20.12.2019
Դեկտեմբերի 18-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հերթական մեթոդաբանական սեմինարը:
Դասախոսեց ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, Հովհաննես Թումանյանի մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ տիկին Սուսաննա Հովհաննիսյանը:
Սուսաննա Հովհաննիսյանը հանդես եկավ «Էջեր Թումանյանի որբախնամ գործունեությունից» դասախոսությամբ:
Միջոցառմանը ներկայացվեցին նաև Սուսաննա Հովհաննիսյանի միայն 2018-2019 թթ. լույս տեսած ութ մենագրությունները երեք լեզվով՝ նվիրված մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Գրքերում ներկայացված են գրողի կյանքի, նրա ստեղծագործական ուղու, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրա հասարակական, մարդասիրական գործունեությանը վերաբերող մանրամասներ:
Սուսաննա Հովհաննիսյանը Գրականության և գեղարվեստի միջազգային ակադեմիայի անդամ է (2015-ից), Գրականության և արվեստի միջազգային ակադեմիայի անդամ, Ն.Գոգոլի անվան միջազգային մրցանակի դափնեկիր։
Գիտահետազոտական աշխատանքները նվիրված են հայ մշակույթի և գրականության պատմությանը։ Ս.Հովհաննիսյանը Հովհ.Թումանյանի մասին ՀՀ և նրա սահմաններից դուրս աշխարհի մոտ չորս տասնյակ անուն պարբերականներում և նույնքան կոլեկտիվ գիտահետազոտական աշխատանքների ժողովածուներում ավելի քան 200 տպագիր հոդվածների, ուսումնասիրությունների և հրապարակումների հեղինակ է։ Հայտնաբերել և գիտական շրջանառության մեջ է դրել Թումանյանի մի շարք ստորագրված և անստորագիր հոդվածներ։
Հեղինակ է գրողի կյանքի 7 տարվա տարեգրության, բանաստեղծի գիտական առաջին կենսագրության։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019 թ. փետրվարից մեկնարկել է հանրային դասախոսությունների՝ մեթոդաբանական սեմինարների շարք:
Նմանօրինակ միջոցառումների մասին տեղեկություններ կարող եք ստանալ ՀՑԹԻ հիմնադրամի հետևյալ էջերում՝
http://genocide-museum.am/arm/eventsAGMI.php
https://www.facebook.com/armeniangenocidemuseum/
#MethodologicalSeminarsatAGMI
#AGMIEvents
#AGMIPublicLectures
#AGMIEducationProgram
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին