ՀԱԼԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐԲԱՆՈՑԸ 1915-1924 ԹԹ․
Իր գործունեության ընթացքում որբանոցն ընդունել է շուրջ 8.000 որբի
Հալեպի որբանոցի սաները
վերապատվելի Ահարոն Շիրաճյանի հետ
Հայոց ցեղասպանության և դրան հաջորդող տարիներին գործող որբանոցների մեջ առանձնանում էր Հալեպի հայկական որբանոցը: Վերջինս հիմնվել էր հայկական կողմի նախաձեռնությամբ, ցեղասպանության բուն ընթացքի ժամանակ, և որն անընդմեջ գործել է մինչև 1924 թ.: Այն իր գործունեությունը սկսել է 1915 թ. հուլիս 31-ին Վերապատվելի Ահարոն Շիրաճյանի ղեկավարությամբ: Որբանոցի հիմնադրման գործում մեծ էր բժշկապետ Ասատուր Ալթունյանի և նրա դստեր՝ Նորա Ալթունյանի դերը, ովքեր իրենց անձնական կապերն օգտագործելով՝ փորձել են որբերի կեցության և առողջության հարցերը լուծել:
Հալեպի քաղաքային իշխանությունները կարգադրել էին որոշ աշխատակիցների աղբատար կառքերով շրջել քաղաքի փողոցներով և հավաքել նորածնից մինչև 8-10 տարեկան կիսամեռ երեխաների` այս կերպ փորձելով վերահսկել քաղաքի մաքրությունը: Ստեղծված իրավիճակում Նորա Ալթունյանը խնդրանքով դիմում է Հալեպում գործող հիվանդանոցի հիմնադիր Էմիլ Զոլինկերին` որբերին պատսպարելու նպատակով շինություն տրամադրելու համար: Նա Հալեպի Ագապա թաղամասում երկու սենյականոց բնակարան է հատկացնում: Բժիշկ Ալթունյանն էլ իր կապերի միջոցով աշխատում էր կազմակերպել ֆինանսական և առողջապահական հարցերը:
Որբանոցը աջակցություն էր ստանում նաև ամերիկյան, գերմանական, ինչպես նաև գերմանաշվեյցարական միսիոներական կազմակերպությունների կողմից, Հալեպի ամերիկյան, գերմանական հյուպատոսարանների կողմից, ինչպես նաև անգլիական բանակի, ամերիկացիների, շվեյցարացի անհատ բարերարների միջոցով: Նորա Ալթունյանը տեղի հայկական համայնքում նույնպես որբանոցի համար հանգանակություններ է կազմակերպել:
Որբանոցն իր գոյության գրեթե տասնամյա շրջանում Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի քաղաքներից ու գյուղերից հավաքված ավելի քան 8.000 որբերի ապաստան է եղել: Որբանոցում որբերի անընդհատ տեղաշարժ է եղել, նրանք, ովքեր հարազատներին գտել են կամ արդեն ինքնաբավ են դարձել և կարողացել են իրենց առօրյա կարիքները հոգալ, դուրս են եկել որբանոցից` իրենց տեղը զիջելով նոր եկողներին:
Որբանոցն իր գործունեությունն աստիճանաբար ընդլայնել է, իսկ որբերի թիվը՝ աճել: Համաձայն «Տեղեկագիր Հալէպի հայկական որբանոցի» տվյալների՝ 1915թ. դեկտեմբերին որբանոցում ապաստան են գտել 402, 1916 թ.` 548, 1917 թ.` 1003, 1918 թ.` 1751, 1919 թ. սեպտեմբերին` 2016 որբ:
Աշխահամարտի տարիներին որբանոցի ծավալած շարունակական գործունեությունը կապել են բժիշկ Ալթունյանի միջնորդությամբ Ջեմալ փաշայի կողմից ստացված փաստաթղթի հետ, համաձայն որի հանձնարարվում էր Հալեպի իշխանություններին` չդիպչել որբանոցին: Նշենք նաև, որ գերմանական հյուպատոսարանի անմիջական հարևանությունը զգալիորեն նպաստում էր որբանոցի անվտանգության ապահովմանը: Հայկական որբանոցի գործունեությունը կապված է եղել նաև արաբական կողմի բարիդրացիական վերաբերմունքի հետ:
Թուրքերը գաղթականներին արգելելում էին մնալ Հալեպում` նրանց տեղավորում էին երկաթուղուն հարակից ճամբարներում և կառավարության հսկողությունից և հետապնդումներից խուսափելու համար շատերը մի քանի օրով ապաստան էին խնդրում որբանոցում: Վերջինս պատճառ էր դառնում նոր հիվանդությունների տարածմանն ու աճում էր մահացությունների թիվը:
Սկզբնական շրջանում որբանոց կամ
Օրհնության Տուն մուտք գործած որբերը հաճախ չէին հիշում իրենց անունը: Պատվելին նրանց նոր անուններով էր մկրտում`Ապառաժ, Վէմ, Ժայռ և այլն՝ հույս ունենալով, որ նմանօրինակ անունները նրանց կպարտադրեն պայքարել կյանքի համար: Պատվելին ասում էր`
«Թող հայուն բեկորները փողոցը չմեռնին»:
1917 թ. փետրվարին Հալեպում գործող որբանոցների վերահսկողությունն անցել է թուրքական կառավարությանը և վերջինիս հրամանով որբանոցի շուրջ 80 երեխաներ բռնությամբ տեղափոխվել են թուրքական որբանոցներ: Որբանոցից երեխաների առևանգումները կանխելու համար Շիրաճյանն երբեմն որբերին տեղավորում էր քաղաքի հայկական ընտանիքներում, որոնք դժվարությամբ ու վախով էին գնում այդ քայլին:
1918 թ. սեպտեմբերին անգլիական և արաբական ուժերի կողմից Դամասկոսի, Հալեպի ազատագրումով որբանոցը նույնպես հնարավորություն է ստանում ազատ գործելու: Ահարոն Շիրաճյանը 1918 թ.՝ Սիրիայի ազատագրումից հետո բարեկամական կապեր է հաստատում նաև երկրի արաբական ղեկավար կազմի հետ: Այդ ընթացքում անգլիական զինվորական իշխանությունն իր պաշտպանության տակ է վերցնում որբանոցը, ողջ ծախսերը հոգալուց բացի` վճարելով նաև նախորդ տարիներին գոյացած պարտքը: Անգլիական իշխանությունները որբանոցի վարչական ներքին հարցերն ամբողջությամբ վստահել էին հայկական կողմին:
Նշենք մեկ կարևոր փաստ ևս. 1919 թ. սեպտեմբերի դրությամբ որբանոցում եղել են նաև 11 խառնածին երեխաներ։ Այս հանգամանքն ընդգծում էր որբանոցի ղեկավարության այն սկզբունքը, որը նպատակաուղղված էր անգամ խառնածին, բայց հայ ինքնությամբ ու գիտակցությամբ երեխաների փրկությանը։
Որբանոցի վարչությունն անգլիական կողմի աջակցությամբ տասը շենք է վարձում Սաբուն խանում, որը դառնում է որբանոցի կրթական հատվածը, ինչպես նաև մոտ 1.000 որբերի ապաստարանը: Սաբուն խանը դառնում է փոքրիկ Հայաստան` ազգային երգերով, փայտյա զենքերով և զինվորական մարզանքներով: Որբանոցի զինվորական մարզանքը սկսվում էր Հայաստանի Հանրապետությանն ուղղված ողջույնով:
Առաջնային և կարևոր ոլորտը կրթականն էր: 1915-1918 թթ․ ընթացքում կրթական գուրծունեություն սկսելու փորձերը երեք անգամ կասեցվել են թուրքական կառավարության կողմից: Կանոնավոր դասընթացները սկսվել են անգլիական զորքերի Սիրիա մտնելուց հետո: 1919 թ. սեպտեմբերին դպրոցն ունեցել է 1.377 երկսեռ աշակերտություն` 38 երկսեռ ուսուցիչներով: Որբանոցն ունեցել է գիշերային վարժարան, գործել է նաև կույրերի դպրոց, որտեղ 1919 թ. տվյալներով սովորել են 43 երկսեռ կույր աշակերտներ, որոնք նվագախումբ են ունեցել:
Առողջապահական ոլորտը նույնպես կարևոր էր` հաշվի առնելով տարածված համաճարակներն ու սովը: Ուներ նաև հիվանդանոց, որի պատախանատուն էր Ա. Ալթունյանը: Տեղեկագրում 1919 թ. սեպտեմբերի դրությամբ առողջապահական վիճակի մասին նշվում է.
«Ուրախ ենք ըսելու, թէ վերջին ինը ամիսներուն մէջ երեք երեխաներ եւ մանչ մը մեռած են միայն»:
Որբանոցը ներքին հարցերը կարգավորելու մշակված համակարգ է ունեցել: Տասը տարին լրացած յուրաքանչյուր որբ պարտավոր էր նաև որբանոցին կից գործող արհեստանոցում որևէ արհեստ սովորել: Այսօրինակ համակարգը բնորոշ է ցեղասպանությունից հետո շատ հայկական որբանոցների, ինչը հնարավորություն էր տալիս որբանոցներին ինքնաբավ լինելու:
Արհեստագործական արտադրանքի վաճառքից ստացված գումարի մի մասը պահվում էր և տվյալ որբին էր տրվում որբանոցից դուրս գալու ժամանակ: Բացի արհեստներից տասը տարեկանից բարձր աղջիկները մասնակցում էին նաև որբանոցի ներքին գործերին, կարուձևի դասերի, աշխատում էին դեղատներում, ատամնաբույժների ու լուսանկարիչների մոտ:
Բարոյական տեսանկյունից որբանոցի նշանաբանը հետևյալն էր.
«Որբերը համեստ ու օգտակար հայեր ըլլալու պատրաստել, սորվեցնելով նաեւ քրիստոնէական կեանք եւ բարոյականութիւն: Բոլորն ալ ազատ են իրենց ուզած եկեղեցին երթալու»:
1919-1920 թթ. տարածաշրջանում քաղաքական իրավիճակը նույնպես իր ազդեցությունն է թողել որբանոցում կատարվող շարժերի վրա: Հայության մի հատված, ոգևորվելով ֆրանսիական կողմի հավաստիացումներից, Սիրիայի տարբեր վայրերից հավաքվում էին Հալեպում, ապա ֆրանսիական կողմի միջոցներով տեղափոխվում էին Կիլիկիա: 1919 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ, որ վերջին երեք ամիսների ընթացքում որբերից շատերն իրենց ազգականների, դրացիների հետ, երբեմն էլ ինքնագլուխ մեկնել են Կիլիկիա: Այդ ժամանակ որբանոցն ամբողջությամբ Կիլիկիա տեղափոխելու ծրագիր է եղել:
1920 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 1922 թ. օգոստոս` որբանոցի հոգածությունն իրենց վրա են վերցրել որոշակի մասնաբաժիններով Հալեպի ամերիկյան նպաստամատույցը, Հալեպի ազգային միությունը, իսկ ավելի ուշ` 1921 թ. օգոստոսին 31-ից մեկ տարով վերականգնվել է ֆրանսիական զինվորական իշխանության ֆինանսավորումը: Ահարոն Շիրաճյանի հրաժարականից հետո Հայ ազգային միություն կազմակերպության խորհրդակցությամբ Ամերիկյան նպաստամատույց կազմակերպությունը 1922 թ. օգոստոսին որբանոցի տնօրեն է ընտրում Ատուր Լևոնյանին: Համաձայն Հայ ազգային պատվիրակության 1923 թ․ հուլիսի 1-ով թվագրված
«Հայ որբեր. տեղեկագիր hայ որբերի կացության, որբանոցներու, հոգատար մարմիններու մասին եւ վիճակագրական ցուցակներ» ձեռագիր տեղեկագրի՝ 1922 թ. դեկտեմբերի դրությամբ Հալեպի հայկական որբանոցում եղել է 1.164 երեխա: 1923 թ. դրությամբ 900 երեխաներից 614-ը կանոնավոր կերպով դպրոց են հաճախել:
Որբերի գրագիտության մակարդակը բարձրացնելու համար որբանոցում գրադարան է բացվել:
Ազգային վարժարանների երաժշտության ուսուցիչ Գևորգ Նալբանդյանի ջանքերի շնորհիվ նվագախումբ է ստեղծվել: Նշենք, որբանոց են այցելել ժամանակի հայտի հայազգի գործիչներից Ռուբեն Հերյանը, ով երեխաներին դիմել է
«մեր վաղուայ յոյսերը» և հորդորել ու կոչ է արել ներկաներին` պահպանելու հայ ինքնությունը, Երվանդ Օտյանը, ով խիստ հուզվել է և միայն մի նախադասություն է արտաբերել.
«Որբե՛ր, ես ձեզ շատ կսիրեմ»:
1923 թ. վերջին Ամերիկյան նպաստամատույցի ղեկավարությունից ներքին հրահանգ է եղել, ըստ որի անհրաժեշտ էր որբերին տեղավորել տներում՝ իբրև սպասուհի, արհեստանոցներում՝ իբրև աշակերտ, իսկ ավելի մեծահասակներն էլ մեկնեն տարբեր երկրներ: Այս ընթացում Ա. Լևոնյանը դիմել է Կիլիկիո Տան Սահակ Բ կաթողիկոսին, ՀԲԸՄ-ին, Հալեպի առաջնորդարանին՝ խոստանալով առկա եկամուտներով և գործերով պահել որբանոցը ևս երկու տարի, բայց դրական արդյունքի չի հասել: Որբերի մի մասը տեղափոխվել են Նպաստամատույցի Լիբանանի կենտրոններ՝ մասնավորապես Ջիբեյլ: Ամերիկյան նպաստամատույցի վարչության և ՀԲԸՄ-ի համատեղ որոշմամբ՝ որբերի մի մասը մեկնել է Ֆրանսիա` ագարակներում աշխատելու համար:
Աղջիկների մեծ մասը Հալեպում և Բեյրութում որպես սպասուհի է սկսել աշխատել: Տարիքով մեծ մոտավորապես 50 որբ տեղափոխվել են ՀԲԸՄ Հալեպի Կիլիկյան արհեստանոց-որբանոց:
Որբանոցի գործունեությունը դադարեցվել է 1924 թ. ամռանը, երբ բոլոր որբերը հիմնականում հարազատ, օգնող ձեռք են գտել կամ արդեն կարողացել են իրենց աշխատանքով օրվա ապրուստը հայթայթել:
Այսպիսով, իր գործունեության ընթացքում որբանոցն ընդունել է շուրջ 8.000 որբի, որոնցից 4.000-ը դուրս են եկել որբանոցից երկարատև կամ կարճատև մնալուց հետո: Որբանոցը մինչև վերջ հավատարիմ է մնացել իր կոչմանը՝
որբերին պատրաստել հետագա կյանքի համար, որպեսզի որբանոցից դուրս գալուց հետո կարողանային ապրել սեփական միջոցներով:
Նարինե Մարգարյան
ՀՑԹԻ գիտական քարտուղար
պամական գիտությունների թեկնածու
Վերապատվելի Ահարոն Շիրաճյան (1864-1939)
Ասատուր Ալթունյան (1857-1950)
Նորա Ալթունյան
Հալեպի որբանոցի ներքին բակը. նստած` Նորա Ալթունյան, աջից` Ահարոն Շիրաճյան
Հալեպի որբանոցի սաները վերապատվելի Ահարոն Շիրաճյանի հետ
Հալեպի որբանոցի ավագ սաներն ու աշխատակիցներն Ահարոն Շիրաճյանի հետ
Հալեպի որբանոցի կույրերի նվագախումբը