագործման խնդրի ուսումնասիրությունը։

Լեմկինը ծնվել է 1900 թ. հունիսի 24-ին Լեհաստանի արևելքում գտնվող Բեզվոդնե կամ Բեզվոդնա կոչվող ֆերմայում` Վոլկովսկ փոքր քաղաքի մոտակայքում, որն այն ժամանակ ցարական Ռուսաստանի կազմում էր: Հենց այստեղ է անցել Լեմկինի մանկության և պատանեկության տարիները, որի ընթացքում վերջինս հետաքրքրվել է զանգվածային սպանությունների մասին պատմություններով:

Լեմկինն իր ինքնակենսագրականում գրում է, որ 1913 թ.` 12 տարեկան հասակում, կարդալով լեհ գրող Հենրիկ Սենկևիչի «Յո՞ երթաս» պատմավեպը, որը վերաբերում էր առաջին դարում Ներոն կայսեր կողմից քրիստոնեություն ընդունած մարդկանց կոտորածներին, զարհուրել է, որ Ներոն կայսրը կարող էր քրիստոնյաներին առյուծների կերակուր դարձնել, ապա իր մորը հարցրել, թե ինչպես կարող է կայսրը նման ձևով ուրախություն առաջացնել հանդիսատեսի խմբի մեջ:

Դրվագը մտահոգում է պատանի Ռաֆայելին և նա խորասուզվում է ընթերցանության մեջ և նվիրվում էթնիկ խմբերի ոչնչացման ուսումնասիրության գործին: Ծանոթանալով Կարթագենի անկման, մոնղոլական արշավանքների, ֆրանսիական հուգենոտների հալածանքների պատմություններին` նա մորը միշտ տանջում էր զանգվածային կոտորածների պատմական դեպքերի մանրամասների մասին հարցերով:

Մեկ այլ դեպք, որ ցնցել էր Լեմկինին, հրեաների պոգրոմներն էին: 1906 թ. 70 հրեաներ սպանվել էին, 90-ը` ծանր վիրավորվել Լեհաստանի Բելոստոկի շրջանում (այն ժամանակ ցարական Ռուսաստանի կազմում էր) տեղի ունեցած ջարդերում։

Հաջորդ դրվագը, որը մեծ տպավորություն էր թողել Լեմկինի վրա, Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն էին: Դրա հետ կապված նա իր ինքնակենսագրականում գրում է, թե Թուրքիայում ավելի քան 1.2 միլիոն մարդու մահվան դատապարտեցին առանց պատճառի և միայն նրա համար, որ քրիստոնյաներ էին:

Ուշագրավ է, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների մասին հիշողությունները մնացին նրա գիտակցության մեջ, և երբ նա արդեն 21 տարեկան էր ու սովորում էր Լվովի համալսարանում, պատահաբար տեղական թերթից տեղեկանում է Սողոմոն Թեհլիրյանի կողմից Բեռլինում Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանության մասին: Լեմկինը սկսում է հետևել Թեհլիրյանի դատավարությանը:

Այս առիթով նա իր ինքնակենսագրականում գրում է. «Ես մի օր կարդացի թերթերում, որ բոլոր թուրք հանցագործներն ազատ են արձակվելու: Ես ցնցվեցի: Մեկ ազգ սպանվեց, իսկ մեղավոր անձինք ազատ արձակվեցին: Ինչո՞ւ են մարդուն պատժում, երբ նա սպանում է մի այլ մարդու, մինչդեռ միլիոնավոր մարդկանց սպանությունն ավելի փո՞քր հանցագործություն է, քան անձի սպանությունը: Մալթայից ազատված թուրք հանցագործները ցրվեցին աշխարհով մեկ: Նրանցից ամենասարսափելին Թալեաթ փաշան էր՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարը, ով նույնացվում է հայ ժողովրդի ոչնչացման հետ: Թալեաթ փաշան ապաստան գտավ Բեռլինում: Մի օր նրան փողոցում կանգնեցրեց Թեհլիրյան անունով մի հայ երիտասարդ: Թալեաթ փաշային ճանաչելուց հետո Թեհլիրյանը գնդակահարեց նրան: Նրա դատավարությունը դարձավ իրականում մի թուրքական ոճրագործի դատավարություն»։

Հայոց ցեղասպանությունն իրագործած թուրք հանցագործների անպատիժ մնալու հանգամանքն անհանգստություն է առաջացնում Լեմկինի մոտ, և նա քրեական իրավունքի իր պրոֆեսորի ուշադրությունը հրավիրում է այդ հարցի վրա՝ հարցնելով, թե թե ինչու հայերը կոտորածների համար չձերբակալեցին Թալեաթին:

Պրոֆեսորը պատասխանում է, որ գոյություն չունի օրենք, ըստ որի նա կարող էր ձերբակալվել: «Նկատի՛ ունեցիր ֆերմերի դեպքը, ում պատկանում է հավերի մի խումբ», - ասում է պրոֆեսորը, - «նա սպանում է դրանց և դա իր գործն է: Եթե դու միջամտես, դու ոտնձգություն ես կատարում»:

Լեմկինն արձագանքում է. «Հայերը հավեր չեն»: Պրոֆեսորը ձգտում է հիմնավորել իր փաստարկը. «Երբ դու միջամտում ես մի երկրի ներքին գործերին, դու ոտնահարում ես այդ երկրի ինքնիշխանությունը»:

«Հանցագործություն է Թեհլիրյանի համար սպանել մի մարդու, բայց հանցագործություն չէ բռնակալի համար սպանել ավելի քան մեկ միլիոն մարդու, - կրկին հարցնում է Լեմկինը, - սա ամենահակասականն է»: Լեմկինը զարմացած էր, որ «ինքնիշխանության դրոշը» կարող է պաշտպանել մարդկանց, ովքեր փորձում են ոչնչացնել մի ամբողջ փոքրամասնության: Չի՞ կարող, արդյոք, միջազգային իրավունքի նորմ ստեղծվել, որը կգործի զանգվածային սպանությունների համար:

Այս հարցադրումը հանգեցրեց նրան, որ Լեմկինը որոշեց փոխել իր ուսումնասիրության ոլորտը, որի արդյունքում նա լեզվաբանությունից իր ուշադրությունը կենտրոնացրեց միջազգային իրավունքի ուսումնասիրության վրա: Հետագա տարիներին, երբ Լեմկինն արդեն դասավանդում էր Յեյլի իրավունքի դպրոցում, իր ուսանողներին պատմում էր, թե ինչպես Թեհլիրյանի դատավարությունը փոխեց իր կյանքը։

Հայերի պատմության առանձնահատկությունների և հայերի կոտորածների վերաբերյալ Լեմկինի լրացուցիչ հետաքրքրությունը թերևս պայմանավորված էր նաև նրանով, որ երբ նա սովորում էր Լվովի համալսարանում, Լվովում գոյություն ուներ կենսունակ հայկական համայնք: Լվովի համալսարանում դասախոսում էին հայկական ծագում ունեցող դասախոսներ, բացի այդ Լեմկինի դասընկերներից շատերը հայկական ծագում ունեին։

1949 թ. CBS հեռուստաընկերության ծրագրերից մեկին իր տված հարցազրույցում Ռաֆայել Լեմկինը նշում է. «Ես հետաքրքրվեցի ցեղասպանությամբ, որովհետև այն շատ անգամ տեղի ունեցավ, այն տեղի ունեցավ հայերի հետ և դրանից հետո հայերը շատ կոշտ վերաբերմունքի արժանացան Վերսալի կոնֆերանսում, քանի որ նրանց ցեղասպանության իրագործման մեջ մեղավոր հանցագործները չպատժվեցին»: Ապա անդրադառնալով հայերի կողմից վրեժխնդրությանը և Թալեաթ փաշայի սպանության գործին` Լեմկինն ասում է հետևյալը. «Նրանք (հայերը) ստեղծել էին ահաբեկչական կազմակերպություն, որն արդարադատությունը վերցրել էր իր ձեռքը: Թալեաթ փաշայի սպանությունը Բեռլինում շատ ուսանելի է: Մի մարդ (Սողոմոն Թեհլիրյան), ում մայրը սպանվել էր ցեղասպանության ժամանակ, սպանեց Թալեաթ փաշային... Որպես իրավաբան` ես մտածեցի, որ հանցագործությունը ոչ թե պետք է պատժվի զոհերի, այլ դատարանի կողմից միջազգային օրենքով»:

Լեմկինը վեց տարի ընկղմվեց իրավական ուսումնասիրությունների մեջ, սկզբից Լվովում, ապա Հայդելբերգի համալսարանում: Նրան հիասթափեցնում էր այն փաստը, որ ոչ մի տեղ չկարողացավ գտնել իրավական նորմեր ռասայական և կրոնական խմբերի սպանությունն արգելելու համար: Վարշավայում դատախազ աշխատելու ընթացքում՝ 1929 թ․-ից նա սկսեց աշխատել միջազգային օրենքի նախագծի վրա, որը պարտավորեցնելու էր պետությունների կառավարություններին` կանգնեցնել էթնիկական, ազգային, կրոնական խմբերի թիրախավորված ոչնչացումը: Հենց այդ օրենքն էր, որ Լեմկինը ներկայացրեց իր` եվրոպացի (իրավունքի մասնագետ) կոլեգաներին 1933 թ. Մադրիդում գումարված քրեական իրավունքի հիմնահարցերին նվիրված 5-րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ:

Լեմկինը սահմանում էր «բարբարոսություն» հանցագործությունը` որպես գործողություն, որը կատարվում է մարդու կյանքի դեմ` մտադրություն ունենալով ոչնչացնել որոշակի ազգային, կրոնական կամ սոցիալական խմբին, և «վանդալիզմ» հանցագործությունը, որը ներառում է արվեստի և մշակույթի գործերի ոչնչացումը։ Սակայն 1933 թ. Մադրիդի կոնֆերանսում Լեմկինի ներկայացրած առաջարկներն անտեսվեցին միջազգային հանրության կողմից:

1941 թ. օգոստոսի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը ռադիո հեռարձակմամբ դիմեց ժողովրդին: Նա նացիստների կողմից իրագործված ցեղասպանությունն անվանում է «անանուն հանցագործություն»։ Չերչիլի այս հայտարարությունը փոխեց Լեմկինի մոտեցումը, նա նպատակադրվեց գրել մի գիրք, որում նկարագրելու էր, թե ինչպես էին նացիստները օգտագործում օրենքը արդարացնելու հրեաների և մյուս եվրոպական փոքրամասնությունների պարբերաբար ոչնչացումը։ Լեմկինը մտադիր էր նոր եզրույթ ստեղծել, որով կբնորոշեր ազգային, կրոնական և ռասայական խմբերի սպանությունները:

1944 թ. նոյեմբերին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը հրապարակեց «Առանցքի տերությունների կառավարումը բռնազավթված Եվրոպայում» աշխատությունը, որում Լեմկինը պնդում էր, թե 1933 թ. հանցագործությունների վերաբերյալ իր առաջարկները, փաստորեն, կազմում են ցեղասպանության հայեցակարգը:

««Ցեղասպանություն» ասելով նկատի ունենք ազգի կամ էթնիկ խմբի ոչնչացումը: Այս նոր բառը ստեղծվել է հունական Genos բառից (ռասա, ցեղ) և լատիներեն cide (սպանել)»,- գրքում նշում էր իրավաբանը, ով լինելով լեզվաբան փորձեց կարճ և սարսափեցնող «ցեղասպանություն» եզրույթով ցնցել ունկնդիրներին, որն ավելի մեծ ազդեցություն կունենար, քան նախկին` «վանդալիզմի և բարբարոսության հանցագործությունները»:

Պատերազմում Գերմանիայի պարտության նախաշեմին` 1945 թ. ապրիլին, Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած երկրները համաձայնեցրին պատերազմական հանցագործների դատավարության հիմնական սկզբունքները:

Լեմկինը միացավ Նյուրնբերգյան դատավարության պատերազմական հանցագործներին մեղադրանք ներկայացնող ամերիկյան անձնակազմին և դարձավ ամերիկյան գլխավոր դատախազ Ջեքսոնի իրավախորհրդատուն: Իրավագետը հույս ուներ, որ «ցեղասպանություն» հասկացությունը կընդգրկվի հիմնական պատերազմական հանցագործների դեմ ուղղված մեղադրական եզրակացությունում: Նրա հաջողությունը լիակատար չէր, չնայած նրան, որ եզրույթը օգտագործվում էր մեղադրական եզրակացությունների և դատավարության ավարտական փաստարկումների մեջ, «ցեղասպանությունը» չէր ճանաչվում որպես առանձին սահմանված հանցագործություն:

Նյուրնբերգի դատավարությունից հետո Լեմկինն իր ջանքերն ուղղեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ցեղասպանությունը դատապարտող միջազգային փաստաթղթի ստեղծման գործին: 1946 թ. դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած թիվ 95 (1) բանաձևով ցեղասպանությունը, որը նշանակում է մարդկային ռասայական, կրոնական, ազգային, լեզվական խմբերի ոչնչացում, հայտարարվեց որպես հանցագործություն միջազգային իրավունքի համաձայն։ Ապա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Տրիգվե Լին խնդրեց Լեմկինին պատրաստել ցեղասպանության կոնվենցիայի նախագիծ: Նախագծի մշակումը Լեմկինի, ֆրանսիացի իրավաբան Դոնադյե դը Վաբրի և ռումինացի իրավական փորձագետ Վեսպասսիան Պելլայի կողմից տեղի ունեցավ 1947 թ. ապրիլ-մայիս ամիսներին:

1947 թ. հունիսի 26-ին Լեմկինը և իր գործընկերները ներկայացրին «քարտուղարության նախագիծը» (Secretariat Draft) (ՄԱԿ-ի փաստաթուղթ E/447)` որպես ցեղասպանության կոնվենցիայի առաջին նախագիծ: «Քարտուղարության նախագիծը» լրամշակվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի ad hoc հանձնաժողովի կողմից, որում ներկայացված էին պետությունների ներկայացուցիչները:

Ի վերջո վերաձևակերպված նախագիծը 1948 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ներկայացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի տեքստն ընդունվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թ․-ի դեկտեմբերի 9-ին: Տվյալ կոնվենցիայի հիմնական նպատակն էր հաստատել այն փաստը, որ ցեղասպանությունը միջազգային իրավունքի համաձայն համարվում է հանցագործություն:

Հանցագործության սահմանման գործում կարևոր պահ էր առանձին խմբերի ոչնչացման մտադրության առկայությունը, որին Լեմկինն իր թղթերում առանձնակի կարևորություն է տալիս` փաստելով, որ և՛ Հայոց ցեղասպանության, և՛ հրեաների Հոլոքստի իրագործման հիմքում ընկած է եղել հայերին և հրեաներին` որպես առանձին խմբերի ոչնչացնելու մտադրությունը։

Իսկ Հայոց ցեղասպանության դատապարտման խնդրի շուրջ Լեմկինի անհանգստությունը հանգեցրեց նրան, որ նա իր առջև հստակ նպատակ դրեց, որ Թուրքիան լինի կոնվենցիան վավերացնող առաջին երկրներից: Լեմկինը կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությունը կարևորում էր Հայոց ցեղասպանության օրինակով հանցագործների անպատիժ թողնելու հնարավորությունը բացառելու տեսանկյունից: Ըստ նրա` կոնվենցիայի բացակայությունն էր պատճառը, որ թուրք ոճրագործները կարողացան խույս տալ պատժից, իսկ նրանց պատժելու գործը իրականացրին հայ երիտասարդ վրիժառուները:

Հարկ է նշել, որ Ռաֆայել Լեմկինը թողել է մեծ քանակությամբ փաստաթղթեր, նամակագրություններ, հոդվածներ, ձեռագրեր, լուսանկարներ և այլն: Նրա մահվանից հետո այդ հավաքածուները նվիրաբերվել են առանձին արխիվների: Եվ Լեմկինի գլուխգործոցը, որը կարող էր լինել իր կյանքի գլխավոր նվաճումը, ցեղասպանության պատմությունն էր:

1940-ական թթ․ Լեմկինն արդեն իր ուսանող օգնականների հետ միասին աշխատում էր ցեղասպանության պատմությանը վերաբերող գրքի վրա։ Տեղեկություններ են պահպանվել, որ 1956 թ. իրավագետը նույնիսկ պատրաստվում էր հրատարակել քառահատոր ուսումնասիրություն: Առաջին հատորը նվիրված էր լինելու ցեղասպանության տեսությանը, իսկ մյուս երեք հատորներում համակարգված քննարկվելու էին անտիկ շրջանում, միջնադարում և ժամանակակից փուլում ցեղասպանության 62 պատմական դեպքեր: Երրորդ հատորի 39-րդ գլուխը վերաբերելու էր Հայոց ցեղասպանությանը։ Բայց նա չհասցրեց ավարտին հասցնել ցեղասպանության պատմությանը վերաբերող իր աշխատությունը։

Եվ Լեմկինի հավաքածուում պահպանված Հայոց ցեղասպանությանը վերաբերող տարատեսակ նյութերի մեծ քանակը ևս փաստում է, որ նա մեծ տեղ է հատկացրել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստական նյութերի ուսումնասիրությանը: Այդուհանդերձ, ժխտողականները չեն շրջանցել նաև Ռաֆայել Լեմկինին և նրա գիտական ժառանգությունը: Ավելին, փորձ է արվել ամեն կերպ նենգափոխել Հայոց ցեղասպանության թեմայի բացառիկ նշանակությունը Լեմկինի գործունեության մեջ։ Եվ չնայած այս հանգամանքին՝ Լեմկինի գործունեության մասին փաստերը կարևոր դեր ունեն տարբեր հարթակներում ժխտողական թեզերը չեզոքացնելու համար:



Նարեկ Պողոսյան

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի
Համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ.



----------------------------



* Բեզվոդնեն այժմ գտնվում է Բելառուսի տարածքում:






Իրավաբան Ռաֆայել Լեմկինը օգնում է մշակել Ցեղասպանության կոնվենցիան, որը նկարագրում է ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը:



Լեմկինի փողոցի ցուցանակը Երևանում։
Հայաստանը Նիդեռլանդներից հետո աշխարհի երկրորդ երկիրն է, որտեղ Լեմկինի անվան փողոց կա։



Պատերազմական վարչության նույնականացման քարտ, 1946 թ. մայիսի 22
Ռաֆայել Լեմկինի հավաքածու



Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի նույնականացման քարտ, 1948 թ. Ռաֆայել Լեմկինի հավաքածու






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am