Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը բազմաթիվ այլ հակահայկական արտահայտությունների եւ Հայաստանի հանրապետության նկատմամբ տարածքային հավակնությունների հետ մեկտեղ հնչեցրեց այն հայտարարությունը, որ այս օրը Էնվեր փաշայի, ինչպես նաեւ Նուրի փաշայի եւ Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն է:
Իսմայիլ Էնվերը 1914-1918 թթ. եղել է Օսմանյան կայսրության Ռազմական նախարարը: Նա Միություն եւ առաջադիմություն կուսակցության ղեկավարներից էր եւ 1913 թ. հունվարի 23-ին իրականացված հեղաշրջումից հետո Մեհմեդ Թալեաթի եւ Ահմեդ Ջեմալի հետ իր ձեռքում կենտրոնացրեց Օսմանյան կայսրության ամբողջ իշխանությունը: Հենց Էնվերի որոշումն էր Թուրքիան ներգրավվել Առաջին աշխարհամարտի մեջ Գերմանիայի գլխավորած դաշինքի կազմում:
Էնվերը պանթուրքիստ էր եւ նրա հայացքները մեծապես ազդում էին Թուրքիայի դեպի Կովկաս, Իրան եւ Կենտրոնական Ասիա շարժվելու գաղափարի ձեւավորման վրա: Նա էր գլխավորում Թուրքական երրորդ բանակը, որը պետք է ճեղքեր Ռուսաստանի սահմանը եւ մխրճվեր Կովկաս՝ բերելով այնտեղ Թուրանի, միասնական թուրքական պետության ստեղծման տեսլականը: Սակայն նրա իսկ ռազմական սխալների պատճառով բանակը 1915 թ. հունվարին կործանարար պարտություն է կրում Սարիղամիշի տակ եւ մոտ 80,000 թուրք զինվոր կորցնում: Իր հեղինակության կորուստը Էնվերը փորձում է վերականգնել մեղադրելով հայերին այս պարտության համար, թեեւ ինքը հրաշքով էր փրկվել այս ճակատամարտում շնորհիվ սեբաստացի մի հայ սպաի, ով նրան ազատել էր անխուսափելի գերությունից:
Այս մեղադրանքները հիմք դարձան հայ զինվորականության ոչնչացման համար, երբ Կայսրության բանակում ծառայության մեջ գտնվող հայ զինվորները նախ տեղափոխվեցին աշխատանքային գումարտակներ, իսկ հետո ուղղակի ոչնչացվեցին: Օսմանյան բանակում, հայ երիտասարդների բնաջնջումը համարվում է Հայոց ցեղասպանության առաջին փուլը:
Էնվերի անունը կապվում է նաեւ Հայոց ցեղասպանության համար գլխավոր պատասխանատու կազմակերպություններից մեկի՝ Հատուկ կազմակերպության (Teshkilâti Mahsusa) հետ: Նա էր այն կիսառազմականացված կառույցի ստեղծողներից մեկը: Հատուկ կազմակերպությունը նախատեսված էր սեւագործ աշխատանք կատարելու համար, իսկ Հայոց ցեղասպանության ժամանակ ստանձնեց հայերի տեղահանության եւ սպանությունների գործը:
Առաջին աշխարհամարտի վերջին ամիսներին Էնվերը ստեղծում է Իսլամի բանակ միավորումը, հրահանգելով այն համալրել Պաղեստինում կռվող Օսմանյան զորամիավորումերով: Սա ցույց է տալիս, որ նույնիսկ կայսրության համար այս օրհասական պահին, նա չէր հրաժարվել իր պանթուրքական ծրագրերից, քանի որ Իսլամի բանակը պետք է վճռորոշ դեր խաղար դեպի Բաքու արշավանքի եւ Ադրբեջան անունով պետություն ստեղծելու համար: Այդ առումով հատկանշական է Բաքվի գրավումից հետո Էնվերի 1918 թ. սեպտեմբերի 15-ին իր հորեղբայր Հալիլին գրված հետեւյալ հեռագիրը. «Ամենայն ուրախությամբ ստացա լուրն այն մասին, որ գրավվել է Բաքու քաղաքը, որը տարածվում է Կասպից ծովի ափին և այժմ Թուրանյան կայսրությանն է պատկանելու: Ձեր այս մեծ ծառայությունը չի մոռացվի թուրքական և իսլամական պատմության մեջ…»: Այդ բանակի հրամանատարն էր Էրդողանի հայտարարության մեջ հիշատակվող նրա եղբայրը՝ Նուրին, ով վերցնելով Բաքուն, սեպտեմբերի 15-17-ին 1918 թ. կազմակերպեց Բաքվի հայերի կոտորածը, որին զոհ գնացին մոտ 30 հազար հայ:
Էնվերը ցեղասպանագետների մեծամասնության կողմից միանշանակ ընդունվում է իբրեւ Հայոց ցեղասպանության գլխավոր ոճրագործ, որն առանցքային դերակատարություն է ունեցել այդ հանցագործությունը պլանավորելու եւ ղեկավարելու մեջ:
Ավելին, Էնվերի գործողություններին տրվել է նաեւ իրավական գնահատական: Այսպես, 1918 թ. նոյեմբերին ստեղծված Օսմանյան խորհրդարանական հանձնաժողովը սկսեց զանգվածային սպանությունների հետաքննությունը, որի հիման վրա հիմնվեցին Ռազմական դատարաններ եւ մեղադրանք առաջադրվեց նաեւ Էնվերին: Դատարանը, որ քննում էր նրա գործը, ի վերջո Էնվերին ճանաչեց մեղավոր Օսմանյան քրեական օրենսգրքի 45 (մաս I), 55 եւ 170 հոդվածներով եւ մահապատժի դատապարտեց:
Բացի այդ Էնվերի անունը ներկայացվել էր նաև Առաջին համաշխարհային պատերազմից հետո Փարիզի վեհաժողովի կողմից ստեղծված Պատերազմի հեղինակներին պատասխանատվության և պատիժների սահմանման հանձնաժողով, որպես հայկական կոտորածների գլխավոր պատասխանատու:
Ցեղասպանության ոճրագործների փառաբանումը ժխտողականության ամենածանր դրսեւորումներից մեկն է: Սակայն, եթե օրինակ Հոլոքոստի ճարտարապետների եւ ոճրագործների փառաբանումը մարգինալ, ծայրահեղական, ֆաշիստական խմբերի կողմից է իրականացվում, Հայոց ցեղասպանության հեղինակների հիշատակը Թուրքիայում պատիվների է արժանանում պետական մակարդակով: Թալեաթի, Էնվերի անուններով դպրոցներ եւ փողոցներ են անվանակոչվում, նրանց դամբարանները պետական պահպանության տակ են:
Էնվերի հիշատակումը ռազմական շքերթի ժամանակ վկայում է այն մասին, որ Թուրքիան ոչ միայն չի զղջում իր կողմից իրականացրած ցեղասպանության համար, այլ գովաբանում է այն, ինչը լուրջ գոյաբանական վտանգ է Հայաստանի համար: Բացի այդ Էնվերի անվան շեշտումը հենց Բաքվում վերհաստատում է ժամանակակից Թուրքիայի հավատարմությունը Պանթուրքական գաղափարախոսությանը, մի գաղափարախոսության, որը մեկ դար առաջ դարձավ մեկ ու կես միլիոն հայի բնաջնջման հիմքերից մեկը:
Սուրեն Մանուկյան, պ.գ.թ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի
Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ