16.04.2016
«Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ցուցադրությունն ապրիլի 13-ին փոխանցվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին։
Ինքնապաշտպանական հերոսական դրվագները 2015թ. դեկտեմբերից ներկայացված էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Այժմ նպատակահարմար է համարվել այդ նյութերը մշտական ցուցադրության դնել ռազմական ինստիտուտում, որպեսզի կուրսանտները, ապագա զինվորականները նույնպես առնչվեն թեմայի հետ և հասկանան, որ Ցեղասպանությունը միայն կոտորած չէ, դա նաև ինքնապաշտպանություն և հերոսամարտ է։
Տասնվեց խորագրերից բաղկացած երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրությունը և համանուն կատալոգը կոչված են ընդգծելու Հայոց ցեղասպանության պատմության հերոսական դրվագները՝ բազմաթիվ տպավորիչ ինքնապաշտպանական մարտերը, ինչպես նաև` Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդն ազդարարած հաղթանակները։
«Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ցուցադրությունն իրականացրել է «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում: