2020 թ. լրանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-րդ տարելիցը, որի կապակցությամբ
դեկտեմբերի 23-ին, ժամը՝ 12:00-ին ՀՑԹԻ-ի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը», խորագրով ցուցադրության բացումը:
1995 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդում բացվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միակ թանգարանն ու միաժամանակ գիտահետազոտական հաստատությունն է:
Ցուցադրությունը երկլեզու է (հայերեն, անգլերեն) և ներառում է տասնհինգ ենթախորագիր: Ցուցադրության մեջ ներկայացվում է հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնադրման պատմությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ և հաջորդող տարիներին թանգարան-ինստիտուտի ծավալած գործունեությունը, տարբեր երկրներից Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապա՝ թանգարան այցելած պաշտոնական պատվիրակությունների և պատվավոր հյուրերի ավանդույթ դարձած այցերը:
Ժամանակավոր ցուցադրության առանձին ենթախորագրեր նվիրված են թանգարան-ինստիտուտի հրատարակություններին, թանգարանային ֆոնդերին ու գիտական գրադարանին, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններին, կազմակերպված գիտաժողովներին, հանրային դասախոսություններին:
Գործունեության ողջ ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կարևորում և շարունակում է ակտիվ համագործակցությունն օտարերկրյա գիտական մի շարք կառույցների հետ՝ նպաստելով իր առջև դրված նպատակների իրականացմանը:
Հավելենք, որ հիմնադրումից ի վեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արդյունավետ գործունեությանը նպաստել է նաև բարեգործական կազմակերպությունների և անհատ բարերարների անշահախնդիր աջակցությունը, որին ցուցադրության մեջ նույնպես անդրադարձ է կատարվում:
Իր գործունեության հաջորդ քառորդ դարի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ որպես 21-րդ դարի չափանիշներին համապատասխանող համահայկական և միջազգային կառույց, շարունակելու է իրականացնել մի շարք ծրագրեր և ձեռնարկելու է նոր նախագծեր, որոնք միտված են լինելու Հայոց ցեղասպանության հիմնարար ուսումնասիրությանը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը հայ և օտարերկրյա քաղաքացիների համար ճանաչելի դարձնելուն, Հայոց պահանջատիրության հետազոտությանը, XX-XXI դարերում Նախիջևանում, Ադրբեջանի հայաբնակ վայրերում և Արցախում հայերի դեմ իրագործված զանգվածային բռնություններն ու ցեղասպանական գործողությունների ուսումնասիրմանը և այլն:
Ցուցադրության համադրող՝ Սեդա Պարսամյան
Ցուցադրության գեղարվեստական ձևավորող՝ Քրիստինե Վարդանյան
Հանրայնացման և մամուլի պատասխանատուներ՝ Արևիկ Ավետիսյան, Մերի Գևորգյան