Խախտելով Բրեստ-Լիտովսկի պայմանագրով հաստատված սահմանները՝ թուրքական զորքերը 1918 թ. գարնանը արշավեցին Անդրկովկաս: Նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության գիտությամբ և թույտվությամբ մայիսի վերջին Բաքվի ճակատում գտնվող թուրքական ուժերի ընդհանուր թիվը գերազանցեց 20.000-ը, որին միացան նաև 2.000-ի հասնող քրդական ջոկատները: Հուլիսի 31-ին «Կովկասի մուսուլմանական բանակը» Նուրի փաշայի գլխավորությամբ անցավ լայնածավալ հարձակման և սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը գրավեցին Բաքուն: Չնայած դանիական և պարսկական հյուպատոսներին տրված՝ հայերի անվտանգության հավաստիացումներին՝ թուրք սպաների և մուսավաթական կառավարության ներքին գործոց նախարար Խան-Ջիվանշիրի հրամանատարությամբ և թուրքական կանոնավոր բանակի ու շրջակա գյուղերի թաթարների մասնակցությամբ երեք օր շարունակ` սեպտեմբերի 15-17-ը Բաքվում կոտորեցին հազարավոր հայերի` կողոպտելով նրանց ունեցվածքը:
Բաքվի կոտորածի առաջին զոհը դարձավ տեղի մտավորականությունը, որոնց թվում բժիշկներ, ինժեներներ, փաստաբաններ, մանկավարժներ, գրողներ, լրագրողներ և այլոք: Երեք օր տևած սարսափելի սպանդից, ավերից ու թալանից չկարողացավ խուսափել գրեթե ոչ մի հայ ընտանիք: Նրանց մի մասը կոտորվեց անմիջապես իրենց բնակարաններում, իսկ մյուսը` փողոցներում և ապաստարաններում: Ամբողջովին ավերվեց հատկապես հայկական թաղամասը: Չխնայեցին նույնիսկ երեխաներին և հիվանդներին. Բալախանու հիվանդանոցում սպանվեց 360 հիվանդ, իսկ Կոմենդանտսկի փողոցի վրա գտնվող մանկատան 63 երեխաներին փողոց նետեցին չորրորդ հարկից: Կոտորածները շարունակվեցին Բաքվից ոչ հեռու գտնվող «Նոբել եղբ.» ընկերությանը պատկանող ակցիոներական ընկերության ամառանոցում, ուր սպանվեց այնտեղ ապաստանած 200-ից ավելի հայ: Զանգվածային կոտորածների հետքերը թաքցնելու նպատակով զանազան թաղամասերից հավաքված հայերի դիակների մեծ մասը թափեցին ծովը, կամ հրկիզեցին: Կոտորածի չորրորդ օրը Խան-Ջիվանշիրի հրամանով Մուղանի անապատ տաժանակիր աշխատանքի քշվեց 9.000 հայ երիտասարդ, որոնցից միայն 400-ը կարողացան վերադառնալ:
Ըստ սպանդի ականատես Բախշի Իշխանյանի նախագահությամբ Բաքվի հայոց ազգային խորհրդին կից ստեղծված «Անկետային հանձնաժողով»-ի կազմած վիճակագրական տվյալների՝ մինչև Բաքվի անկումը հայ բնակչությունը կազմել է 88.673 մարդ: Թուրք-թաթարական ուժերի իրականացրած ցեղասպանության հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմել է 29.063 մարդ:
1918 թ. Բաքվի ջարդերը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ծրագրված և իրականացված ցեղասպանության շարունակությունն էին: Կոտորածի և բռնությունների սարսափելի դրվագներն արձանագրվել են ականատես բազմաթիվ զինվորականների, լրագրողների, դիվանագետների և վերապրողների կողմից:
Հետգրություն՝ 1921թ. հուլիսի 15-ին Կոստանդնուպոլսում երիտասարդ հայորդի Միսակ Թոռլաքյանի արձակած գնդակից սպանվում է Բեհբուդ Խան Ջիվանշիրը՝ Ադրբեջանի Հանրապետության նախկին ներքին գործերի նախարարը, ով Ադրբեջանի տարբեր շրջաններում հազարավոր հայերի սպանության գլխավոր պատասխանատուն էր: Նրա դատավարությունն տեղի է ունենում Կոստանդնուպոլսի բրիտանական ռազմական տրիբունալում 1921 թ. աշնանը: Դատարանի վճռով Թոռլաքյանն ազատ է արձակվում: