19.05.2016
Մայիսի 19-ին ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի պոնտոսցի հույները ոգեկոչում են իրենց ցեղասպանության զոհերին հիշատակը: Այս օրը նրանց համար ունի մոտավորապես նույն նշանակությունը, ինչ որ հայերի համար` Ապրիլի 24-ը: Մայիսի 19-ը «Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օր» է սահմանվել Հունաստանի խորհրդարանի` 1994 թ. փետրվարի 24-ի որոշմամբ և պայմանավորված էր այն հանգամանքով, որ 1919 թվականի հենց այդ օրը` մայիսի 19-ին գեներալ Մուստաֆա Քեմալն ուղարկվեց Պոնտոս, որից հետո այնտեղ ակտիվացավ հակահունական արշավը, և պոնտոսցիների համար իսկական աղետ սկսվեց:
Պոնտոսի (որի մեծ մասը Տրապիզոնի նախկին օսմանյան վիլայեթն էր) հույների ցեղասպանությունը իրագործվել է 1916-1923 թթ. նախ երիտթուրքերի, ապա քեմալականների կողմից, իսկ զոհերի թիվը կազմել է շուրջ 350.000 մարդ: Դա այն ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր, որ արդեն գործադրվել և շարունակվում էր իրականացվել հայ ժողովրդի նկատմամբ: Պոնտոսցիների նկատմամբ ևս կիրառվել են ունեցվածքի թալան, երիտասարդության զորակոչ և ոչնչացում, խաղաղ բնակչության տեղահանություն և կոտորած, բռնի իսլամացում, մշակութային և կրոնական հաստատությունների ոչնչացում; Մյուս կողմից պոնտոսցիների ողբերգությունը օսմանահպատակ բոլոր հույների նկատմամբ 1914-1923 թթ. իրագործված ցեղասպանության մի մասն է, քանի որ, բացի Պոնտոսից, տեղահանությունների և կոտորածների զոհ դարձան նաև Փոքր Ասիայի այլ շրջանների, ինչպես նաև՝ Արևելյան Թրակիայի հույները:
Պոնտոսի հույները տարիներ շարունակ պայքարում են ցեղասպանության միջազգային ճանաչման և պատմական արդարության վերականգնման համար: Ցայսօր պետական մակարդակով այն ճանաչել են Հունաստանը (1994 թ. և 1998 թ.), Կիպրոսը (1994 թ.), Շվեդիան (2010 թ.) և Հայաստանը (2015 թ.): Այն ճանաչվել է նաև տարբեր պետությունների առանձին վարչական միավորների կողմից (օրինակ` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ինչպես նաև ԱՄՆ-ի մի շարք նահանգներ): Բացի այդ, Հույների ցեղասպանությունը ճանաչել է այնպիսի հեղինակավոր կառույց, ինչպիսին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն է (2007 թ.):
Հայերի հետ պատմական նույնանման ճակատագիրը թույլ է տալիս լավ հասկանալ բախտակից ժողովրդին: Ավելին` պատմության դասերը հայերին և հույներին ստիպել են միավորել իրենց ուժերը և համագործակցել պատմական արդարության վերականգնման համար պայքարում:
Գևորգ Վարդանյան, պ. գ. թ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի
ավագ գիտաշխատող