Նիկկի Մարչակն ավստրալացի ցեղասպանագետ է, Ավստրալիայի Հոլոքոստի և Ցեղասպանագիտության ինստիտուտի անկախ հետազոտող և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամ: Նիկկին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում մասնակցել է հայ համայնքի կազմակերպած Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառմանը՝ հանդես գալով որպես գլխավոր զեկուցող: Նա մագիստրոսական աստիճան ունի Հոլոքոստի և ցեղասպանագիտության ոլորտում, երկար տարիներ զբաղվել է այդ ոլորտում հետազոտության և քաղաքականության մշակման հարցերով:
Այժմ Նիկկին աշխատում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի քանի հոդվածների վրա, այդ թվում նաև համեմատական վերլուծություն է իրականացնում Ցեղասպանության տարիներին հայ կանանց և ժամանակակից Իրաքի եզդի կանանց ողբերգական փորձությունների միջև:
-Բարև Նիկկի, ուրախ եմ ողջունել քեզ ՀՑԹԻ-ում: Դու առաջին ավստրալացին ես, ով արժանացել է Լեմկինի կրթաթոշակին, ի՞նչ կարող ես պատմել քո հետազոտական թեմայի մասին: Արդյո՞ք ՀՑԹԻ-ում իրականացրած հետազոտությունը բարելավել է Հայոց ցեղասպանության մասին քո գիտելիքները:
- Ես մասնավորապես հետաքրքրված եմ Հայոց ցեղասպանության երկու շերտերով և դրանց փոխազդեցությամբ: Առաջին՝ ինչպես են հայ կանայք դիմադրել ցեղասպանությանը` պայքարելով բռնակալների դեմ, պահպանելով իրենց մշակութային ավանդույթները, օգնելով միմյանց վերապրել և հպարտություն ու արժանապատվություն սերմանելով իրենց երեխաների մեջ՝ ընդդեմ սոսկալի ապամարդկայնացման, որին ենթարկվում էին: Երկրորդ, ես հետաքրքրվում եմ հետագա սերունդների վրա ցեղասպանության ազդեցությամբ: Ինչպես են ժառանգները վերաբերում պայքարի այդ պատմություններին և ինչ զգացողություններ են ունենում իրենց տատերի և մեծ տատերի գործողությունների կապակցությամբ: Լեմկինի կրթաթոշակը ոչ միայն հնարավորություն տվեց ուսումնասիրել գրքերը և չհրատարակված վկայությունները, ես հնարավորություն ստացա զրուցել վերապրողների ժառանգների հետ: Նրանք ինձ տոկունության անկրկնելի պատմություններ պատմեցին, իսկ շատերն անգամ նշեցին, որ իրենց տատերի ու մեծ տատերի պատմություններից ուժ են ստացել իրենց կյանքում: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ինձ հետ կիսվեցին իրենց հիշողություններով ու ընտանեկան պատմություններով:
-Այժմ դու աշխատում ես Հայոց ցեղասպանությանը վերաբերող թեմայի վրա, ինչի շրջանականերում համեմատական վերլուծություն ես կատարում Հայոց ցեղասպանության տարիներին հայ և ժամանակակից Իրաքում եզդի կանանց կրած փորձությունների միջև: Խնդրում եմ՝ մի փոքր պատմես այդ մասին:
-2014 թվականից ԻՊ կողմից եզդի համայնքի հանդեպ իրականացվող ցեղասպանությունը մի շարք գենդերային նմանություններ ունի Հայոց ցեղասպանության հետ, որն իրականացվել է մեկ դար առաջ: Տղամարդկանց և տարեցների սպանդը, կանանց և երեխաների բռնի առևանգումը, իսլամացումն ու պարբերական սեռական բռնություններն ու թրաֆիքինգը կիրառվել են Օսմանյան կայսրության կողմից հայ ազգաբնակչության հանդեպ: Եզդիներն ու ասորիները նույնպես թիրախավորվել են հարյուր տարի առաջ, և Երևանում կան նրանց զոհերին նվիրված հուշարձաններ, որոնք ես այցելել եմ:
Ես վստահ եմ, որ մենք պետք է դասեր առնենք թուրքական հանցագործությունների ուսումնասիրությունից՝ համապատասխան մոտեցումներ ձևավորելու ԻՊ կողմից կրոնական փոքրամասնությունների դեմ իրականացվող ցեղասպանությունների հանդեպ: Այս նպատակով ես մի գլուխ եմ հատկացրել մասնավորապես կանանց հանդեպ իրականացված հանցագործությունների նմանությունների վերաբերյալ, և աշխատում եմ եզդիական կազմակերպությունների հետ ԻՊ գործողությունները ցեղասպանություն որակելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
-Արդյո՞ք այս մեկ ամիսն արդյունավետ էր քո համար:
-ՀՑԹԻ-ում իմ ժամանակն անցավ ցուցահանդեսներ նայելով, հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով, արխիվում և գրադարանում գրքեր կարդալով, չհաշված առավոտյան սուրճն ու հայկական թխվածքները հայ գործընկերներիս հետ: Վերապրողների ժառանգների հետ հանդիպումներին զուգահեռ, ես խոսել եմ մի շարք ցեղասպանագետների հետ, ովքեր ուսումնասիրում են այդ զարհուրելի ժամանակաշրջանի տարբեր տարրեր, ինչպես նաև՝ լրագրողների, հնեաբանների, լուսանկարիչների և այլոց հետ, որոնք որևէ կերպով առնչվում են թեմայի հետ: Մենք մի շարք արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել, որոնց ընթացքում կիսվում էինք միմյանց հետ մեր հետազոտությունների արդյունքներով, և ես շատ բան սովորեցի : Հնարավորություն ունեցա հանդիպելու նաև փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների հետ՝ հրեաներ, եզդիներ, ասորիներ, որոնք Հայաստանն իրենց տունն են համարում: Ընդհանուր առմամբ, ես Ավստրալիա եմ տանում հսկայական ծավալի տեղեկություն, որը հույս ունեմ օգտագործել ՀՑԹԻ-ի ամսագրի համար պատրաստվելիք հոդվածում:
-Ի՞նչ սպասումներ ունեիր, երբ որոշեցիր դիմել Լեմկինի կրթաթոշակի մրցույթին:
-Երբ դիմեցի կրթաթոշակին, գիտեի, որ թանգարանի նյութերը հնարավորություն կտան խորությամբ հասկանալու այն, ինչն անհնար էր հեռվից: Սակայն հանդիպեցի հայկական հյուրընկալության ու նաև զարմացրեց ինձ օգնելու պատրաստ մարդկանց բանակը: Քաղաքում տեղացու հետ շրջելը նույնքան արժեքավոր էր, որքան գրադարանում գրքեր կարդալը:
- Ինչպիսի՞ն են քո տպավորությունները երկրից, նաև՝ ՀՑԹԻ-ի անձնակազմից:
- Ես լքում եմ Հայաստանը հայրենի օջախը թողնելու զգացողությամբ, որտեղ ինձ ջերմությամբ դիմավորեցին և որտեղ ես մեծ կապեր հաստատեցի: Ես եկա Հայաստան վերապրողների վկայություններն ավելի խորքային ուսումնասիրելու համար և շատ բան բացահայտեցի ցեղասպանության ժամանակ կանանց բաժին ընկած փորձությունների վերաբերյալ: Բայց ես նաև շատ բան սովորեցի Հայաստանի մասին, նրա հնագույն պատմության, Երևանի փողոցների, սարերի և կանաչ բլուրների, մարդկանց ջերմության մասին: Կասկադից մինչև պարող շատրվաններ, Նորավանքից մինչև Տաթև և ավելին. ես իմ հիշողություններում տանում եմ Հայաստանի մի մասնիկը:
- Եվ մի հարց, որը մենք տալիս ենք բոլոր շրջանավարտներին: Ի՞նչ կցանկանայիր փոխել այս ծրագրում:
-Մեկ ամիսը քիչ ժամանակ է՝ նոր երկրին ու նոր աշխատատեղին ինտեգրվելու համար: Հենց ես հարմարվեցի Երևանին, ճանաչեցի տեղանքը և կազմակերպեցի թանգարանում իմ առօրյան, ժամանակս սպառվեց: Ես կցանկանայի ավելի երկար մնալ և ավելի շատ վկայություններ կարդալ, իրականացնել ավելի շատ հարցազրույցներ, կրկին հանդիպել ժառանգների հետ և ամրապնդել կապերը թանգարանում և այլ հաստատություններում:
- Շնորհակալություն, Նիկկի:
© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ