03.03.2017
Այսօր Գեղագիտության ազգային կենտրոնում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ բացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված հայ անվանի գործարար, բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի 175-ամյակին:
Միջոցառման մեկնարկին տեղի ունեցավ Ալեքսանդր Մանթաշյանցի պատկերով փոստային բացիկի մարում, այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ցուցադրության հյուրերին ներկացրեց ինչպես Մանթաշյանցի, այնպես էլ 19-20-րդ դարերի հայ գործարար կյանքը ներկայացնող պատմական վավերաթղթերի բացառիկ հավաքածուն:
Ցուցադրության մեջ ընդգրկված էին Օսմանյան կայսրության և ցարական Ռուսաստանի հայ գործարար կյանքը լուսաբանող նյութեր և ցուցանմուշներ՝ բացիկներ, լուսանկարներ, առևտրական ձևաթղթեր, բանկային արժեթղթեր, հայ վաճառականության վերաբերյալ տեսական ձեռնարկներ և ուղեցույցներ:
Ալեքսանդր Մանթաշյանցը իր ժամանակների ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ Մանթաշյանցը զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։ Հայ գործարարի «Ալեքսանդր Մանթաշև և ընկ.» ընկերությունը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթային հանույթի կեսից ավելին։ Նա է ֆինանսավորել Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։
Իր առևտրային գործունեությունը Ալեքսանդր Մանթաշյանցը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Նա էր հովանա-վորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Փարիզում:
Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, կառուցված հայկական Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանցին։ Մանթաշյանցն է ֆինանսավորել ազգային կրթական հաստատությունների բազմապիսի նյութական կարիքներ, հոգացել է մեծ թվով հայ ուսանողների ուսման ծախսեր:
Մարտի 3-ը հայ նշանավոր գործարարի ծննդյան օրն է և ՀՀ կառավարության փետրվարի 9-ի որոշմամբ այս օրը պաշտոնապես կնշվի որպես «Գործարարի օր»:
Ալեքսանդր Մանթաշյանցի 175-ամյակի կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է անվանական ոսկե մեդալ: