04.07.2018
Շուրջ 70 բնօրինակ լուսանկարներից բաղկացած այս եզակի հավաքածուն մինչ օրս ՀՑԹԻ հավաքածուն համալրածներից մեծաքանակն է:
«Իմ հավաքչական գործունեության վերջին տասը տարվա լավագույն ձեռքբերումն է սա, ֆանտաստիկ լուսանկարներ են՝ հայտնի և անհայտ, որոնց մեծադիր և որակյալ տպագիր տարբերակները կարող ենք ստանալ Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրության համար: Սրանք ես ձեռք եմ բերել ԱՄՆ-ում՝ իմ գործուղման ընթացքում. շուրջ երկու տարվա բանակցություններից հետո հավաքածուի տերը համաձայնվեց այն նվիրաբերել թանգարանին»,-նշում է պատմական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը:
Լուսանկարների բացառիկությունը կայանում է նրանում, որ դրանց մեծ մասը գունավոր են և պատկերում են ցեղասպանության հետևանքների մինչ օրս անհայտ տեսարաններ, հայ որբերի ու վերապրածների խմբանկարներ, գաղթական-վերապրողների տեղափոխման տեսարաններ և այլն: Լուսանկարներն արվել են Ամերիկյան Մերձավորարևելյան նպաստամատույց կոմիտեի աշխատակիցների կողմից՝ 1918-1920-ականների սկզբներին:
Խորին շնորհակալություն ենք հայտնում ամերիկահայ մեր հայրենակից Ստեփան Դուլգերյանին այս բացառիկ հավաքածուն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնելու համար: