12.04.2019
Այսօր ժամը 16:00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունենավ արխիվային փաստաթղթերի հանձնման արարողություն:
Ամերիկաբնակ հայորդի Հարություն Աղա-Սարգսյանը և քույրը՝ Վարդուհին, ՀՑԹԻ ֆոնդերին հանձնեցին ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արխիվային փաստաթղթեր:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց նվիրատվության համար.
«ԱՄՆ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթերի լիարժեք հավաքածու ունենալու դեպքում կկազմակերպենք ժամանակավոր ցուցադրություն: Սա կարևոր է բոլորիս համար, այն նաև ամերիկահայության պատմության մի մասն է»:
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ. դ. Արտակ Մովսիսյանը, որի ջանքերի շնորհիվ էին այս փաստաթղթերը հասել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, նշեց.
«Թող այս ընտանիքի օրինակը վարակիչ լինի, նմանօրինակ փաստաթղթերի տեղը մայր հայրենիքն է: Շատ կարևոր է տեղացի հետազոտողներին ձեռքի տակ ունենալ ուսումնասիրության նյութ»:
Իրենց ընտանիքի անցած ճանապարն ու Ջորջիա նահանգում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ներկայացրեցին քույր ու եղբայր Աղա-Սարգսյանները: Նրանք խոստացան, որ հետևողական կլինեն, որպեսզի մյուս նահանգներից էլ ՀՑԹԻ ուղարկվեն ճանաչման հետ առնչվող արխիվային փաստաթղթեր: