27.04.2016
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են և հատուկ մշակման ենթարկվում: Ծաղիկների ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ չորացված ծաղկաթերթերն օգտագործվում են վերամշակված ձեռակերտ թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում հողի պարարտացման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:
Հատուկ տեխնոլոգիայով չոր ծաղկաթերթերի ամեն մեկ կիլոգրամից արտադրվում է 40 թերթ թուղթ, որը հենց ծաղկաթուղթ է կոչվում:
Այս միջոցառումը պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու խորհուրդն ու առաքելությունն ունի: Ծաղկահավաքին ավանդաբար մասնակցում են բազմաթիվ կամավորներ՝ հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչներ, դպրոցականներ և ուսանողներ: