Հայ բնակչության ոչնչացումը օսմանյան թուրքերի կողմից
Le Petit Journal, դեկտեմբեր 12, 1915թ.
Լուսանկարիչ՝ Ստեփանո Բիանչետի
Ցեղասպանության իրականացման համար անհրաժեշտ պայման է հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը, մասնակցությունը զանգվածային սպանություններին (Ցեղասպանությունների ընթացքում զանգվածային մասնակցության մասին մանրամասն տես` James E. Waller, Becoming Evil: How Ordinary People Commit Genocide and Mass Killing, Oxford University Press, USA; 2 edition (March 22, 2007): Այս պարագայում հատկապես մեծ «արժեք» են ձեռք բերում այն մարդիկ, ովքեր ընդունակ են առավել սառնասիրտ ու արդյունավետ սպանել իրենց նմանին: Դրանով է նաև բացատրվում պետական իշխանությամբ օժտված և «օրինականացված» բռնություն կիրառելու իրավունք ունեցող ժանդարմների, զինվորների մեծ ներգրավումը ոճրագործություններին: Բացի այդ սպանությունների գործընթացի մեջ ներքաշվել են նաև այլ մասնագիտությունների և զբաղմունքի տեր մարդիկ, որոնց հարմար են գտել այս գործառույթն իրականացնելու համար: Օրինակ, արաբ ականատես Ֆայեզ ալ-Ղոսեյնը պատմում է, որ իշխանությունները վարձում էին նույնիսկ մսագործների, ովքեր մարդասպանի արհեստի համար ստանում էին օրական 1 ֆունտ վարձավճար (Faiez el Ghocéin. Témoignage d'un Arabe musulman sur I'Innocence уt le massacre des Arméniens. Trad. de l'arabe par A. El-G. [Bombay], 1917, p. 3-4, 20-22, 39-44 ըստ “Геноцид армян в Османской империи”, под.ред. М.Г.Нерсисяна, М.1982, стр.404):
Հայոց ցեղասպանության դեպքում «սպանդի ինդուստրիայում» օգտագործվեցին նույնիսկ հասարակության հակասոցիալական, մարգինալ շերտերը: «Ցեղասպանությունների և մարդկության դեմ իրագործված հանցագործությունների հանրագիտարանը» արձանագրում է, որ ցեղասպանությունների շարքում Հայոց ցեղասպանությունն աչքի է ընկնում սպանություններ և բռնություններ իրականացնելու համար բանտերից ազատ արձակված քրեական ծանր հանցագործների հավաքագրմամբ և օգտագործմամբ (Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, MacMillan Library Reference; October 29, 2004, p.791): Սույն հոդվածը ներկայացնում է Հայոց ցեղասպանության իրականացման մեջ հենց այդ խմբի մասնակցության խնդիրը:
Բանտերից ազատ արձակված քրեական հանցագործների ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության մեջ արտահայտվում էր երկու ձևով` անհատական մասնակցությամբ և Հատուկ կազմակերպության մեջ ներգրավումով:
Հայոց ցեղասպանության վերապրողները, օտարերկրյա դիվանագետները և ականատեսները բազմաթիվ վկայություններ են թողել այն մասին, թե ինչպես էին բանտերից ազատ արձակում քրեական հանցագործներին` հայերին կոտորելու և կտտանքների ենթարկելու նպատակով (1):
1915թ. հոկտեմբերին Կ.Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Եղիայան Պաղտատցին նամակում Պողոս Նուբար փաշային նկարագրում է դեռ ապրիլին սկսված մեկ միլիոն հայերի տեղահանությունը. «Ամեն ինչ սկսվեց բոլոր գյուղերի ու քաղաքների բնակչության զինաթափումից: Այս նպատակի համար օգտագործվեցին ժանդարմները և բանտերից արձակված հանցագործները: Զինաթափման պատրվակով նրանք սպանություններ էին իրականացնում և մարդկանց ենթարկում հրեշավոր տանջանքների» (АВПР, Посольство в Константинополе, д. 3504, л, 99—101 по “Геноцид армян в Османской империи”, под.ред. М.Г.Нерсисяна, М.1982, стр.394-398):
Նույն տեղեկությունը հաստատում է ամերիկյան միսիոներ Վ.Ջեքսը. «Երբ ես մեկնում էի Կ.Պոլսից հայկական ջարդերն արդեն սկսվել էին: Հայերի տեղահանության դժոխային ծրագիրը իրականացվում էր համակարգված սարսափելի մեթոդներով: Նախ և առաջ, ամենուրեք` քաղաքներում ու գյուղերում, հայ բնակչությունը զինաթափվեց ժանդարմների կողմից. այն ուղեկցվում էր բանտերից ազատ արձակված հանցագործներից կազմված չեթեների /ոչ կանոնավոր ջոկատների-Ս.Մ./ կողմից իրականացվող սարսափազդու դաժանություններով և բազմաթիվ սպանություններով»:(«Армянский Вестник», М., 1916, № 3, с. 7—10)
Հայոց ցեղասպանության տարիներին հանցագործների օգտագործման մեկ այլ տարատեսակ է նրանց ներգրավումը «Հատուկ կազմակերպության» մեջ: Հավանաբար, Բալկանյան պատերազմների շրջանում ստեղծված այս կազմակերպությունն Առաջին աշխարհամարտի տարիներին հիմնականում իրականացնում էր հատուկ գործողություններ` հետախուզություն, հակահետախուզություն, սաբոտաժի կանխում և դիվերսիաներ Կովկասում, Արաբական թերակղզում և Եգիպտոսում: Արևելյան վիլայեթների բաժանմունքի կենտրոնը գտնվում էր Էրզրումում: Այն ղեկավարում է Իթթիհադի կենտկոմի անդամ Բեհաեդդին Շաքիրը:
Դեռ մինչև Առաջին աշխարհամարտի սկիզբը «Հատուկ կազմակերպությունը» սկսեց հավաքագրել քրեական հանցագործներին: Նրանցից ստեղծում էին հատուկ ջոկատներ, որոնց առաջ դրվում էր անպաշտպան բնակչությանը ոչնչացնելու խնդիր: Թուրք հեղինակ Սուատ Փարլարը գրում է. «Նույնիսկ մինչև տեղահանության մասին» օրենքի հրապարակումը «Թեշքիլաթ ի-Մահսուսան» ջոկատներ է կազմում Բալկաններից ու Կովկասից մուսուլման-ներգաղթյալ կամավորներերից և ծանր հանցագործությունների համար դատապարտվածներից: Պատերազմի առաջին ամիսներին այս ստորաբաժանումների կողմից իրականացվող հարձակումները գյուղերի վրա, կողոպուտն ու սպանությունները պատճառ դարձան Ստամբուլ ուղարկված որոշ բողոքների համար» (Suat Parlar “Osmanli’dan Günümüze Gizli Devlet, Istanbul, 1997, s.75 ըստ Арсен Авакян, Геноцид 1915 г. и механизмы принятие и исполнения решений, Ереван, 1999, стр.83): 1914թ. նոյեմբերի 25-ին «Հատուկ կազմակերպության» ղեկավարությունը Ռազմական նախարարությունից ստանում է մի փաստաթուղթ, որը տեղեկացնում էր, որ հետայսու արևելյան վիլայեթներում վալիներն իրավունք ունեն մասնակցելու «Հատուկ Կազմակերպության» աշխատանքներին, քանի որ ընդունվում է հատուկ օրենք, որը թույլտվություն է տալիս հանցագործների մասնակցությանը (Takvimi Vekayi, No.3543, p.28 ըստ Ваакн Дадрян, История армянского геноцида, Ереван, 2007, стр.305):
Ռազմական նախարար Էնվերի քեռի Հալիլ փաշան` Կ.Պոլսի ռազմական նահանգապետը, դեռ 1914 թ. նոյեմբերի 26-ից սկսել էր Հատուկ կազմակերպության միավորներ ձևավորել` ներառելով բանտից ազատված հանցագործներին: Նոյեմբերի 29-ին նա հրահանգեց Իզմիթի նահանգապետին Հատուկ կազմակերպության համար բանտերից ազատ արձակել քրեական հանցագործներին:
Այն տեղի էր ունենում ներքին գործերի և արդարադատության նախարարությունների Հատուկ հանձնարարականով (F.Atay, Zeytindagi, Istanbul, 1981, pp.35-36 ըստ Ваакн Дадрян, История армянского геноцида, Ереван, 2007, стр.304): Երբ 1916թ. քննարկման դրվեց բանտարկյալներին «Հատուկ կազմակերպության» մեջ ներգրավելու օրինագիծ ընդունելու հարցը, արդեն ավարտել էր իր վրա դրված հայասպանության գործառույթը: Սակայն կարիք կար հետին թվով օրինականացնել այդ քայլը: Քննարկման ժամանակ Սենատի անդամ Ահմեդ Ռիզան քննադատեց այդ օրինագծի հիմնական դրույթները` հայտարարելով, որ «մարդասպանները և հանցագործները չեն կարող լինել բանակի կազմում: Սակայն Պատերազմական նախարարության մատակարարման բաժանմունքի աշխատակից գնդապետ Բեխիչը հպարտությամբ հայտարարեց, որ նախկին դատապարյալները զինվորագրվել են ոչ թե բանակ, այլ «Հատուկ կազմակերպություն»; մի կազմակերպություն, ուր ապացուցեցին, որ կարող են օգտակար լինել: Եվ այդ պատճառով, նա պնդում էր, որ հանցագործները ոչ մի կերպ չէին կարող վնասակար ազդեցություն գործել բանակի, զինվորների վրա: Այնուամենայնիվ, օրինագիծը ճանաչվեց օրինական և հետագայում ընդունվեց որպես հատուկ օրենք (Стенограммы слушаний в сенате, Третий созыв, Третья сессия, 15 заседание, 12 декабря 1916 г. сс.186-88 ըստ Ваакн Дадрян, История армянского геноцида, Ереван, 2007, стр.304):
Վ.Դադրյանը իր «Հայոց ցեղասպանության պատմություն» գրքում բերում է 1918 թ. նոյեմբերի 21-ին արդարադատության նախարարին հղած «Սաբահ» թերթի բաց նամակը, որը հետաքրքրական մանրամասնություններ է պարունակում քրեական հանցագործների հավաքագրման գործընթացի վերաբերյալ. «Դուք չէիք, որ գալիս էիք ամեն առավոտ Թալեաթի տուն, որպեսզի հրեշավոր հրամաններ ստանաք այդ ավազակապետից: Դուք չէիք, որ Իթթիհադ կուսակցության շտաբի կողմից ընդունված որոշման արդյունքում Ստամբուլի կենտրոնական բանտից ազատ արձակեցիք ամենավայրագ մարդասպաններին, որպեսզի նրանք կացնահարեին անմեղ հայերին այն նույն քաղաքների ու գյուղերի մոտակայքում, որոնց բնակիչներն էին հանդիսանում: Դուք չէիք, որ հրաման տվեցիք բանտերից նույնանման ազատման մասին գավառներում: Արդյոք Ձեր հիմնական նպատակը չէր ընտրել ամենաարյունարբու մարդասպաններին և օգտագործել նրանց ավազակային խմբերում, ինչի իրականացման համար դուք նշանակեցիք Վերաքննիչ /ապելյացիոն/ դատարանի գլխավոր դատախազին, քանի որ ռազմական նախարարը ներկայացված էր բարձրաստիճան սպայի տեսքով: Ավելին, այդ դուք չէիք, որ բժիշկ նշանակեցիք, ով պետք է հետազոտեր ընտրված դատապարտվածներին, որպեսզի որոշեր` արդյոք նրանք ընդունակ են դաժանության մոլուցքում ապահովել ձեր պահանջվող վայրագ սպանությունների մասշտաբը: Արդյոք ձեր աշխատասենյակի ճիշտ ներքևում գտնվող Վերաքննիչ դատարանի այդ նույն գլխավոր դատախազի սենյակում չէր, որ տեղի էր ունենում հանցավոր ավազակախմբերի ձևավորումը: Արդյոք չէր շարունակվում այս կազմակերպչական աշխատանքը մի քանի շաբաթ, որոնց ընթացքում կարելի էր տեսնել, թե ինչպես էին բանտարկվածներին բերում գլխավոր դատախազի, Քրեական դատարանի պալատի և հենց դատարանի դահլիճի մոտ գտնվող միջանցքներ» (Sabah (Istanbul), 21 նոյեմբեր, 1918 ըստ Ваакн Дадрян, История армянского геноцида, Ереван, 2007, стр.305):
Հավաքագրվելով` մահվան այս ջոկատները դառնում էին Հատուկ կազմակերպության անդամ, դրվում նրա հրամանատարության ներքո, մեկ շաբաթյա զորավարժություն էին անցնում Ռազմական քոլեջում (Vahakn N. Dadrian, "Genocide as a Problem of National and International Law: The World War I Case and Its Contemporary Legal Ramifications," Yale Journal of Law, 14 (1989): p.274-275) և ուղարկվում Արևմտյան Հայաստան: Նկարագրելով Հատուկ կազմակերպության իրականացրած կոտորածները` Հալեպի գերմանական հյուպատոս Ռյոսսլերը 1915թ հուլիսի 27-ին Բեռլին ուղարկած զեկուցագրում հայտնում է, թե ինչպես է «[թուրքական կառավարությունը] բանտերից բաց թողել կալանավորներին և զինվորական համազգեստ հագցնելով` ուղարկել այն վայրերը, որտեղով պետք է անցնեին աքսորյալները» (PA-AA/R14087 ըստ Վոլֆգանգ Գուստ, Հայերի Ցեղասպանությունը, 1915-1916, Երեւան, 2005, էջ.122): Այս դարանակալած հարձակումները, երբ ուժասպառ տեղահանվածները ենթարկվում են ավազակախմբերի հարձակման նկարագրված են մի շարք հետազոտություններում: Ջեյմս Ռիդը անդրադառնում է այս խնդրին` խոսելով «պարզ տեղական հարձակումների միջոցով իրականացված տոտալ պատերազմի թուրքական ավանդույթ»-ի մասին` իբրև Հայոց ցեղասպանությունը հասկանալու միջոց (Մանրամասն տես` James Reid, The Concept of War and Genocidal Impulses in the Ottoman Empire, 1821-1918, Holocaust and Genocide Studies, 4 (1989), 177-182):
Հատկանշական է, որ նույնիսկ թուրքական տրիբունալի վճիռներում հղում կա հանցագործների ներգրավվածության մասին. «Դոկտոր Բեհաեդդին Շաքիրը ուղևորվեց Տրապիզոն, Էրզրում և մյուս վիլայեթներ Հատուկ կազմակերպության ղեկավարի պաշտոնում, որը բաղկացած էր չեթեներից և բանտերից ազատ արձակված հանցագործներից: Իր վրա վերցնելով այդ ջոկատների հրամանատարությունը` նա դարձավ զանգվածային սպանությունների և կողոպուտի ողբերգական գործողությունների հեղինակ»: Մեղադրական եզրակացությունում ասվում է «…հանցագործներին բանտերից ազատ արձակելով` ստեղծվեց «Թեշքիլաթ-ը մահսուսեն»-ն, որն իր գաղտնի հրամաններն ու հրահանգները ստանում էր Ստամբուլում ստեղծված հատուկ կոմիտեից…» (Հայոց ցեղասպանությունը, ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի, Երեւան, 1988, էջ. 39):
Երիտթուրքերի տապալումից հետո Թուրքիայում առաջացած ժողովրդական ջոկատները` «Քուվայե միլլիյե», որոնք հռչակել էին պայքար երկրի անկախության համար, հիմնականում հենց Հատուկ կազմակերպության նախկին անդամներից էին կազմված: Նույնիսկ թուրքական որոշ աղբյուրներ նշում են, որ նրանք հավաքագրվում էին լեռներում ապաստան գտած ավազակախմբերից, դասալիքներից և բանտերից ազատ արձակված ու թալանին սովոր հանցագործներից (Sabahattin Selek, Anadolu Ihtilali, Istanbul 1987., s.121, ըստ Танер Акчам «Турецкое национальное «Я» и Армянский Вопрос»): Հետագայում այս ջոկատները ներառվեցին Թուրքական Հանրապետության բանակ:
Այսպիսով, Հայոց ցեղասպանության ամբողջ ընթացքում օգտագործվում էին բանտերից ազատ արձակված քրեական հանցագործները, ինչը լուծում էր հետևյալ խնդիրներ:
ա/ Քրեական հանցագործները սպանության կատարյալ գործիք էին: Իրենց բնույթով պատրաստ լինելով զանգվածային սպանություններ իրականացնելուն, նրանք ընդունակ էին ամեն ինչի, միայն թե բանտից ազատ արձակվեին: Բացի ազատությունից նրանք նաև որոշակի նյութական շահույթ էին ստանում: Կողոպուտի հնարավորություններին գումարվում էր որոշ տեղերում հայերից բռնագրավված հարստության կեսը ստանալու պաշտոնական որոշումը (Michael Mann, The Dark Side of Democracy, Explaining Ethnic Cleansing, Cambridge University Press, November 1, 2004, p. 166): Սակայն բացի նյութական հետաքրքրությունից այս մարդասպանները հաճույք էին ստանում բռնություններից: Սրա մասին իրենց հուշերում են նշում բազմաթիվ վերապրողներ (Michael Mann, The Dark Side of Democracy, Explaining Ethnic Cleansing, Cambridge University Press, November 1, 2004, p. 167):
բ/ Շատ դեպքերում նրանց մասնակցությունը այն ձգանն էր, որ խթանում էր հանրության հասարակ անդամների ներգրավվումը ցեղասպանական գործողություններին, քանի որ հաղթահարվում էր առաջին սպանության բարդույթը, որից հետո ամբոխը ավելի հեշտությամբ էր մտնում այդ գործընթացի մեջ և ակտիվորեն իրականացնում կոտորածը:
գ/ Հանցագործների ներգրավվածությունը մեծապես ընդգծում էր անպատժելիության այն մթնոլորտը, որը ձևավորվում էր այդ տարիներին և որը հեշտացրեց հասարակ մուսուլմանների զանգվածային մասնակցությունները սպանություններին:
դ/ Հանցագործների ոչ կանոնավոր խմբերի օգտագործումը թույլ է տալու հետագայում հերքել պետության մասնակցությունը զանգվածային սպանություններին և ժխտել դրա կազմակերպված լինելու փաստը:
_________________________________________________________________
1- Պետք է նշել, որ հանցագործների օգտագործումն ընդունված պրակտիկա էր Օսմանյան կայսրության պատմության համար: Այն որոշ չափով իրականացվել է նաեւ աբդուլհամիդյան ջարդերի շրջանում: Օրինակ, 1895 թ. նոյեմբերի 4-9 տեղի ունեցած Մալաթիայի հայերի կոտորածին մեծապես մասնակցեցին նախօրոք բանտերից ազատ արձակված հանցագործները:
© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ