Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության հայ ավետարանական համայնքը նույնպես տեղահանվում ու զգալի կորուստներ է կրում: Այդուհանդերձ, ավետարանական համայնքի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն են ունենում ինչպես դիմադրական պայքարում, այնպես էլ հայերի փրկության գործում: Վերապատվելի
Տիգրան Անդրեասյանը Մուսա լեռան ինքնապաշտպանության ղեկավարներից էր, ով թուրքական զորքին դիմադրելուց բացի փորձում է կազմակերպել հայ կանանց ու երեխաների անվտանգ տեղափոխումը: Հալեպի Էմմանուել հայ ավետարանական եկեղեցու հովիվ վերապատվելի
Հովհաննես Էսքիջյանը քաղաքի օգնության գործի կազմակերպման առանցքային դեմքերից էր: Օգնության և նպաստների բաշխման գործում նա համագործակցում է
Հարություն քահանա Եսայանի հետ: Վերապատվելի Էսքիջյանի օգնական
Հակոբ Հալեպյանը` որպես պահակ, արաբական տարազով շրջում է Բաղդադի երկաթուղային ընկերությունում, վերահսկում Եփրատի երկաթուղային կամուրջը` Ջարաբլուսի տարածքում: Նա Հալեպից անարգել տեղից տեղ է անցում, նամակներ ու գումար փոխանցում հայ գաղթականներին: Վերապատվելի Էսքիջյանն իր օգնական
Ջոն Մինասյանի օգնությամբ տեղահանությունների, կոտորածների վերաբերյալ տեղեկություններ է հավաքում, օգնում գաղթականներին: Էսքիջյանը գաղտնի հանդիպում կամ նամակներ է փոխանցում ԱՄՆ հյուպատոս Ջեսի Ջեքսոնին, ֆինանսական միջոցներ ստանում, որը նախօրոք ստեղծված ցանցային գաղտնի ճանապարհով բաշխվում էր ըստ անհրաժեշտության: Վերապատվելի Էսքիջյանի ջանքերով Հալեպում որբանոց-ապաստարան է հիմնվում, տարբեր վայրերում կացարաններ են տրամադրվում անօթևաններին: Էսքիջյանի վաղաժամ մահվանից հետո գործը շարունակում է նրա կինը`
Գուլենիան:
Վերապատվելի
Ահարոն Շիրաճյանի և բժիշկ
Ասատուր Ալթունյանի աջակցությամբ գործող Հալեպի հայկական որբանոցը 1915-1924 թթ. ապաստան է տրամադրում մոտ 8.000 որբի: 1922 թվականից որբանոցը ղեկավարում է Այնթապի ինքնապաշտպանության առաջնորդներից
Ատուր Լևոնյանը: Բժիշկ
Ֆիլիպ Հովնանյանը 1915-1918 թթ. Ինթիլլիի գերմանական հիվանդանոցում օգնություն է ցուցաբերում հայերին, ինչպես նաև դեղորայքով օգնում հայ զինյալ խմբերին, խնամում վիրավորներին: Մարաշի եկեղեցու հովիվ վերապատվելի
Աբրահամ Հարությունյանը օտարերկրյա հաստատություններից օգնություն է հայթայթում ու գաղթականներին տրամադրում: Վերջինս 1920-1921 թթ.
Խաչատուր վարդապետ Ղազարյանի, գերապայծառ
Ավետիս Արփիարյանի հետ շարունակում է զբաղվել հայ գաղթականների հարցերով: Ցեղասպանության տարիներին հարանվանական երեք եկեղեցիները ներկայացուցիչներ են ունեցել տարբեր բարեգործական կազմակերպություններում, հայրենակցական միություններում` մասնակցելով հայության բեկորների փրկության, ապաստարանի տրամադրման հայրենանվեր գործին:
Նարինե Մարգարյան
ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ.
Վերապատվելի Տիգրան Անդրեասյան (1888-1962)
Վեր. Տ. Անդրեասեան, Զեյթունի տարագրութիւնը եւ Սուէտիոյ ապստամբութիւնը, Հալէպ, 1935
Վերապատվելի Հովհաննես Էսքիջյան (1882-1916)
Վերապատվելի Հովհաննես Էսքիջյանն ընտանիքի հետ, Էքիզ-Օլուք, 1913 թ.
Հակոբ Հալեպյան` վերապատվելի Հովհաննես Էսքիջյանի օգնականը
Հալեպի որբանոցի սաները վերապատվելի Ահարոն Շիրաճյանի հետ
ՀՑԹԻ հավաքածու
Ասատուր Ալթունյան (1857-1950), բժիշկ, Հալեպի հայկական որբանոցի հիմնադիրներից, իր հիվանդանոցում հազարավոր հայ գաղթականների տրամադրել է բժշկական օգնություն
Ջեբեջյան Ռ., Հալեբի մեծանուն բժշկապետ Ա. Ա. Ալթունյան եւ իր գործը, Հալեբ, 1969
Նորա Ալթունյան. Ասատուր Ալթունյանի դուստրը. կազմակերպել է դրամահավաք օտարերկրյա դիվանագիտական շրջանակներում ի նպաստ Հալեպի հայակական որբանոցի
Երէցեան Տ., Որբերու բոյնը 1915-1921, Հալեպ, 1934
Վերապատվելի Էֆլաթոն Էլմաջյան, վեր. Էսքիջյանի աջակիցը