Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆԸ ԵՎ «ՆԵՄԵՍԻՍ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հատուկ գործի մասին ՀՅԴ
9-րդ Ընդհանուր ժողովի որոշման 100-ամյակի առթիվ




Խմբանկար

Երկու շարքով կանգնած և նստած`
աջից նստած Սեպուհ
(Արշակ Ներսիսյան,1872-1940թթ., ֆիդայի,
հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ),
աջից առաջինը կանգնած՝ Սողոմոն Թեհլիրյան,
ձախից առաջինը կանգնած՝
Հակոբ Զորյանը
(մականունը` Յազոր):
Լուսանկարի մյուս երկու անձանց
ինքնությունն անհայտ է։
Նվիրատու՝ Շահեն Մելիքյան
ՀՑԹԻ հավաքածու
«Ինքը՝ Սողոմոն Թեհլիրյանը, միայն խորհրդանիշ է,
հյուլե, որի մեջ է կենտրոնացած քամահրված ռասայի
ցավը, և որը հուսահատ ինքնապաշտպանության մեջ իր
վրեժն է լուծում»(1):


Արմին Թեոֆիլ Վեգներ

Մուտք

1919 թ. աշնանը (28 սեպտեմբերի - 2 նոյեմբերի) Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում գումարվեց ՀՅ Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովը, որի 100-ամյակը լրացավ 2019 թվականին:

Նորանկախ պետականության կայացման, երկրի արտաքին ու ներքին քաղաքականության բազում հարցերից ու խնդիրներից զատ՝ խիստ գաղտնի պայմաններում ՀՅԴ Ընդհանուր ժողովը որոշեց մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին, ովքեր տարբեր պատճառներով խուսափել էին թուրքական ռազմական դատարանի դատավճռից: Ժողովի կողմից հավանության արժանացած այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որը մեր հանրությանն ավելի շատ հայտնի է «Նեմեսիս» անունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին:

Ընդհանուր ժողովի գաղտնի որոշման ընդունումից հետո սկսվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ պատժիչ գործողությունների մանրազնին նախապատրաստությունը: Դրա ծրագրման ու կենսագործման անմիջական պատասխանատվությունը և վերահսկողությունը դրվեց ԱՄՆ-ում գտնվող ՀՅԴ ճանաչված գործիչներ Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաճյան) և Շահան Նաթալիի (Հակոբ Տեր-Հակոբյան) վրա: Հատուկ մարմնի կազմում ներգրավվեցին Հայոց ցեղասպանությանը ականատես դարձած երիտասարդներ, ովքեր ունեին մարտական հարուստ փորձառություն՝ Սողոմոն Թեհլիրյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Միսաք Թորլաքյանը և ուրիշներ: «Նեմեսիս» գործողության կազմակերպման ընդհատակյա կենտրոններն էին «Հայրենիք» (Բոստոնում) և «Ճակատամարտ» (Կ. Պոլսում) թերթերի խմբագրատները: Իսկ Հրաչ Փափազյանի գլխավորած խումբը պետք է տեղեկություններ հայթայթեր երիտթուրքերի հանցավոր պարագլուխների գտնվելու վայրի մասին:

1. Իրավիճակը Թուրքիայում Առաջին աշխարհամարտից հետո

Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո նոր կառավարությունը դաշնակիցների պնդմամբ որոշեց դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ու «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին՝ Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու համար,(2) և 1918 թ. նոյեմբերի 11-ին սկսեց հետաքննությունը: Մի քանի օրվա ընթացքում Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարությունում կազմվեցին հայերի տեղահանության և կոտորածների մասնակիցների գործերը, որոնց կցվեցին նաև տեղական պաշտոնյաների՝ վալիների, մութասարիֆների և կայմակամների գործերը (3): Իսկ 1918 թ. դեկտեմբերի 16-ի որոշմամբ կազմվում են հարցաքննիչ հանձնախմբեր, որոնք սկսում են հավաքել հայերի կոտորածների վերաբերյալ մեղադրական ապացույցներ՝ ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ, ականատեսների վկայություններ: Այդ հանձնախմբերից առավել կարևոր հետաքննություն է վարել հենց՝ ներքին գործերի նախարարության կողմից ստեղծված հանցագործությունների հետաքննիչ հանձնաժողովը, որը պատմության մեջ հայտնի է Մազհարի հանձնաժողով անունով:

Դատավարություններին նախորդած հետաքննությունն իրականացվել է հենց այս հանձնաժողովի կողմից (4): Ձերբակալվել են բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, ընդհանուր առմամբ՝ 300 հոգի (5): 1919 թ. մարտի 8-ին սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդդինի (1918-1922) հատուկ հրամանագրով՝ երիտթուրքական կուսակցական պարագլուխների ու նախարարների գործը հանձնվում է Կոստանդնուպոլսի ռազմական արտակարգ ատյանի քննությանը (6):

Սակայն երիտթուրքական գլխավոր հանցախումբը (Մեհմեդ Թալեաթ, Իսմայիլ Էնվեր, Ահմեդ Ջեմալ, Բեհաէդդին Շաքիր, Մեհմեդ Նազըմ, Օսման Բեդրի և Հուսեյն Ազմի), դեռևս 1918 թ. նոյեմբերի 1-ին գերմանական ռազմանավով ճողոպրել էր Թուրքիայից (7)՝ խուսափելով ձերբակալությունից և քրեական պատասխանատվությունից: Ելնելով այս հանգամանքից՝ 1919 թ. հուլիսի 5-ին թուրքական դատարանը, առաջնորդվելով Օսմանյան կայսրության քրեական օրենսգրքի 45-րդ, 55-րդ և 170-րդ հոդվածներով, Թալեաթին, Էնվերին, Ջեմալին և դոկտոր Նազըմին հեռակա կարգով մահապատժի դատապարտեց: Մյուս մեղադրյալները (Օսմանյան կայսրության ֆինանսների նախարար Ջավիդը, հողագործության և առևտրի նախարար Մուստաֆա Շերիֆը և շեյխ ուլ-իսլամ Մուսա Քյազիմ էֆենդին), համաձայն 45-րդ հոդվածի 2-րդ և 55-րդ հոդվածի վերջին կետերի, դատապարտվեցին 15 տարվա աքսորի (8): Դատավճռում չընդգրկվեցին դաշնակիցների կողմից Մալթա կղզի աքսորված 77 հանցագործները (9):

2. Հատուկ գործը

Ինչպես արդեն նշվեց, պատասխանատվությունից խուսափած երիտթուրք հանցագործներին արժանի պատժի ենթարկելու համար 1919 թ. աշնանը Երևանում կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովը(10) խիստ գաղտնի պայմաններում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոյի (11) ղեկավարությամբ հիմք դրեց Հատուկ գործին, այն է՝ հայերի կոտորածների կազմակերպիչներին ու իրագործողներին հայտնաբերելու և ոչնչացնելու հատուկ գործողությանը (12):

1920 թ. հուլիսին Բոստոնում տեղի ունեցավ ՀՅԴ ԱՄՆ 27-րդ Շրջանային ժողովը, որը, հիմնվելով Երևանում կայացած Ընդհանուր ժողովի որոշումների վրա, գործողությունն իրագործելու նպատակով որոշեց ստեղծել ֆինանսական միջոցներն ապահովող Հատուկ գումարը (հատուկ ֆոնդը) (13): Հատուկ գործը փաստացի ղեկավարում էին Արմեն Գարոն (14)՝ գործողության հոգին, որի համաձայնությամբ դրա մասնակիցներն ընդգրկվում էին գաղտնի գործողության մեջ, և որը վերահսկում էր գործողության իրագործման շղթան սկզբից մինչև վերջ, և Շահան Նաթալին (15)՝ գործողության սիրտը, գաղափարական կազմակերպիչը: Շահան Նաթալին, համակարգելով հետախուզական խմբերի գործունեությունը Ժնևում, Փարիզում, Բեռլինում և Հռոմում, ղեկավարում էր Եվրոպայում թաքնվող ծպտյալ երիտթուրք հանցագործների բացահայտման գործը: Երրորդ գլխավոր դեմքը Ահարոն Սաչակլյանն էր, որը ղեկավարում էր ֆինանսավորման հարցերը՝ նյութական միջոցների հայթայթումը և անհրաժեշտ ծախսերը: Շահան Նաթալին և Ա. Սաչակլյանը Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» թերթի աշխատակիցներ էին, իսկ թերթի խմբագրատունը՝ Հատուկ գործի շտաբկայանը:

Քանի որ Հատուկ գործը խիստ գաղտնի գործողություն էր, ուստի տարիներ շարունակ գաղտնազերծված չէին նրա կազմակերպիչները, անդամները և գործին առնչվող ցանկացած տեղեկություն:

Հատուկ գործի մասնակիցներից Արամ Երկանյանի հուշագրությունը (16) հրատարակվեց միայն 1949 թվականին՝ նրա մահվանից 15 տարի անց, որին հաջորդեցին նրա գործընկերների՝ Սողոմոն Թեհլիրյանի (17), Միսաք Թորլաքյանի (18) և Արշավիր Շիրակյանի (19) հուշագրությունների հրատարակությունները: Դրանից հետո միայն երիտթուրքերի՝ հայերի կողմից իրագործված մահապատիժները հայության մի հատվածի՝ սփյուռքահայության շրջանում դիտարկվեցին որպես Հատուկ գործի՝ «Նեմեսիս» գործողության մաս, մինչդեռ Խորհրդային Հայաստանում գործող խիստ գրաքննության հետևանքով հասարակությունը հիմնականում իրազեկված չէր այդ մասին: Իրավիճակը փոխվեց Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ նորանկախ Հայաստանում սկսեցին տպագրվել հայ ազգային-ազատագրական շարժման գործիչների մասին գիտահանրամատչելի գրքեր, այդ թվում նաև՝ «Նեմեսիսի» անդամների հուշագրությունների վերահրատարակությունները (20):

Սակայն հարկ է նշել, որ հայ պատմագիտության մեջ Հատուկ գործի («Նեմեսիս» գործողության) վերաբերյալ համապարփակ հետազոտություններ դեռևս չկան: Օտարազգի ուսումնասիրողներից խնդրին առաջին անգամ անդրադարձել է ֆրանսիացի ուսումնասիրող, լրագրող Ժակ Դեռոժին, որը, հետազոտելով ՀՅԴ Բոստոնի Կենտրոնական արխիվը, 1986 թ. ֆրանսերենով լույս է ընծայել իր գիրքը (21): Մի քանի տարի անց Ա. Բերետի կողմից այն թարգմանվել է նաև անգլերեն, սակայն հրատարակվել է փոփոխված վերնագրով (22):

Հատուկ գործի վերաբերյալ կարևոր ուսումնասիրություն է Մարիան Մեսրոբյան-Մաքքըրդիի՝ անգլերենով հրատարակված գիրքը՝ Ժիրայր Լիպարիտյանի առաջաբանով (23): Այդ գրքում զետեղված են Հատուկ գործին առնչվող՝ երբևէ չհրատարակված աղբյուրագիտական հարուստ նյութեր՝ նամակներ, փաստաթղթեր, լուսանկարներ, որոնք հայտնաբերվել են հեղինակի մորական պապի՝ Ահարոն Սաչակլյանի (24) արխիվից վերջինիս մահվանից ավելի քան քառորդ դար անց՝ 1990 թ., և հրապարակվել 2016 թ.:

3. Ոճրագործների ցուցակը

Հատուկ գործը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր ունենալ գործողությունների հստակ ծրագիր, որի առաջնահերթ նպատակներից էր կազմել հայերի տեղահանություններն ու կոտորածներն իրագործողների ցուցակը: Դեռևս 1918 թ. դեկտեմբերին ՀՅԴ անդամ, իրավաբան Մանուկ Համբարձումյանի (25) կողմից կազմվում է հայերի կոտորածներն ու տեղահանությունը կազմակերպած և իրականացրած 100 ոճրագործների անվանացանկ (26), որը թարգմանաբար ներկայացվում է դաշնակից երկրների ներկայացուցիչներին (27): Մ. Համբարձումյանը ԱՄՆ-ից ժամանած չորս պատվիրակների հետ 1919 թ. աշնանը մասնակցել է նաև Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովին (28): Հետևաբար կարող ենք ենթադրել, որ այդ ժողովում ներկայացված ցուցակը կազմել է հենց Մ. Համբարձումյանը: Այս ցուցակի ձեռագիր պատճենը հայտնաբերվել է Ա. Սաչակլյանի արխիվում թուրք ոճրագործների 65 լուսանկարների և թերթերից կտրված թերթոնների հետ (29):

Ժ. Դեռոժին գտնում է, որ եղել են տարբեր ցուցակներ: Դրանցից մեկը, ըստ ֆրանսիացի հետազոտողի, Մ. Համբարձումյանի՝ դաշնակից երկրների համար կազմած 100 ոճրագործների ցուցակն է, իսկ մյուսը՝ «ներքին» ցուցակը, որի նախնական տարբերակում, նրա պնդմամբ, ընդգրկված էր 650 ոճրագործի անուն, որոնցից ի վերջո ընտրվել են միայն 41-ը (30):

Ուշագրավ է այն փաստը, որ, բացի հայերի կողմից կազմված թուրք ոճրագործների՝ մեզ հայտնի ցուցակներից, եղել են նաև համանման այլ ցուցակներ: Մասնավորապես հետազոտող Մելինե Անումյանը նշում է, որ Մեծ Բրիտանիայի կողմից Օսմանյան կայսրությանը ներկայացված հանցագործների «սև ցուցակում» առանձնացվել է 61 անձ, որոնք կասկածվում էին հայերի տեղահանությունը և ոչնչացումը կազմակերպելու մեջ: Թուրքական կառավարությանը ներկայացված ֆրանսիական «սև ցուցակում» նշվում էր 12 անձ, որոնց անունները նույնությամբ համընկնում էին բրիտանական ցուցակներում նշվածներին: Բացի այդ՝ անգլիամետ իթիլաֆական կառավարության վարչապետ Դամադ Ֆերիդին հայերի ջարդերի պատասխանատուների ցուցակներ են ներկայացրել Կ. Պոլսի հայոց պատրիարք Զավեն Եղիայանը և Մխիթարյան միաբանության անդամները (31):

Ուսումնասիրելով Ա. Սաչակլյանի արխիվից հայտնաբերված ցուցակը՝ հանգում ենք այն եզրակացությանը, որ դրանում ընդգրկված ոճրագործները միայն Օսմանյան կայսրության բարձրաստիճան պաշտոնյաներ, իթթիհատի կենտրոնական կամ տարածքային մարմինների անդամներ են: Մինչդեռ ուսումնասիրողները հաճախ Հատուկ գործին («Նեմեսիսին») կցում են նաև ադրբեջանցի ոճրագործների և երիտթուրքերին աջակցած հայ դավաճանների մահապատիժները: Բայց քանի որ վերոնշյալ ցուցակում ադրբեջանցի գործիչների և հայ դավաճանների անուններ չկան, կարող ենք ենթադրել, որ այդ ոճրագործների համար եղել է առանձին ցուցակ, կամ էլ մահապատժի իրագործման հրահանգները տրվել են հանպատրաստից:

Ասվածին հավելենք, որ ինքը՝ Սողոմոն Թեհլիրյանը (32), անդրադառնալով հայ մատնիչ-դավաճան Հարություն Մկրտչյանի (33) սպանությանը, գրում է, որ նրան մահապատժի ենթարկելը իր սեփական նախաձեռնությունն է եղել. «Երկար ճանապարհին միակ միտքս այդ նոր հրէշն էր՝ մատնիչ Յարությունը. անհրաժեշտ չէ՞ր վրէժխնդրութեան առաքելութիւնս, որ վաղուց դարձել էր գոյութեանս նպատակ, նրանից սկսել…» (34): Ս. Թեհլիրյանը դավաճանի գործունեությանն ու նրա բնակության վայրին ծանոթանում է Կ. Պոլսում 1919 թ. սկզբին «Ճակատամարտ» թերթի աշխատակից Երանուհի Դանիելյանի միջոցով, որը հետագայում առանցքային դերակատարություն է ունենում Թեհլիրյանին Հատուկ գործում ներգրավելու հարցում (35): Որոշ ժամանակ հետապնդելով իր զոհին, ճշտելով նրա ինքնությունը՝ երիտասարդ վրիժառուն ի վերջո իրագործում է սպանությունը (36): Թեև Թեհլիրյանը կոնկրետ չի նշում սպանության օրը, սակայն, դատելով նրա կողմից իրադարձությունների շարադրման ընթացքից, կարող ենք եզրակացնել, որ դեպքը տեղի է ունեցել 1919 թ. մարտի վերջին (37): Այսինքն՝ հայ դավաճանի սպանությունը չի կարող համարվել Հատուկ գործի մաս, քանի որ այն ժամանակագրորեն ավելի վաղ է կատարվել, քան գործի է դրվել «Նեմեսիս» գործողությունը: Բացի այդ, հենց Թեհլիրյանի վկայությամբ, այն իր սեփական նախաձեռնությունն է եղել և ոչ թե ուղղորդվել որևէ մեկի կողմից: Սակայն մատնիչի սպանությունը նպաստեց նրան, որ Ս. Թեհլիրյանն ընդգրկվեց Հատուկ գործի մեջ: Հ. Մկրտչյանի սպանությունից հետո Թեհլիրյանը 1919 թ. նոյեմբերին մեկնում է Փարիզ, որտեղ մնալով շուրջ մեկ տարի՝ 1920 թ. հոկտեմբերին ուղևորվում է Բոստոն՝ ստանձնելու հատուկ առաքելությունը՝ Հատուկ գործի առանցքային գործողության՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթի մահապատժի իրագործումը:

4. Սողոմոն Թեհլիրյանը

Թեհլիրյան

Լուսանկար

Ձախից աջ կանգնած են Միսաք Թեհլիրյանը(Սողոմոնի եղբայրն է), Սահակ Թեհլիրյանը (Սողոմոնի հորեղբորորդին) և Սողոմոն Թեհլիրյանը, ով այդ ժամանակ կամավոր էր` Ա. Բանակի մեջ գործակատար։ Դարձերեսին առկա է ձեռագիր գրություն Ս. Թեհլիրյանի կողմից, որից պարզ է դառնում, որ լուսանկարն արված է 1916թ. Քանաքեռում։ Գրությունն արվել է 1928թ. սերբական Սվիլանաց քաղաքում` Նոր Տարվա և Ս. Ծննդյան շնորհավորանքով, ստորին հատվածում գրված է Միսաք Թեհլիրյան` Սողոմոնի մեծ եղբոր անունը։
Լուսանկարը տպագրվել է Ս. Թեհլիրյանի «Վերյիշումներ» հուշերում, Գահիրէ, 1953թ., էջ 145։
Նվիրատու՝ Շահեն Մելիքյան
ՀՑԹԻ հավաքածու
Սողոմոն Թեհլիրյանը (1896-1960 թթ.) իրավամբ Հատուկ գործի («Նեմեսիս» գործողության) ամենահայտնի դեմքն է, և նրան կարելի է համարել հայոց վրիժառության խորհրդանիշ: Դա պայմանավորված է ոչ միայն այն բանով, որ նրա թիրախն ամենահայտնի ոճրագործն էր՝ Թալեաթը, այլև նրա դատավարության՝ հասարակական լայն հնչեղություն ունենալու փաստով: Հաճախ «Նեմեսիս» գործողությունը հանրության շրջանում անձնավորվում է հենց Սողոմոնի կերպարով: Ի դեպ, եթե Սփյուռքում դեռ 1920-ական թվականներից Սողոմոն Թեհլիրյանին ճանաչում էին որպես հերոս, ապա իրավիճակը բոլորովին այլ էր Խորհրդային Հայաստանում: Սիլվա Կապուտիկյանի վկայությամբ՝ 1965 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում տեղի ունեցած ցույցի մասնակիցները, ի թիվս այլ պաստառների, տանում էին նաև Ս. Թեհլիրյանի պատկերով նկարը (38): Սակայն Խորհրդային Հայաստանում հասարակության լայն շերտերի համար նրա գործունեությունը մինչև 1990-ական թվականների սկիզբը գրեթե անհայտ էր։ Միայն նորանկախ Հայաստանում հնարավոր դարձավ լայնորեն վեր հանել «Նեմեսիսի» մոռացված հերոսների անունները: Հենց այս շրջանում տպագրվեց Ս. Թեհլիրյանի դատավարության սղագրությունը (39): Ի դեպ, այդ հրատարակության մեջ Ս. Թեհլիրյանի ազգանունը սխալ ձևով է գրված՝ Թեհլերյան:

Թեհլիրյանի ազգանվան գրության ոչ ճիշտ ձևն այսօր էլ շատ տարածված է, հատկապես՝ հանրագիտարաններում ու համացանցում: Մինչդեռ դատավարության ռուսերեն թարգմանության մեջ այն ճիշտ է տառադարձված՝ Тейлирян (40): 1993 թ. Ս. Թեհլիրյանի ազգական (հորեղբոր ծոռ), Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Արա Օսկանյանը և նրա գործընկեր Զ. Ղարիբյանը արևելահայերենի են փոխադրել Ս. Թեհլիրյանի «Վերհիշումներ»-ը՝ ընդգծելով հրատարակչի այն դիտարկումը, որ «…Թեհլերյան ազգանվան փոխարեն առաջարկում է Թեհլիրյան, ինչպես դիմել և այսօր էլ դիմում են միմյանց հենց իրենք՝ բոլոր Թեհլիրյանները» (41):

Հարկ է նշել, որ մեզանում հաճախ շրջանառության մեջ են դրվում Ս. Թեհլիրյանի կենսագրության այնպիսի դրվագներ, որոնք վերցված են նրա դատավարության սղագիր զեկույցից, սակայն չեն համապատասխանում իրականությանը: Օրինակ՝ այն, որ նա իբր ականատես է եղել իր ընտանիքի անդամների սպանությանը, տեղահանվել է հայրենի քաղաքից և այլն:

Սողոմոնի կենսագրության վաղ շրջանի՝ 1914-1921 թթ. իրադարձությունների ուսումնասիրության լավագույն աղբյուրը Ս. Թեհլիրյանի՝ Վահան Մինախորյանի (42) կողմից գրի առնված հուշագրությունն է (43): Ուշագրավ է այն փաստը, որ Վ. Մինախորյանը մահացել է Բելգրադում 1946 թ. (44), իսկ Թեհլիրյանի՝ նրա կողմից կազմված հուշագրությունը հրատարակվել է 1953 թ. Կահիրեում: Այսինքն՝ հուշերը գրի են առնվել հրատարակությունից առնվազն 7-8 տարի առաջ: Թեև հուշագրությունը հրատարակվել է Թալեաթի մահապատժից 32 տարի անց, այնուամենայնիվ, Թեհլիրյանը չի գաղտնազերծում գործողության որոշ մասնակիցների անունները (երբեմն ստեղծելով կեղծանուններ կամ անվան և ազգանվան տառերից կազմված նոր անուններ, օրինակ՝ Հրափ (Հրաչ Փափազյան - Գ. Խ.), Յազօր (Հակոբ Զորյան - Գ. Խ.) (45), Վազա (Վահան Զաքարյան - Գ. Խ.)(46):

Թեհլիրյանի կենսագրության կարևոր դրվագը՝ Բեռլինի բանտում անցկացրած օրերը և մտորումները, ներկայացված է նրա գրառումներում, որոնք կինը՝ Անահիտ Թաթիկյանը, ամուսնու մահվանից տարիներ անց՝ 1970-ական թվականներին, բերել է Խորհրդային Հայաստան և պահ տվել Ազգային արխիվին (47):

5. Սողոմոնը և Թալեաթը

Նախքան Հատուկ գործի մեջ ներգրավվելը Ս. Թեհլիրյանը, չնայած երիտասարդ տարիքին, անցել էր մարտական հարուստ ուղի՝ դառնալով ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչների՝ Զորավար Անդրանիկի, Սեբաստացի Մուրադի, Կայծակ Առաքելի, Սեպուհի և այլոց զինակից ընկերը: Ընդ որում, մարտական բազմաթիվ գործողությունների մասնակցելուց բացի (որոնցում նույնիսկ վիրավորվել է) (48), Ս. Թեհլիրյանը 1916-1917 թթ. զբաղվել է նաև որբահավաք գործունեությամբ, ինչը տակավին նրա կենսագրության չլուսաբանված և պատշաճ ուշադրության չարժանացած դրվագներից է: 1916 թ. ամռանը նրա ավագ ընկերը՝ Սեբաստացի Մուրադը, ազդարարել էր «մեկ հայ-մեկ ոսկի» կարգախոսը, որը կարճ ժամանակահատվածում վերաճեց համահայկական փրկության ծրագրի (49): Դրանից ոգեշնչվելով՝ Ս. Թեհլիրյանն իրականացնում է ազգանվեր կարևոր առաքելություն. Երզնկայում հայտնաբերում է մահմեդականների տներում բռնի պահվող և անմարդաբնակ վայրերում՝ քարանձավներում, անտառներում, լքված ու ավերակ տներում թաքնված անապաստան ու ծնողազուրկ երեխաների և հանձնում հայկական որբանոցների խնամքին: Նա Երզնկայում հայ կամավորականներից կազմված որոնողական խմբի անդամ էր և ստացել էր «որբեր հավաքողի պաշտոն» (50):

Թալեաթին որպես հայերի կոտորածների հիմնական կազմակերպիչ թիրախավորելու և ոչնչացնելու մտահղացումը Ս. Թեհլիրյանի մոտ ծագել է 1916 թ., երբ երիտասարդ կամավորականը, իր զինակից ընկերների հետ մտնելով հայրենի Երզնկա քաղաքը, տեսնում է հայրական տունը դատարկված, թալանված և ավերակ դարձած: Հոգեկան ծանր ապրումներից նա կորցնում է գիտակցությունը և ունենում սպանված մոր տեսիլքը (51): Թեհլիրյանը հիշում է. «…Ու իմ առջեւ դարձեալ պատկերում է Թալէաթի փքուն, ինքնագոհ դէմքը, որ մթութեան մէջ կարծես վեր է հանում բրդոտ թաթը... Ա՛խ, կտրել այդ ձեռքը ու թողնել, որ արիւնաքամ լինի հրէշը, որ կարող լինի զգալ ու հասկանալ իր կատարած ոճիրի ահաւոր չափերը… Հաւատա՞լ արդեօք, որ մի օր կլինի արդար դատաստան…» (52): Թալեաթին նա, ինչպես նաև իր ժամանակակիցներից շատերը համարում էին Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ և կոտորածների պատասխանատու: Ի դեպ, մոր տեսիլքը դատավարության ժամանակ օգտագործվեց դատապաշտպանների կողմից՝ նրա պաշտպանությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Ս. Թեհլիրյանը 1918 թ. վերջին՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ իր կորցրած հարազատներին գտնելու հույսով թերթերում հայտարարություն տալու համար ժամանել էր Կոստանդնուպոլիս, փորձեց գործնական քայլեր անել Թալեաթի սպանությունն իրագործելու ուղղությամբ: Աջակցություն ստանալու նպատակով նա դիմեց անգամ աքսորից Կ. Պոլիս նոր վերադարձած Զավեն պատրիարքին՝ ստանալով վերջինիս մերժումը (53):

***

ՀՅԴ-ի կողմից ստեղծված Հատուկ մարմինն արդեն 1920 թ. կեսերից անցել էր գործուն քայլերի, այն է՝ հետախուզական խմբերի միջոցով հայտնաբերել դատավարությունից խուսափած երիտթուրք հանցագործներին, որոնք կեղծ անձնագրերով, փոփոխված արտաքինով, ծպտյալ բնակություն էին հաստատել հիմնականում եվրոպական երկրներում, և ընտրել նրանց մահապատիժն իրականացնելու համար համապատասխան թեկնածուների: Ինչպես արդեն վերը նշվեց, մատնիչ Հ. Մկրտչյանի սպանությունը նպաստեց, որ Թեհլիրյանն ընդգրկվի Հատուկ գործի կարևոր առաքելության մեջ: Այս կապակցությամբ նա գրում է. «Մատնիչի մահը Պոլսոյ հայութեան մէջ առաջ բերեց ընդհանուր ցնծութիւն: Կուսակցութեան շրջաններում հարց բարձրացաւ հետամուտ լինելու մեծ մարդասպաններին, յարաբերութեան մէջ մտնելու այդ առթիւ Ռուսաստանի, Անդրկովկասի, Բերլինի, Ժընեւի կուսակցական մարմինների հետ» (54): Սակայն գործի մեջ Թեհլիրյանին ներգրավելու հարցում իրենց միջնորդություններով ներդրում ունեցան նաև նրա վաղեմի ծանոթներ Երանուհի Դանիելյանը և Համոն (Համազասպ Բարաղամյանը) (55), ովքեր Հատուկ գործի մեջ ներգրավված անձինք էին:

1920 թ. հոկտեմբերին ստանալով Համոյի նամակը՝ Թեհլիրյանն ուղևորվում է ԱՄՆ և Բոստոնում հանդիպում Արմեն Գարոյի հետ, որից ստանում է համապատասխան հրահանգներ, Թալեաթի և Բեռլինում գտնվող նրա թուրքական շրջապատի լուսանկարները: 1920 թ. դեկտեմբերի 3-ին Թեհլիրյանը ժամանում է Բեռլին՝ իբրև ուսանող:

6. Թալեաթի ահաբեկումը

Սողոմոն Թեհլիրյանն անձամբ չէր ճանաչում Թալեաթին, երբևիցե երես առ երես չէր հանդիպել նրան, բացարձակապես չէր տիրապետում գերմաներենին: Նրան վստահված կարևոր առաքելությունն իրագործելու համար Բեռլինում սպասում էր արհեստավարժ թիմը, որն արդեն կատարել էր հետախուզական և կազմակերպչական զգալի աշխատանք: Ձեռք բերված տեղեկություններից պարզ էր դարձել, որ Եվրոպա ճողոպրած ու դատավարությունից խուսափած երիտթուրքերի շրջանում (56) մեծ ոգևորություն էին առաջացրել Մուստաֆա Քեմալի ռազմական և քաղաքական հաջողությունները Թուրքիայում: Կիլիկիայում մարում էին հայերի ինքնապաշտպանության վերջին օջախները, իսկ 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվել էր. երկրում հաստատվել էր նոր՝ բոլշևիկյան իշխանություն: Ուստի ռազմա-քաղաքական նոր շրջադարձը պահանջում էր հնարավորինս արագ և գրագետ գործել: Բեռլինյան գործողության մեջ ներգավված էր Հրափը (Հրաչ Փափազյանը) (57), որը, ծնունդով լինելով Բուրսայից (Օսմանյան կայսրություն), փայլուն տիրապետում էր թուրքերենին և մուտք էր գործել Բեռլինում ծպտյալ ապրող երիտթուրքերի շրջանակ, մասնավորապես՝ Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիի որդու «մտերիմ ընկերն էր»: Նա գործում էր Մեհմեդ Ալի կեղծանունով և արժեքավոր տեղեկություններ էր փոխանցում ճողոպրածների գործունեության վերաբերյալ (58): Հետախուզական խմբի մյուս անդամներն էին Վազան (Վահան Զաքարյանը) (59), Յազօրը (Հակոբ Զորյանը), որն առաջինն էր բացահայտել Թալեաթին Բեռլինում և գերմանական դատարանում դարձավ Ս. Թեհլիրյանի թարգմանիչը, Հայկոն, որին հետազոտող Վարդան Մատթեոսյանը նույնացրել է ՀՅԴ անդամ Հայկ Տեր-Օհանյանի հետ (60), և Բեռլինում ՀՀ ներկայացուցիչ, փոխհյուպատոս Լիպարիտ Նազարյանցը:

Թալեաթը Բեռլինում փոխել էր անձնական տվյալները և կնոջ հետ Ալի Սալիհ բեյ անունով ապրում էր Հարդենբերգ փողոցում վարձակալած ինը սենյականոց շքեղ բնակարանում: Ըստ լեգենդի՝ Ալի Սալիհը սնանկացած նախկին վաճառական էր, ով Բեռլինում արևելյան սրճարան էր աշխատեցնում: Բնակարանը նրա և կնոջ համար վարձակալել էր թուրքական դեսպանատունը: Թալեաթը փոխել էր նաև արտաքին տեսքը. սափրել էր բեղերը և իր սիրելի թուրքական ֆեսի փոխարեն կրում էր եվրոպացուն բնորոշ գլխարկ: Թալեաթի նկատմամբ հետախուզությունը ուղղորդվում էր Բոստոնից, որտեղից պարբերաբար ուղարկվում էին ծածկագրված հեռագրեր: Ս. Թեհլիրյանին հաջողվում է բնակարան վարձել Թալեաթի իջևանած բնակարանի հարևանությամբ և մի քանի օր շարունակ մոտիկից հետևել նրան:

Թալեաթը բացահայտված էր. մանրակրկիտ ստուգված էր նրա ինքնությու- նը, քանի որ կարևոր էր, որ գործողության ընթացքում պատահական մարդ չտուժի: Նրա մահապատիժն իրագործվեց 1921 թ. մարտի 15-ին՝ Մոսկվայի հա- կահայկական պայմանագրի կնքման նախորդ օրը: Մահապատժի իրագործման օրը թերևս պատահական չէր ընտրված, քանի որ ռուս-թուրքական կոնֆերան- սում (1921 թ. փետրվարի 26 - մարտի 16), որի արդյունքը Մոսկվայի «Բարեկա- մության և եղբայրության» պայմանագիրն էր, բոլշևիկներն ու քեմալականներն առանց հայկական կողմի մասնակցության որոշում էին հայկական տարածքնե- րի հարցը: Այդ օրը՝ առավոտյան, Բեռլինի Հարդենբերգ փողոցում ժողովրդա- կան վրիժառու Ս. Թեհլիրյանն ատրճանակով գնդակահարում է Հայոց ցեղաս- պանության գլխավոր պատասխանատուին՝ Թալեաթ փաշային: Այն, որ սպան- վողը Թալեաթն էր, այդ պահին գիտեր միայն Սողոմոնը:

Թեհլիրյանը ձերբակալվեց սպանության վայրում և տեղափոխվեց ոստիկանություն, որտեղ սկսվեց հարցաքննությունը: Քանի որ նա հարցաքննության պահին գրեթե չէր տիրապետում գերմաներենին (61), իբրև թուրքահպատակի՝ նրան առաջարկեցին հարցաքննվել թուրքերենով: Սակայն Թեհլիրյանի պահանջով հարցաքննությունը կատարվեց հայ թարգմանչի միջոցով: Նա պնդում էր, որ Թալեաթին սպանել է վրեժից դրդված, գործել է միայնակ և հանցակիցներ չի ունեցել:

«Ալի Սալիհի» դին ճանաչել էր նրա վաղեմի ընկերը՝ Բեհաէդդին Շաքիրը, ով հաստատել էր, որ սպանվածը Թուրքիայի նախկին մեծ վեզիր Թալեաթն է (62): Թալեաթին հուղարկավորեցին միայն մահվան 5-րդ օրը, քանի որ թուրքական իշխանություններն արգելեցին նրան ամփոփել հայրենիքում: Նախկին դաշնակիցները՝ գերմանացիները, Բեռլինում կազմակերպեցին Թալեաթի ճոխ հուղարկավորությունը. բազմաթիվ ծաղկեպսակներ, տարբեր երկրներից ժամանած թուրքեր, հակահայկական ելույթներ և կոչեր… (63)։

7. Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը և Հատուկ գումարը

Ս. Թեհլիրյանի դատավարությունը դարձավ Հատուկ գործի ամենահնչեղ էջը։ Այն դարձավ նաև քաղաքական հարթակ՝ հայկական կոտորածների մասին բարձրաձայնելու և միջազգային հանրության ուշադրությունը վերստին այդ հարցի վրա հրավիրելու համար (64): Անհրաժեշտ էին զգալի նյութական միջոցներ՝ Գերմանիայի լավագույն դատապաշտպաններին վարձելու և Թեհլիրյանի պաշտպանական գործը պատշաճ կազմակերպելու համար: Այդ միջոցները հայթայթվում էին Հատուկ գումարի ֆոնդից, որը ստեղծվել էր դեռևս 1920 թ.: Շահան Նաթալին այն անվանում էր «Վրեժի ֆոնդ» (65): Ա. Սաչակլյանի անձնական արխիվում Հատուկ գումարի վերաբերյալ հանդիպում ենք ինչպես դրամական նվիրատվությունների մասին նշումների, այնպես էլ կատարված ծախսերի հաշվետվությունների (66): Ինչպես նշում է ամերիկահայ իրավաբան Վարդգես Եղիայանը, համայն հայության կողմից այդ նպատակի համար հանգանակվեց շուրջ 700.000 մարկ: Դրանից բացի՝ այդ օրերին Փարիզում Խաղաղության կոնֆերանսին մասնակցող հայկական պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշայի կողմից կազմակերպված հանգանակության շնորհիվ հավաքվեց շուրջ 300.000 մարկ: Միայն դատավարության ընթացքում ծախսվեց 306.484 մարկ (67):

Ս. Թեհլիրյանին դատարանում պաշտպանելու էին Գերմանիայի անվանի իրավաբաններ Ադոլֆ ֆոն Գորդոնը՝ իրավական գաղտնի խորհրդական, Յոհաննես Վերթաուերը՝ իրավական խորհրդական, և Նիմայերը՝ Քիլի համալսարանի իրավագիտության բաժնի պրոֆեսոր: Յուրաքանչյուր դատապաշտպանի վճարվեց 75.000 մարկ (68):

Դատապաշտպանները Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին ժամանակին ուղարկված բնօրինակ հեռագրեր (69), որոնցում Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը տալիս էր հայերի բնաջնջման և տեղահանության հրամաններ: Դատավարության ընթացքում (Բեռլին, 2-3-ը հունիսի 1921 թ.) ցուցմունք տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ, հայասեր Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր, այդ թվում՝ Գրիգորիս Պալաքյանը, որի հետ դատավարության ավարտից հետո Թեհլիրյանը մեկնեց Մանչեստր (70): Իրավական առումով Թեհլիրյանի պաշտպանությունը հիմնված էր Գերմանիայի քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի վրա, որը սահմանում էր. «Պատժելի արարք չկա, եթե արարքը կատարելու պահին հանցագործը գտնվել է անգիտակից վիճակում կամ հոգեկան գործունեության պաթոլոգիական խախտում ունի, որի պատճառով բացառվում է նրա կամարտահայտությունը» (71): 1921 թ. հունիսի 3-ին երդվյալ ատենակալների վճռով Ս. Թեհլիրյանն ազատ արձակվեց (72):

Ս. Թեհլիրյանի դատավարությունը հասարակական-քաղաքական մեծ արձագանք գտավ. այն լայնորեն լուսաբանվեց ինչպես ժամանակի եվրոպական, ամերիկյան ու հայկական մամուլում, այնպես էլ գերմանացի և թուրք լրագրողների կողմից:

Ի դեպ, Թեհլիրյանի դատավարության հաջորդ օրը, Ազգային պատվիրակության ներկայացուցիչը նամակով հայտնում է Փարիզի ոստիկանապետին, որ, Կ. Պոլսից ստացած իրենց հավաստի տեղեկությունների համաձայն, Թալեաթի կողմնակիցները նրա մահվան համար վրեժխնդիր լինելու նպատակով Փարիզում նախապատրաստում են Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշայի մահափորձը (73):

Հետաքրքիր է այն փաստը, որ Ս. Թեհլիրյանի դատավարությունից շուրջ մեկուկես ամիս անց՝ 1921 թ. հուլիսի 18-ին, Միսաք Թորլաքյանը Կ. Պոլսում ի կատար ածեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջիվանշիրի մահապատիժը: Վերջինս պատասխանատու էր 1918 թ. սեպտեմբերին Բաքվի հայության և այնտեղ ապաստանած հազարավոր հայ գաղթականների սպանության համար: Ինչպես Թեհլիրյանը, Թորլաքյանը ևս ձերբակալվեց սպանության վայրում: Նրա դատավարությունը տևեց շուրջ 2 ամիս և ավարտվեց հոկտեմբերի 20-ին: Ինչպես Թեհլիրյանի, այնպես էլ այս դեպքում դատարանում պաշտպանությունը շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ Թորլաքյանն ականատես է եղել իր ընտանիքի՝ Ջիվանշիրի հրամանով իրագործված սպանությանը, ինչը, դատարանում ցուցմունք տվող բժշկի վկայությամբ, ընկնավորության առաջացման պատճառ է դարձել: Ինչպես գիտենք, Թեհլիրյանի դատավարության ժամանակ նույնպես շեշտադրվում էին նրա ընկնավորության նոպաները, որոնք հատկապես սրվում էին կոտորածները մտաբերելիս (74): Անգլիական զինվորական դատարանը Թորլաքյանին անմեղսունակ ճանաչեց և ազատ արձակեց: Դատավարությունից հետո Ս. Թեհլիրյանը բնակություն է հաստատել նախ Մանչեստրում, ապա՝ Բելգրադում (Սերբիա)՝ իբրև Սարո Մելիքյան (75): Ունեցել է սեփական բիզնես: Անվան փոփոխությունը պայմանավորված էր նրա և իր ընտանիքի անվտանգության ապահովմամբ: 1953 թ. տեղափոխվել է Կասաբլանկա (Մարոկկո), այնտեղից էլ 1954 թ.՝ Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ), որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին՝ (կրում էր Սողոմոն Մելիքյան անունը): Նրա աճյունը հողին է հանձնվել Ֆրեզնոյում:

Անահիտ Թաթիկյանի հետ ամուսնությունից Ս. Թեհլիրյանն ուներ 2 որդի՝ Զավենը և Շահենը (76):

Այսպիսով՝ Սողոմոն Թեհլիրյանի կողմից իրականացված Թալեաթի մահապատիժը Հատուկ գործի ամենահայտնի, սակայն պատմագիտական գրականության մեջ քիչ ուսումնասիրված էջերից է: Նորահայտ աղբյուրների ու նյութերի ուսումնասիրությունը և դրանց համադրումն ու քննությունն արդեն գոյություն ունեցողների հետ Հատուկ գործի գաղտնի ու դեռևս անհայտ ծալքերը բացահայտելու և այն նորովի ուսումնասիրելու նոր դաշտ են ստեղծում:


Գոհար Վ. Խանումյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող

Վէմ համահայկական հանդես, ԺԱ (ԺԷ) տարի, թիվ 4 (68), հոկտեմբեր-դեկտեմբեր, 2019


__________________________________________________________

1. Տե՛ս Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի, առաջաբանը, թարգմանությունը և ծանոթագրությունները` Ա. Հ. Փափազյանի, Եր., ՀՍՍՀ ԳԱ արևելագիտ. ինստ.,1988, էջ 3:
2. Տե՛ս Dadrian V. N., Akcam T., Judgment at Istanbul, New York, «Berghahn books», 2011, էջ 57-58:
3. Տե՛ս Անումյան Մ., Ճանաչում և դատապարտում. Երիտթուրքական դատավարությունները (1919-1921 թթ. և 1926 թ.), Եր., Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 2013, էջ 41:
4. Տե՛ս Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի, էջ 13, տե՛ս նաև Անումյան Մ., նշվ. աշխ., էջ 47:
5. Հայերի ցեղասպանությունը, նշվ. աշխ., էջ 14:
6. Տե՛ս Dadrian V. N., Akcam T., նշվ. աշխ., էջ 24:
7. Dadrian V.N., The history of the Armenian Genocide, Ethnic conflicts from the Balkans to Anatolia to the Caucasus, «Berghahan books», Providence, 1995, էջ 331.
8. Հայերի ցեղասպանությունը, նշվ. աշխ., էջ 19: Վ. Դադրյանը Մալթա աքսորված երիտթուրքերին նշում է 67 անձ:Տե´ս Dadrian V., The history of the Armenian Genocide, էջ 308.
9. Ժողովի մասին ավելի մանրամասն տե՛ս Տասնապետեան Հ., Հ. Յ. Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ Ժ. Ընդհ. Ժողովը (1890-1924), Աթէնք, «Դրօշակ»-ի տպարան, 1988, էջ 138-140:
10. Արմեն Գարո (Գարեգին Փաստրմաճյան) (1872 թ., Կարին - 1923 թ., Ժնև)` հայ ականավոր քաղաքական, պետական ու հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ:
11. Տե՛ս Derogy J., Resistance and Revenge: The Armenian Assassination of the Turkish Leaders Responsible for the 1915 Massacres and Deportations, Preface by Gérard Chaliand, Translated by A. Am. Berrett, New Brunswick (USA) and London (UK), «Transaction Publishers», 1990, էջ 59:
12. Տե՛ս նույն տեղում, էջ 60, տե՛ս նաև Bogosian E., Operation Nemesis. The assassination plot that avenged the Armenian genocide, New York, Boston, London, «Little, Brown and company», 2015, էջ 136:
13. 1921 թ. վերջից, քանի որ Արմեն Գարոն առողջական խնդիրներ ուներ, Հատուկ գործը փաստացի ղեկավարում էր Սեպուհը՝ Արշակ Ներսիսյանը: Տե՛ս Mesrobian MacCurdy M., Sacred Justice; The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis, with a foreward by Gerard Libaridian, Translations by Arsine Oshagan, New Brunswick (USA) and London (UK), «Transaction Publishers», 2016, էջ 120:
14. Շահան Նաթալի (Հակոբ Տեր-Հակոբյան) (1884 թ., Հուսեյնիկ - 1883 թ., Մասսաչուսեթս)` հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող, փիլիսոփա, կեղծանունը՝ Նեմեսիս:
15. Գիրք մատուցման և հատուցման. յուշարձան Արամ Երկանեանի, Լոս-Անճէլէս, տպ. «Պայքար», 1949։
16. Տե՛ս Թեհլիրեան Ս., Վերյիշումներ (Թալէաթի ահաբեկումը), գրի առաւ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, տպ. «Յուսաբեր», 1953:
17. Տե՛ս Թորլաքեան Մ., Օրերուս հետ, Բ հրատարակութիւն, Պէյրութ, 1982, տպ. «ՀԱՅԿ-Ճըմմէյզէ», 1963։
18. Տե՛ս Շիրակեան Ա., Կտակն էր նահատակներուն, «Համազգային», Պէյրութ, 1965, էջ 344:
19. Պետրոս Տէր-Պողոսյանը, Ստեփան Զատիկյանն ու Արտաշես Գևորգյանը չհասցրին անձամբ գրել իրենց սխրագործության՝ Ջեմալ փաշայի ահաբեկման մասին, որը նույնպես կազմակերպվել էր ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումն իրագործելու համար, բայց ոչ թե Հատուկ գործի շրջանակներում, այլ ՀՅԴ Վրաստանի կենտրոնական կոմիտեի ղեկավարությամբ։ Ավելի մանրամասն տե՛ս Այվազյան Մ., Ովքեր են սպանել Ջեմալ փաշային, Եր., «Ֆենոմեն», 2016։
20. Տե՛ս Derogy J., Operation Nemesis: Les vengeurs arméniens, «Fayard», Broché, «Fayard», 1986:
21. Տե՛ս Derogy J., Resistance and Revenge, The Armenian Assassination of the Turkish Leaders Responsible for the 1915 Massacres and Deportations, Preface by Gérard Chaliand, Translated by A. Am. Berrett, New Brunswick (USA) and London (UK), «Transaction Publishers», 1990:
22. Տե՛ս Mesrobian MacCurdy M., նշվ.աշխ.:
23. Ահարոն Սաչակլյան (1879 թ., Մալաթիա, Օսմանյան կայսրություն - 1964 թ., Սիրակուզա, ԱՄՆ)` ՀՅԴ գործիչ, «Հայրենիք» թերթի (Բոստոն) աշխատակից, Հատուկ գործի ֆինանսական հարցերով պատասխանատու:
24. Մանուկ Համբարձումյան (1882 թ. Սեբաստիա - 1963 թ., Ֆրեզնո)` ՀՅԴ ԱՄՆ Կենտրոնական կոմիտեի անդամ, «Հայրենիք» պարբերականի խմբագիր (1919 թ.): Ավարտել է Անատոլիա քոլեջը (1907 թ.), Եյլի համալսարանը (1913 թ.), Հարվարդի համալսարանը (1917 թ.):
25. Ոճրագործների անվանացանկը տե՛ս Mesrobian MacCurdy M., նշվ. աշխ., էջ 143-147:
26. 1919 թ. հունվարին` Փարիզի Խաղաղության կոնֆերանսի նախօրեին, ստեղծվեց Պատասխանատվության և պատժամիջոցների հանձնաժողով, որի առաջին ենթահանձնաժողովը (այն հայտնի է նաև Տասնհինգի հանձնաժողով անունով), Հաագայի 4-րդ կոնվեցիայի պահանջներին համապատասխան, իրավասություն ստացավ բացահայտելու և պատժելու պատերազմական հանցագործներին: Մանրամասն տե՛ս Dadrian V., The History of the Armenian Genocide, էջ 304:
27. Տե՛ս Mesrobian MacCurdy M., նշվ. աշխ., էջ 116:
28. Տե՛ս Mesrobian MacCurdy M., նշվ. աշխ., էջ 116-117: Տե՛ս նաև DerogyJ, Resistance and Revenge, էջ 59:
29. Տե՛ս Derogy J., Resistance and Revenge, էջ 59:
30. Տե՛ս Անումյան Մ., նշվ. աշխ., էջ 47:
31. Ս. Թեհլիրյանի կենսագրության մասին տե՛ս Խանումյան Գ., Սողոմոն Թեհլիյան-120 / http://www.genocide-museum.am/arm/soghomon-tehliryan.php (մուտք՝ 06.11. 2019):
32. Հարություն (Արթին) Մկրտչյան` թուրքական գաղտնի ոստիկանության աշխատակից, լրտես: Նրա կազմած «սև» ցու ցակով սկսվեցին հայ մտավորականության ձերբակալությունները Կ. Պոլսում 1915 թ. ապրիլի 24-ին:
33. Թեհլիրեան Ս., Վերյիշումներ (Թալէաթի ահաբեկումը), գրի առաւ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, տպ. «Յուսաբեր», 1953, էջ 190:
34. Նույն տեղում, էջ 235:
35. Նույն տեղում, էջ 205-206:
36. Նույն տեղում, էջ 199, տե՛ս նաև Mesrobian MacCurdy M., նշվ. աշխ., էջ 136:
37. Տե՛ս Թեհլիրյան Ս., Վերհիշումներ. Թալեաթի ահաբեկումը, գրի առավ Վահան Մինախորյանը, Եր., Հայսատանի ԳԱԱ հրատ., 1993, էջ 3:
38. Տե՛ս Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը (սղագրություն), Եր., «Արևազուն», 1990:
39. Տե՛ս Судебный процесс Талаата паши, նշվ. աշխ.:
40. Թեհլիրյան Ս., Վերհիշումներ. Թալեաթի ահաբեկումը, գրի առավ Վահան Մինախորյանը, Եր., Հայսատանի ԳԱԱ հրատ., 1993, էջ 3:
41. Վահան Մինախորյան (1884 թ., Գանձակ – 1946 թ., Բելգրադ)` քաղաքական գործիչ, էսէռ, 1918-1919 թթ.` ՀՀ Խորհրդարանի անդամ, 1920 թ. վերջին` հանրային կրթության նախարար, Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցություններում` ՀՀ պատվիրակության անդամ: 1921 թ. մասնակցել է Փետրվարյան ապստամբությանը, անցել Պարսկաստան, այնուհետև՝ Պրահա, 1934-1946 թթ. հաստատվել է Բելգրադում:
42. Տե՛ս Թեհլիրեան Ս., Վերյիշումներ (Թալէաթի ահաբեկումը), գրի առաւ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, տպ. «Յուսաբեր», 1953:
43. Այդ տարիներին Ս. Թեհլիրյանը նույնպես ապրում էր Բելգրադում:
44. Քեշիշյան Մ., Նեմեսիսի զինվորը՝ Հակոբ Զորյան, «Հայ զինվոր», Եր., N 20 (987), 23.05.2013:
45. Մանրամասն տե՛ս Մատթէոսեան Վ., ՀԱՅԿՕ Թալէաթի ահաբեկումին վերջին անծանօթ մասնակիցը, «Բանբեր Մատենադարանի», Եր., 2014, N 21, «Նաիրի», էջ 249-260:
46. Տե՛ս Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ), ֆ. 314, ց. 24, գ. 2:
47. 1918 թ. ապրիլի 6-ին Կարաքուրդի կիրճում՝ Սարիղամիշի մոտ, Թեհլիրյանը հրազենային վնասվածք է ստանում և ապաքինվելու համար տեղափոխվում Թիֆլիս: Տե՛ս Թեհլիրեան Ս., Վերյիշումներ (Թալէաթի ահաբեկումը), գրի առաւ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, տպ. «Յուսաբեր», 1953, էջ 140:
48. Մանրամասն տե՛ս Խանումյան Գ. Վ., Հայոց ցեղասպանության տարիներին «մեկ հայ-մեկ ոսկի» փրկության առաքելության հարցերի շուրջ, «Ցեղասպանագիտական հանդես», 2017, N 5 (2), էջ 35-47:
49. Տե՛ս Թեհլիրեան Ս., Վերյիշումներ (Թալէաթի ահաբեկումը), գրի առաւ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, տպ. «Յուսաբեր», 1953, էջ 75:
50. Տե՛ս նույն տեղում, էջ 95:
51. Նույն տեղում, էջ 75:
52. Նույն տեղում, էջ 212, տե՛ս նաև նույն տեղում, էջ 222:
53. Նույն տեղում, էջ 207:
54. Համազասպ Բարաղամյան` հայ կամավորական, «Հորիզոն» (Երևան) թերթի թղթակից, «Հայրենիք» (Բոստոն) թերթի խմբագրության անդամ, ԱՄՆ-ում ՀՅԴ ԿԿ քարտուղար: Հատուկ գործի մեջ ներգրավված անձ:
55. Բեռլինում ծպտյալ ապրում էին Թալեաթը կնոջ հետ, Ջեմալ Ազմին ընտանիքի հետ, Պոլսի նախկին ոստիկանապետ Բեդրի բեյը, Իսմայիլ Հագգը բեյը և Բեհաէդդին Շաքիրը:
56. Հրաչ Փափազյանի մասին տե՛ս Սապունճեան Զ., Հրաչ Փափազեան. Յեղափոխական եւ ազգային մեծ գործիչ (կեանքն ու գործը), Պէյրութ, 1987:
57. Տե՛ս Թեհլիրեան Ս., Վերյիշումներ (Թալէաթի ահաբեկումը), գրի առաւ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, տպ. «Յուսաբեր», 1953, էջ 255:
58. Տե՛ս Mesrobian MacCurdy M., նշվ. աշխ, էջ 138:
59. Տե՛ս Քեշիշյան Մ., նշվ. աշխ.:
60. Մանրամասն տե՛ս Մատթէոսեան Վ., նշվ. աշխ., էջ 249-260։
61. Բեռլինում գտնվելու երեք ամիսների ընթացքում նա որոշակի քայլեր արել էր գերմաներեն սովորելու ուղղությամբ, սակայն բավականաչափ չէր տիրապետում հաղորդակցվելու համար: 62. Տե՛ս Թեհլիրեան Ս., նշվ. աշխ., էջ 335:
63. Տե՛ս նույն տեղում, էջ 338
64. Ս. Թեհլիրյանի դատավարության մասին մանրամասն տե´ս Hoffman T., New Aspects of the Talaat Pasha Court case, Armenian Review. Winter, 1989, volume 42, Number 4/168
65. Տե՛ս Mesrobian MacCurdy M., նշվ. աշխ, էջ 129:
66. Տե՛ս նույն տեղում, 216-219 էջեր:
67. Yeghiayan V., The case of Soghomon Tehlirian, 2-nd edition, «Center for Armenian rememberance (CAR) », Glendale, 2006, p. xxvii.
68. Նույն տեղում:
69. Հայերի ոչնչացման հեռագիր հրամանները գերմանական դատարան է ներկայացրել Արամ Անտոնյանը։
70. Տե՛ս Mesrobian MacCurdy M., նշվ. աշխ, էջ 129։
71. https://lexetius.com/StGB/51,4, (մուտք՝ 22.11.2019):
72. Hoffman T., նշվ. աշխ., էջ 47:
73. ՀՀ ԱԱ ֆ. 430, ց.1, գ. 1169:
74. Տե՛ս Derogy J., Resistance and Revenge, էջ xxv:
75. Տե՛ս «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1960 թ., օգոստոս, էջ 84, տե՛ս նաև Հ. Յ. Դաշնակցութեան թանգարան հիմնադրամ, ֆոնդ 330 դ։
76. Տե՛ս Խանումյան Գ., Սողոմոն Թեհլիրյան-120/ http://www.genocide-museum.am/arm/soghomon-tehliryan.php (մուտք՝ 06.11. 2019):





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am